Մատչելիության հղումներ

Հալեպի հայաբնակ թաղամասերում գիշերը թեժ մարտեր են ընթացել


Հալեպ, Սիրիա, փետրվար, 2016թ.
Հալեպ, Սիրիա, փետրվար, 2016թ.

Հալեպի հայաբնակ թաղամասերում այս գիշեր թեժ մարտեր են ընթացել սիրիական բանակի և զինյալների միջև։ Տեղի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ռմբակոծություններից ու հրթիռակոծություններից աչք չեն փակել, հայերի շրջանում նոր զոհեր և վիրավորներ չկան։

«Զորքը պաշարած է այդ շրջանները և կաշխատի Հալեպը ազատագրել այդ խմբավորումներեն։ Շատ մոտ են հայկական թաղամասերուն, ահավոր բախումներ տեղի կունենան։ Հրթիռներ կարձակվին, զինյալներուն արձակած գազի տակառները հոս տեղի բնակչությունը կտեսնի ուղղակի, այնքան որ մոտ են»,- ասաց Պողիկյանը։

Հալեպաբնակ լրագրողի փոխանցմամբ՝ տուժել է նաև Սիրիայի օգնության խաչի բժշկական կենտրոնը, որը պատերազմի անցած 5 տարիներին սնունդ ու հագուստ է բաժանում կարիքավորներին, վնասվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մերձակայքը, Հայ ծերանոցն և Ազգային ճեմարանը։ Տևական ժամանակ է՝ քաղաքը նաև զրկված է ջրից ու հոսանքից։

Պողիկյանի փոխանցմամբ, էլեկտրակայանը գտնվում է զինյալների հսկողության տակ, ինչի պատճառով հնարավոր չէ գործարկել նաև ջրամատակարարման կայանը։ Ստիպված են օգտվել ՄԱԿ-ի օգնությամբ փորված հորերից. ջուրը դույլերով տուն են հասցնում կրակոցների տակ։

Մեկ այլ հալեպահայ՝ 60-ամյա հայազգի Մայդա Բակկալյանն էլ «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ իրենց թաղամասում հայ այլևս չի մնացել, բոլորը հեռացել են կամ Հայաստան, կամ Եվրոպա. հիմնականում մնացել են մեզ պես տարեցները, ասում է նա։

«Ժողովրդին վերջը եկավ, օրական նահատակ, օրական երիտասարդ նահատակ։ Ժողովուրդը հուսահատ, իր վիճակը ընդունած, դժգոհ, ջղային, հիվանդ... Առաջ փողոցը կելնեի, մինչև իմ տունես մամայիս տունը երթալու ատեն 100 հոգի հայ կտեսնեինք։ Հիմա ես առանձին կզգամ փողոցը, բոլորը օտար են, մեկ հատ հայ չես տեսներ։ Շատերը գացին»,- ասաց Բակկալյանը։

«Ջուր չկա մեկուկես ամիս է, էլեկտրականությունը մոռցանք, տաքնալու նյութը մոռցանք, լոգանքը մոռցավ ժողովուրդը»,- հավելեց նա։

Բակկալյանն ասում է, որ այժմ Հալեպում են մնացել նրանք, ովքեր հնարավորություն չունեն դուրս գալու երկրից, միևնույն ժամանակ՝ դուրս գալուց հետո էլ չգիտեն, թե ինչ է սպասում իրենց օտարության մեջ։ Նա օրինակ է բերում Հայաստան տեղափոխված սիրիահայերին, որոնք մեծ դժվարությամբ են կարողանում օրվա հացը վաստակել։

Սիրիական պատերազմից 3 տարի առաջ Հայաստան տեղափոխված Պետրոս Քիրազյանն ասում է՝ չնայած դժվարություններին, Հայաստանում գոնե անվտանգ է։ Եղբոր ընտանիքը Հայաստան բերելու համար գումար է ուղարկել Հալեպ, սակայն ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս։

Մեր այցելության պահին Պետրոսը հեռաձայնեց Հալեպ, եղբոր աղջկա հետ կարճ խոսակցության ընթացքում տեղեկացավ վերջին օրերի վիճակի մասին։ «Զարկեր շատ կան, Նոր Գյուղի կողմը շատ կնետեն կոր, մեր տունին քովերը հասան»,- ասաց եղբոր աղջիկը։

Պետրոսի հետ Հանրապետության մետրոյի գետնանցումում առևտուր անող Լենա Շամլյանի հորեղբայրն ու կինը Հալեպից դուրս գալու ցանկություն չունեն։ Լենան ասում է, որ անորոշ ապագայի վախը տարեցներին չի թողնում դուրս գալ այդտեղից։

«Տարեց են, չեն կըրնալ ձգել, ելնել, իրենց տունին-տեղին կապված են, դժվար է ելնելը, թոշակ կստանան, դուրս ելնեն, ինչո՞վ պիտի ապրեն»,- ասում է նա։

Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 16 հազար սիրիահայ։ Տարբեր տվյալներով, Սիրիայում 8-10 հազար հայ է մնացել։ Հայաստանում բնակվող սիրիահայերն ասում են, որ շատերն արդեն փորձում են թողնել Հայաստանը՝ բռնելով Կանադայի ճանապարհը։ Պետրոս Քիրազյանի որդին ևս լավ ապագայի ակնկալիքով շուտով կմեկնի Կանադա։

«Թող երթա, ինչ անենք, 3-4 արհեստ կա ձեռքը, կարող է աշխատել»,- ասում է հայրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG