Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպան․ Սահմանադրական փոփոխությունները կարող են նաև «հետագա լճացման պատճառ դառնալ»


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի ներկայացմանը: 5-ը փետրվարի, 2016 թ․
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի ներկայացմանը: 5-ը փետրվարի, 2016 թ․

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու կարծիքով, սահմանադրական փոփոխությունները «կա՛մ նոր հնարավորություն կբացեն Հայաստանի համար, կա՛մ կտանեն հետագա լճացման»:

«Ոմանց կարծիքով, սահմանադրական փոփոխությունները ճանփաբաժան են Հայաստանի համար, որովհետև այդ փոփոխությունները կարևոր են: Դրանք փոխում են կառավարման ձևը՝ նախագահականից խորհրդարանական, ինչը կարող է նոր հնարավորություն բացել Հայաստանի առջև՝ չօգտագործված ռեսուրսները ներգրավելու, քաղաքական գործընթացի համար նոր էներգիա ստեղծելու համար», - հայտարարեց ԵՄ-ի պատվիրակության ղեկավարը՝ շարունակելով. - «Բայց այդ փոփոխությունները կարող են նաև հետագա լճացման պատճառ դառնալ: Ընտրությունը հայաստանցիներինն է: Նոր Սահմանադրության օրոք առաջին՝ 2017 թվականի ընտրությունները կարող են մեծ դերակատարում ունենալ Հայաստանի ապագայի համար»:

Ընդգծելով, որ վերջին հանրաքվեին ևս եղել են ընտրախախտումների մասին ահազանգեր, Սվիտալսկին հայտարարեց, որ միջազգային հանրության համար «կարևոր ցուցիչ է, թե Հայաստանի իշխանությունները ինչպես կարձագանքեն դրանց»․ - «Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, հույս ունի, որ նման դեպքերը լուրջ արձագանքի կարժանանան՝ համաձայն Հայաստանի օրենքների: Մեզ համար դա շատ կարևոր ազդանշան կլինի, թե ինչպես նախապատրաստվենք հայաստանյան հաջորդ ընտրություններին»:

Նշելով, որ 62 քրեական գործ է հարուցվել ընտրախախատումների կապակցությամբ, որոնցից 13-ը ուղարկվել է դատարան, և 2 հոգի դատապարտվել են, դեսպանը ընդգծեց․ - «Մեր պատկերացմամբ, սա իշխանությունների ամբողջական արձագանքը չէ, և առաջիկա շաբաթներին ողջ պատկերի ականատեսը կլինենք»։

Ըստ Պյոտր Սվիտալսկու, հաջորդ կարևոր ցուցիչն է, թե ինչպես կընթանա ընտրական նոր օրենսգրքի մշակումը․ - «Տեղյակ ենք, որ իշխող կուսակցությունում քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Կան հստակ ակնկալիքներ, հույս ունենք, որ օրենսգրքի ձևավորման ընթացքում հաշվի կառնեն ԵԱՀԿ-ի ու Եվրոպայի խորհրդի առաջարկությունները: Հույս ունենք նաև, որ հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն կունենան ազատորեն քննարկել Ընտրական օրենսգրքի տարրերը: Եվ մեծ հույս ունենք, որ Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակը փոխհամաձայնեցված բնույթ կունենա»:

«2017թ․ խորհրդարանական ընտրությունները հերթական չեն, դրանք որոշելու են Հայաստանի ապագան», - հայտարարեց Եվրամիության դեսպանը: - «Հայաստանի իշխանությունների նկատմամբ մարդկանց վստահության հարցն է: Սա նաև միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության հարցն է: Գիտեմ, թե որքան են Հայաստանում ցանկանում ազատվել Եվրոպայի խորհրդի քաղաքական մոնիթորինգից: Գիտեմ, թե Հայաստանի իշխանությունները որքան են ցանկանում, որպեսզի Freedom House-ի ցանկում Հայաստանը դասվի ազատ, ոչ թե մասամբ ազատ երկրների շարքում, և սա շատ կարևոր է Հայաստանի հեղինակության համար: Լավ է, որ հայաստանցիները այդքան մեծ ուշադրություն են դարձնում հեղինակությանը: Ուստի եկեք օգտագործենք հաջորդ ընտրությունների ընձեռած հնարավորությունները և եկեք ապացուցենք հայաստանցիներին ու միջազգային հանրությանը, որ Հայաստանը ճիշտ ճանապարհին է»:

Այսօր՝ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ, Եվրամիությունն ու Եվրոպայի խորհուրդը հայտարարեցին Հայաստանի իշխանություններին ավելի քան 300 հազար եվրո տրամադրելու մասին, որով դասընթացներ են անցկացվելու ընտրական հանձնաժողովների ու դիտորդների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG