Ուզբեկստանի Դիզակի շրջանի առաջին ատյանի դատարանում իսլամիստական ծայրահեղականության, Ուզբեկստանի սահմանադրական կարգի տապալման փորձերի և մի շարք այլ ծանր հանցանքների մեջ մեղադրվող Արամայիս Ավագյանի գործով այսօր մեղադրող կողմը միջնորդել է նրան դատապարտել 18 տարվա ազատազրկման: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Ավագյանի մայրը՝ տարիներ առաջ Հայաստանից արտագաղթած Ֆլորա Սաքունցը:
Արամայիս Ավագյանի մեղադրանքի հիմքում ընկած ցուցմունքների հեղինակը նախորդ դատական նիստերի ժամանակ դատարանին հայտնել էր, որ նախաքննությանն անհրաժեշտ ցուցմունքներ է տվել ծեծի, խոշտանգումների արդյունքում: Ուզբեկական մամուլն ուշադրություն է հրավիրում հանգամանքին, որ դատաքննության ժամանակ այդպես էլ դատարանին չի ներկայացվել որևէ փաստական հիմք, ապացույց, որ 33-ամյա հայ քրիստոնյան առնչություն ունի իսլամիստական ծայրահեղականությանը կամ մյուս մեղադրանքներին: Արամայիս Ավագյանը խոշտանգումներից հետո էլ իրեն մեղավոր չի ճանաչում:
Հայաստանի ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի գրությունը
Այսօր նաև հայտնի դարձավ, որ Հայաստանի Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը դիմել է Ուզբեկստանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահին։
«Խնդրում ենք Արամայիս Ավագյանի գործի քննությունը պահել ուշադրության ներքո, որպեսզի, բնականաբար, իրականացվի արդար դատաքննություն և կայացվի արդար դատավճիռ: Հասկանալի է, որ նա չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, և այստեղ մեր իրավասությունները խիստ սահմանափակ են, պարզապես համագործակցության, փոխգործակցության շրջանակներում խնդրանք է ուղղվում իրենց, որպեսզի արդարադատության իրականացումը պահվի ուշադրության կենտրոնում»,- պարզաբանեց Վարդյանյանը։
Ավելի վաղ Ուզբեկստանի օմբուդսմենին էր դիմել Հայաստանի նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ խնդրելով տեղեկացնել Ավագյանի առողջական վիճակի մասին և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նրա նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու նպատակով:
Ուզբեկական մամուլը վկայակոչում է իսլամիստական ծայրահեղականության և մյուս ծանր մեղադրանքների համար անհրաժեշտ ապացույցների բացակայությունը: Ինչպե՞ս կարող էր այդ մեղադրանքը հաստատված համարելու հարցում որևէ հանգամանքի հետ հաշվի չնստել մեղադրող կողմը: Այս հարցի պատասխանը ներկայացնում է Ժաննա Ալեքսանյանը, ով տարիներ առաջ տևական ժամանակ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչն էր Ուզբեկստանում։
«Ամենադաժան, հետամնաց երկրների շարքին է դասվում և այդ առումով խիստ բռնատիրական՝ շատ հայտնի դաժան և անմարդկային վերաբերմունքով, նաև կալանավայրերն են հենց այդպիսին»,- ասաց իրավապաշտպանը։
Ուզբեկստանում տարիներով իրավապաշտպան գործունեություն ծավալելով՝ Ժաննա Ալեքսանյանի եզրակացրել է.- «Այնտեղ ճնշվում է ամեն ինչ: Եթե դու մի քիչ ինքնուրույն և անկախ դարձար, եթե դու ունես ոչ մեծ բիզնես, երբ ուզենան, քո ձեռքից կխլեն և կեղծ մեղադրանքներով քեզ կուղարկեն բանտ՝ երկարատև ժամկետներով: Եվ որևէ կերպ դու պաշտպանված չես, քանի որ Ուզբեկստանը ուղղակի երկրի տարածքից հեռացրել է գրեթե բոլոր միջազգային կազմակերպություններին, այս վերջին տարիներին այնտեղ գրասենյակ չունի նաև Human Rights Watch-ը, և իր քաղաքացիներին պահում է իր բռի մեջ և ինչպես ուզում է՝ վարվում է նրանց հետ»։
Այս իրավիճակում, ըստ իրավապաշտպանի, հատուկ կարևորություն ունի Հայաստանից համապատասխան քայլերի դիմելը.- «Մենք պետք է կարողանանք ամեն կերպ փորձել ազդել Ուզբեկստանի իշխանությունների վրա, և լավ կլիներ, որ այստեղից Արտգործնախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը որևէ ձևով ազդեին այդ գործընթացի վրա»։