Մատչելիության հղումներ

Քըրք Քըրքորյանի կտակած գումարների մի մասը կարող է Հայաստանին հատկացվել


Քըրք Քըրքորյան, արխիվ
Քըրք Քըրքորյան, արխիվ

Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի կտակում Հայաստանը չի հիշատակվում, սակայն չի բացառվում, որ գումարների մի մասը նաև Հայաստանին տրամադրվի։

Նախորդ տարվա հունիսին մահացած միլիարդատիրոջ մտերիմ Հարութ Սասունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մոտ երկու միլիարդ դոլարի ժառանգությունը պետք է տրամադրվի բարեգործական նպատակների։ Սասունյանի կարծիքով՝ այդ գումարի մի մասը կծախսվի նաև Հայաստանում։

«Չի մանրամասնում, թե բարեսիրական ծրագրերը որոնք են, բայց, իմանալով պարոն Քըրքորյանի երկարամյա նախասիրությունը, ես կասկած չունեմ, որ իր կտակած գումարները կհատկացվեն նույն ձևով, այսինքն՝ հայկական և ամերիկյան բարեսիրական հաստատություններին», - նշեց Սասունյանը:

Քըրքորյանը կտակի կառավարիչ է նշանակել, ով պետք է որոշի, թե գումարները ինչպես են բաշխվելու։ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Սասունյանի խոսքով, կտակի կառավարիչը ազգությամբ հայ չէ, սակայն երկար տարիներ աշխատել է միլիարդատեր Քըրքորյանի հետ․ - «Կտակարարը պիտի կատարի պարոն Քըրքորյանի փափագը, և պարոն Քըրքորյանի փափագը այն է, որ թե՛ իր կյանքում և թե՛ հետմահու իր փողերը հատկացվեն հայկական նպատակների: Միակ բանը, որ չենք իմանում, թե կոնկրետ ո՞ր անունով»:

Թե ե՞րբ կբաշխվի Քըրքորյանի թողած ժառանգությունը՝ Սասունյանը չկարողացավ նշել, քանի որ այժմ դատարանում մի շարք մարդիկ փորձում են կտակից մաս ստանալ, պնդելով, որ միլիարդատիրոջ հարազատներն են։ Երբ դատական այդ գործընթացները ավարտվեն, այդ ժամանակ էլ կտակը կբաշխվի։

Հարութ Սասունյանը ասաց, որ վերջին օրերին հայկական մամուլում հոդվածների է հանդիպում, որոնք իրականությանը չեն համապատասխանում․ - «Պարոն Քըրքորյանը երբեք իր կտակի մեջ չի գրել, որ փողերը պետք չէ գնան այս մարդուն կամ այն մարդուն, իշխանություններին․․․ որևէ անուն չի տվել ինքը կտակի մեջ: Եթե որևէ անուն չի դրել կտակի մեջ, ինչպե՞ս կարող է որևէ մեկը ասել, որ իրենք իմացել են գաղտնի աղբյուրներից, որ պետք չէ հայ լինի, պետք չէ հայաստանցի լինի, պետք չէ իշխանություն լինի: Այդպիսի բան չկա»:

Քըրքորյանի մտերիմի խոսքով, եթե Հայաստանին գումար հատկացվի, կարևոր է վերահսկել՝ ինչպես է այն ծախսվում։ Տարիներ առաջ «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Սասունյանի կարծիքով՝ իրականացվելիք ծրագրերը պետք է մանրամասն ստուգվեն։

Սա կարևորում է նաև Քըրքորյանների ընտանիքի բարեկամ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Ժառանգության» առաջնորդի խոսքով, Քըրքորյանը Սփյուռքի կառույցներին աջակցող հիմնադրամ ունի, որը թափանցիկ աշխատում է: Կարծում է՝ եթե Հայաստանում էլ ծրագրեր իրականացվեն, գործող իշխանությունները գումարի հետ չպետք է կապ ունենան, քանի որ կոռումպացված են։

«Պետք է վերահսկվեն հասարակության կողմից, խառը հանձնաժողովների կողմից, որոնք կախված չեն կոռուպցիոն իշխանություններից, որովհետև բոլորս գիտենք, որ Հայաստանն այսօր ապրում է վստահության ճգնաժամ», - ասում է Հովհաննիսյանը:

XS
SM
MD
LG