Մատչելիության հղումներ

Հանրաքվեն «մարտահրավեր էր»՝ նետված ստանձնած պարտավորություններին


ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ը քննադատում է թե' քվեարկության ու հաշվարկի ընթացքը, թե՛ հանրաքվեի կազմակերպումն ու բողոքարկումը:

«Սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որևէ նշանակալի քայլ կատարելու` ամրապնդելու համար ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը»,- փաստում է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը:

Դրանում նաև հիշեցվում է՝ այդ հանձնարարականների թվում են ընտրողների ցուցակների ճշգրտման բարելավումը, քարոզարշավի ընթացքում հանրային միջոցների չարաշահման կանխարգելումը, բողոքարկման մեխանիզմների արդյունավետության ու ընտրախախտումների համար պատասխանատվության բարձրացումը:

Եվրոպացի դիտորդները նշում են. «Մտահոգություն է առաջացնում հնարավոր շահարկման այն փաստը, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված են արտերկրում ապրող բազմաթիվ մարդկանց անուններ, ովքեր իրավասու են քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես գտնվեն երկրում: Քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակությունը վերահաստատել են իրենց վաղեմի առաջարկությունը՝ հասարակական ստուգման համար հանրությանը ներկայացնել քվեարկած անձանց ցուցակները, որը կարող է ծառայել երաշխիք՝ ընդդեմ ընտրախախտումների։ Իշխանությունների շարունակվող դժկամությունը՝ քննարկել այս և այլ հնարավոր երաշխիքները կանխարգելելու շահարկումները, խարխլում է հասարակության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»:

Քվեարկության ընթացքը դիտարկված ընտրատեղամասերում, ընդհանուր առմամբ, հանգիստ է անցել, և ընթացակարգերը, հիմնականում, պահպանվել են: «Սակայն ընտրողների նույնականացման վկայականները չէին կնքվել, ինչը հանգեցրել էր բազմակի քվեարկության դեմ երաշխիքի հակասական կիրառմանը»,- արձանագրում են եվրոպացի դիտորդները` հավելելով. «Համապատասխան մարմինները պետք է ներկայացնեն արդյունավետ և հետևողական երաշխիքներ բազմակի քվեարկության դեմ»։

Երկու ընտրատեղամասերում դիտարկելով քվեների հաշվարկը, եվրոպացի դիտորդներն արձանագրում են` «գործընթացը նշանավորվել է ՀՀԿ-ի վստահված անձանց կողմից կատարված էական միջամտությամբ, մի բացասական երևույթ, որը նախկինում քննադատվել է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի կողմից»։ Նշվում է, որ լուրջ խնդիրների թվում են՝ «Այո»-ի քարոզարշավի վստահված անձանց կողմից միջամտությունն ու ահաբեկումը, որոնք «հանգեցրել են փաստացի քվեարկության արդյունքների փոփոխմանը: Մասնավորապես, որոշ վավեր «Ոչ» քվեաթերթիկներ անօրինական կերպով հանվել են, իսկ հետո վերադարձվել են՝ որպես անվավեր քվեաթերթիկներ կամ դրվել են սխալ փաթեթում:

Ընթացակարգային սխալները հանգեցրել են նրան, որ չեղյալ են համարվել շատ վավեր «Ոչ» քվեներ»: Արձանագրելով, որ խախտումները կատարվել են իշխող ՀՀԿ-ի կողմից` զեկույցն ընդգծում է. «Կուսակցությունները պետք է ապահովեն համապատասխան ուղեցույցներ ու իրավական և քաղաքական պատասխանատվություն կրեն իրենց վստահված անձանց վարքագծի համար»: Խոսելով արձանագրված խախտումների մասին` զեկույցը, միաժամանակ, նշում է` «ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ - ի դիտորդական առաքելությունը հետևել է ձայների հաշվարկին երկու տեղամասերում և չի կարող որոշել, թե արդյոք հայտնաբերված թերություններն իրենցից ներկայացնում են ավելին, քան հակաօրինական առանձին դեպքեր»:

Հատուկ քննադատվում է պաշտոնյաների ներգրավվածությունը քարոզարշավում: Հիշեցնելով, որ հանրաքվեից ամիսներ առաջ օրենքում կատարվեցին փոփոխություններ` հնարավորություն տալով քաղաքական ու հայեցողական պաշտոն զբաղեցնողներին քարոզչություն իրականացնել, զեկույցն ընդգծում է. «Հանրաքվեի ընթացքում իշխանությունները «Այո» քարոզարշավի համար խոշոր հանրային միջոցեր մոբիլիզացրեցին` «Այո» նախընտրական շտաբերը ղեկավարվում էին վարչապետի կողմից, և նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը, Վերահսկիչ պալատի և ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարները ներգրավված էին քարոզչության մեջ»։

Փաստելով, որ այս բոլոր պաշտոնյաները վարձատրվում են պետական և տեղական բյուջեներից, զեկույցը նշում է. «Նրանք զգալի հանրային միջոցներ են օգտագործել «Այո» քարոզարշավի ընթացքում, դրանով իսկ մարտահրավեր նետելով ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորություններին»։

Հանձնարարականների թվում դիտորդները կոչ են անում Հանրաքվեի մասին օրենքում կատարել փոփոխություններ՝ պարտադրելով ավելի խիստ սահմանափակումներ` պետական պաշտոնյաների կողմից քարոզչական գործունեությամբ զբաղվելու առնչությամբ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը քննադատում է նաև հանրաքվեի արդյունքները բողոքարկելու ընթացակարգերը: «Սահմանադրությունը միայն նախագահին և առնվազն թվով մեկ հինգերորդ պատգամավորներին է ընձեռում իրավունք՝ վիճարկելու հանրաքվեի արդյունքները: Դիմումներ ներկայացնելու նման սահմանափակ իրավական կարգավիճակը կասկածի տակ է դնում հանրաքվեի շահագրգիռ կողմերի դատական պաշտպանության առկայությունը: Վեճերի լուծման արժանահավատությունը խաթարվել էր հանրաքվեի վարչարարության և դատարանների նկատմամբ վստահության պակասի պատճառով»:

Հիշեցնելով, որ իշխանությունները խոստացել էին, որ խախտումների մասին բոլոր հայտարարությունները քննության կառնվեն ԿԸՀ-ի և իրավապահ մարմինների կողմից, զեկույցը փաստում է. «Քաղաքացիական դիտորդական մի կազմակերպություն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և ԿԸՀ է ներկայացրել 40 դիմում-բողոքներ, սակայն ԿԸՀ-ն եվրոպացի դիտորդներին այդ բողոքները ներկայացրել է՝ որպես վատ հիմնավորված և վավերագրված, և առանց քննության առնելու, դրանց մեծ մասը մերժվել են։ ԿԸՀ-ն նաև մերժել է հետագա խնդրանք-դիմումները՝ հետաձգել հանրաքվեի արդյունքների հայտարարությունը և հետաքննել ենթադրյալ խախտումները՝ ըստ ընթացակարգային հիմքի կամ խախտումների վերաբերյալ բավարար ապացույցների բացակայության պատճառով»։

Հանրաքվեի լուսաբանմանն ու լրատվական դաշտին անդրադառնալով` զեկույցը փաստում է. «Մտահոգություններ կան համապետական հեռարձակողների վրա հայտնի քաղաքական կուսակցությունների կողմից վերահսկողություն հաստատելու վերաբերյալ, սակայն առաքելությանը չհաջողվեց ստուգել այս պնդումը, քանի որ համապետական սփռում ունեցող մասնավոր հեռուստաընկերությունների մեծ մասը գրանցված են որպես փակ բաժնետիրական ընկերություններ և, այդպիսով, դրանց մասին տեղեկությունները գրառված չեն հանրային ռեգիստրում։ Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու լրատվամիջոցների սեփականության լիարժեք թափանցիկությունը, լրատվամիջոցների սեփականության և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը»:

Հատուկ անդրադարձ կա կրթության նախարարի նախաձեռնած հեռուստաբանավեճին. «Նման պրակտիկան թեև արգելված չէ օրենքով, ստեղծել է շահերի բախման ընկալում և կասկածի տակ է դրել հանրային հեռուստաալիքի անկողմնակալությունը»: Եվրոպացի դիտորդները նաև ընդգծում են` լրագրողների գործունեության անվտանգությունը և ապահովությունը շարունակում է մնալ լուրջ մտահոգության առարկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG