«Կոալիցիայի հետ կապված վերջնական որևէ հարց չենք քննարկել այսօր, առհասարակ այսօր նման հարց չենք քննարկել», - հինգշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ միաժամանակ ընդգծելով, որ քննարկումները շարունակվում են։
Իշխող կուսակցության խոսնակն ասաց, որ մինչև մյուս շաբաթվա ավարտ կունենան հստակություն։ «Այս պահին քննարկումները շարունակվում են։ Քանի դեռ հստակեցված չէ ամեն ինչ, հստակեցված չէ ոչինչ։ Պայմանավորված է նրանով, որ թե՛ մեր կողմից, թե՛ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կողմից հիմքը համագործակցության ոչ թե նախևառաջ պաշտոնների բաժանումն է, այլ նախևառաջ գաղափարախոսությունն է, ծրագրային դրույթներն են, պատասխանատվության խնդիրն է», - նշեց Շարմազանովը։
Նրա խոսքով, ոչ Հանրապետական կուսակցությունը, ոչ էլ Դաշնակցությունը ժամկետներ չեն նշել։ «Կա՛մ մեր, կա՛մ ՀՅԴ-ի կողմից օր, ժամ, պատարագ նշվե՞լ է՝ երբ է լինելու։ Մենք ասել ենք, որ կա նպատակ թե՛ մեր կողմից, թե՛ Դաշնակցության կողմից՝ համագործակցություն, եզրեր ունենալ Հայաստանի ապագա կառավարման և ապագա խնդիրների լուծման համար», - ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ որոշումը կներկայացնի լրագրողների դատին, երբ Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը և խորհուրդը վերջնականապես քննարկեն այն։
Հարցին, թե երկու կուսակցությունները տարակարծություններ ունե՞ն, Շարմազանովը պատասխանեց. - «Ի՞նչ է նշանակում տարակարծություն ունենք կամ տարակարծություններ չունենք, երբ որ կլինի վերջնական դիրքորոշում, կլինի վերջնական համաձայնություն, ես ձեզ կփոխանցեմ։ Ամեն ինչ նորմալ է, եղեք լավատես»։