«Մենք դժգոհ ենք Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից», - երեքշաբթի երեկոյան հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ համանախագահները այս տարիներին այդպես էլ չկարողացան որևէ տեղաշարժի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Պահանջում ենք, որպեսզի Մինսկի խումբը իր գործունեությունը կառուցի հենց այդ ուղղությամբ: Ադրբեջանական հողերը օկուպացված են: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ ղեկավարում են Մինսկի խումբը, բայց, չնայած դրան, ոչ մի տեղաշարժ չի եղել», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Մամեդյարովը:
«Համանախագահների նամակը Ստրասբուրգ միայն ծիծաղ է հարուցում: Ես բողոքով նամակներ եմ ուղարկել համանախագահ երկրների արտգործնախարարություններ, որոնցում նշել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած հարցի հրատապություն հաղորդելը մեր անձնական գործն է: Ոչ ոք չի կարող խառնվել դրան: Նրանք չեն կարող ճնշում գործադրել եվրոպացի խորհրդարանականների վրա: Դա անտրամաբանական է», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հակահայկական երկու բանաձևերի նախագծերի քննարկման նախաշեմին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հրապարակած հայտարարությանը:
Հունվարի 22-ի հայտարարությունում, հիշեցնենք, ղարաբաղյան կարգավորման միջնորդները ԵԽԽՎ-ին կոչ էին անում չանել քայլեր, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցությունները։
Մամեդյարովը երեկ նշել է նաև, թե որևէ նորություն չկա համանախագահների հետ հնարավոր հանդիպումների վերաբերյալ: «Այն բանից հետո, որ նրանք նամակ ուղարկեցին Ստրասբուրգ, չեմ կարծում, թե հանդիպում հնարավոր է», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: