Սահմանադրական հանրաքվեի օրը մայրաքաղաքի տեղամասերում դիտորդություն իրականացրած ակտիվիստներ Վարդգես Գասպարին և Հակոբ Նազարին վկայից դարձել են մեղադրյալ՝ ընտրական հանձնաժողովի աշխատանքները և ընտրողի քվեարկությունը խոչընդոտելու համար։
Հատուկ քննչական ծառայությունը պնդում է, թե դիտորդները քվեարկության օրը հանրորեն վտանգավոր արարքներ են կատարել։ Ակտիվիստները, մինչդեռ, չեն ընդունում մեղադրանքը, հայտարարում են՝ իշխանությունները սրանով փորձում են պատժել իրենց ակտիվ պայքարի համար։
Գրեթե բոլոր ակցիաներին մասնակցող 59-ամյա Վարդգես Գասպարին ուշադրություն է դարձնում քննիչի որոշման մի քանի հատվածների վրա՝ դրանք որակելով իր դեմ «գործ սարքելու համար օգտագործված ծիծաղելի հնարք»։
«Խեղկատակություն է, բայց էս խեղկատակները ունեն լիազորություն, որ ինձ նույնպես ներքաշեն իրենց խեղկատակության մեջ։ Փաստը դա է»,- «Ազատությանն» ասաց Գասպարին։
Քննիչը եզրակացրել է՝ դիտորդ Գասպարին, չունենալով նման իրավունք, միջամտել է ընտրական գործընթացին, երբ տեսախցիկով «հանդուգն եղանակով և շատ մոտ տարածությունից նկարահանել է տեղամասային հանձնաժողովի աշխատանքները, հոգեբանական ճնշում գործադրել նրանց վրա, աղմուկ բարձրացրել, վեճի բռնվել, ավելորդ հարցեր տվել քվեարկության եկած քաղաքացիներին»։
«Ճիշտ հենց այնպես էլ իրենք ընկալում են, որ դիտորդը պետք է ընդամենը մի տեղ կանգներ, ինչ կտեսներ, գրանցեր և հետո տաներ հանձներ։ Ինձ թվում է, որ իրենք էդպես են պատկերացնում։ Ամենաթողության իրավիճակ է, այսինքն իրենք ինչ ուզում են անեն, և դիտորդը ոչ մի բողոք չներկայացնի, չտեսագրի, որովհետև տեսանկարահանելը, ինչպես էստեղ գրել են, ընկալել են որպես հանդուգն տեսանկարահանում։ Ես ճիշտն ասած՝ չեմ հասկանում՝ որն է հանդուգն տեսանկարահանելը»,- ասաց Գասպարին։
Հանրաքվեի օրը նույն տեղամասում Գապարին նաև տեսանկարահանել է ընտրող Զոյա Խաչատրյանի դժգոհությունը. կինը տեղամաս գալով պարզել էր, որ իր անվան դիմաց ինչ-որ մեկն արդեն ստորագրել է։ Քննության արդյունքում իրավապահները եզրակացրել են՝ թյուրիմացություն է եղել, փոխարենը պնդել, թե դիտորդ Գասպարին խախտել է ընտրողի իրավունքը։
«Նկարահանելով՝ վերջինիս գցել է հուզական վիճակի մեջ, ինչին արդյունքում Խաչատրյանը ամաչել, կաշկանդվել է և առանց քվեարկելու լքել է տեղամասը»,- նշված է քննիչի որոշման մեջ։
«Տիկին Զոյա Խաչատրյանի տեղը արդեն քվեարկել էին։ Ինքը ո՞նց կարող էր քվեարկել՝ անկախ նրանից, որ որևէ մեկը խոչընդոտեր կամ չխոչընդոտեր»,- հարցնում է Գասպարին։
«Ազատությունն» այցելեց Զոյա Խաչատրյանի բնակարան. չնայած կինը հրաժարվեց մեզ ընդունել, բայց և շեշտեց՝ Գասպարին գոնե իր իրավունքները չի խախտել։
«Ղալաթ են արել, որ գործ են հարուցել, ես իրա դեմ բողոք չունեմ։ Էդ մարդն ի՞նչ է արել»,- տարակուսեց Խաչատրյանը։
Ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել նաև մեկ այլ տեղամասում դիտորդ, 67-ամյա Հակոբ Նազարիին, ով ևս չընդունելով մեղադրանքը՝ պնդում է՝ հանձնաժողովի հանրապետական նախագահ Արմեն Ազոյանն է իրեն խոչընդոտել, որ չկարողանա կեղծիքներն արձանագրել։ Տարեց ակտիվիստն անգամ պնդում է՝ հանձնաժողովի նախագահն իրեն ապտակել է, բայց մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։
«Ազոյանը, Նորայր Գևորգյանը, որը հանձնաժողովի անդամ էր, Մարզպետ անունով «Օրինաց երկրի» վստահված անձը և Վարդան Հակոբյանը, որը Հանրապետականի վստահված անձն է եղել, դրսից ուղեկցում էին մարդկանց, մտնում էին քվեախցիկ, ուղղություն տալիս, թե ոնց քվեարկեն, հետո տանում մինչև քվեատուփ և վերահսկում էին, որ քվեատուփ գցվեր քվեաթերթիկը»,- պատմեց Նազարին։
Ընտրությունները դիտարկելու տարիների փորձ ունեցող իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիտորդների նկատմամբ քրեական հետապնդումը աննախադեպ է համարում. իշխանությունները իրական հանցագործներին թողած ընկել են խախտումները հայտնաբերողների հետևից, ասում է նա։
«Արդեն հետապնդման են ենթարկվում պաշտպանվողները։ Ըստ էության, նոր վարքագիծ է, որպեսզի խախտումների մասին ահազանգումներ չլինեն, խախտումների կանխարգելման ուղղությամբ քայլեր չկատարվեն։ Սա է ամբողջ իմաստը։ Այսինքն անցել են ոչ թե արհամարհելու խախտումների վերաբերյալ ահազանգերը, այլ ահազանգողներին ճնշման միջոցով լռեցնելուն»,- ասաց իրավապաշտպանը։