Դատախազությունը քրեական գործ չի հարուցի ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Սերգեյ Սուդնիկովի նկատմամբ, ով անցած շաբաթ մոտ կես ժամ շարունակ թակել և փորձել էր մտնել գյումրեցիներից մեկի բնակարան:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ քրեական գործ հարուցելու համար հիմք չկա․ ռուս սպան ընդամենը շփոթել է մուտքը և իր ռուս գործընկերոջ բնակարանի դռան փոխարեն թակել Երանոսյանների դուռը՝ պահանջելով բացել այն:
Քաղաքագետ Գագիկ Համաբարյանը մինչդեռ կարծում է՝ իրավապահները պարտավոր էին գործ հարուցել խուլիգանության հատկանիշներով.- «Հանցակազմ կար։ Ես չգիտեմ ինչպես են դիտարկում իրավապահները, բայց այն որ Սուդնիկովը հարբած վիճակում խանգարել է մարդկանց անդորրը, ահաբեկել է նրանց բառի բուն իմաստով, դա արդեն հանցագործություն է, դա խուլիգանություն է։ Եվ հիմա մեղմել նրա արարքը և ասել, որ դա հանցագործություն չէ, շատ տարօրինակ է։ Ես շատ կուզենայի, որ երբ մեր քաղաքացիները այդպիսի մանր խուլիգանություն գործեն, մեր իրավապահ մարմինները նույն կերպ վերաբերվեն»։
Անպատժելիությունը պարարտ հող է նոր հանցագործությունների համար, ասում է քաղաքագետը ու հավելում, որ ռուսական կողմը պարզապես չարաշահում է գյումրեցիների համբերությունը:
«Քանի որ մենք շատ լոյալ ենք մոտենում, ինքնըստինքյան դիմացինը կամ չարաշահում է, կամ հասկանում է, որ մենք ներողամիտ ենք։ Ցավոք, ռուսների տարբերակում նրանք բացեիբաց արդեն սկսում են չարաշահել մեր ներողամիտ վերաբերմունքը, որը իմ կարծիքով՝ շատ սխալ է։ Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները պետք է կոնկրետ պահանջներ ներկայացնեն ռուսական ռազմաբազային։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ իրենք այստեղ գտնվում են նաև մեզ համար, բայց միևնույն ժամանակ մենք՝ որպես Գյումրիի բնակիչներ, պարտավոր չենք տանելու այն, ինչ իրենք շատ դեպքերում անում են»,- ասաց Համբարյանը։
Երանոսյանները պնդում են, որ ռուս զինծառայողը եղել է ոչ սթափ վիճակում: Մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն էլ չի հերքում, ու որպեսզի նման դեպքերը չկրկնվեն՝ պատրաստվում է դիմել 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը, որպեսզի Սուդնիկովը ենթարկվի կարգապահական տույժի, և բազան միջոցներ ձեռնարկի, որ զինծառայողները պահպանեն զինված ուժերի համապատասխան կանոնագրքերի պահանջները:
Քաղաքագետ Գարիկ Համբարյանը, մինչդեռ, կարծում է, որ այս հարցը պետք է լուծվի ոչ թե մարզի դատախազի, այլ երկու երկրների նախագահների մակարդակով.- «Զուտ պետական խնդիր է սա։ Այս հարցը պետք է լուծվի նույնիսկ ոչ թե պաշտպանության նախարարների մակարդակով, այլ հենց նախարարների։ Մենք շատ լավ տեսնում ենք, որ Պերմյակովի դեպքից հետո միևնույն է՝ հանցագործություններ տեղի են ունենում, որը բավական նյարդայնացնում է քաղաքի բնակչությանը»։
Ի դեպ, այսօր քաղաքի հենց կենտրոնում մի քանի ռուս շարքային զինծառայողների հանդիպեցինք. Համբարյանը տարակուսած էր՝ ինչո՞ւ են ժամկետային ռուս զինծառայողները այդ ժամին զորամասում գտնվելու փոխարեն ազատ շրջում քաղաքի կենտրոնում:
«Ինչո՞ւ է սովորական ժամկետային զինծառայողը շրջում մեր քաղաքում։ Ես համարում եմ, որ դա շատ մեծ շռայլություն է, որը մենք թույլ ենք տալիս նրանց, և մեր իրավապահները պետք է համագործակցեն ռուսական կողմի հետ, պետք է պարտադրեն այդ համագործակցությունը, որ մեր իրավապահները իրավունք ունենան նրանց ուղղորդելու իրենց զորամասեր, եթե տեսնում են, որ նրանք գտնվում են ոչ իրենց զորամասի տարածքում»,- ասաց քաղաքագետը։
Ռուսական 102-րդ ռազմաբազան միայն Գյումրիում զբաղեցնում է մոտ 50 հեկտար տարածք, որը անհատույց վարձակալության է տրված, բացի այդ հայկական կողմը հոգում է նաև ռուսական ռազմաբազայի ծախսերի հիսուն տոկոսը: