Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն քննարկումները ավարտին են մոտենում


ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյան, արխիվ
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյան, արխիվ

Հանրապետականի և Դաշնակցության միջև կոալիցիայի շուրջ քննարկումները շուտով կավարտվեն։ Դաշնակցական Արծվիկ Մինասյանը պնդում է, որ պաշտոնների հարց դեռ չեն քննարկել։

«Մենք քննարկում ենք անելիքները՝ ոլորտային, որից հետո նոր կերևա, թե այդ ոլորտներում ի՞նչ դերակատարություն կարող է Դաշնակցությունը ստանձնել։ Ակնհայտ է, չէ՞, որ պետք է ունենաս այնպիսի լծակներ, որոնք գործադրելու արդյունքում նաև պատասխանատվությունդ լիարժեք լինի», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։

Մինասյանի փոխանցմամբ՝ Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել արտաքին գործերի, տարածքային կառավարման և տնտեսության բարելավման ոլորտներում։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանը հրաժարվում է փակագծերը բացել, բայց չի թաքցնում, որ ինքը այսօր իր անվան հետ մամուլում կապվող՝ մարզպետի պաշտոնից ավելիին է հավակնում․ - «Ցանկացած պետական ծառայող իրեն պատիվ պետք է համարի բարձրագույն պետական պաշտոնները զբաղեցնելու և այդ պատասխանատվությունը կրելու հարցում։ Միայն մնում է այն հարցը, թե ինքը ունի՞ այդքան կամք, վճռականություն, որ այդ պատասխանատվությունը գիտակցի։ Հիմա ես ասացի կոնկրետ, որ մարզպետի պաշտոնում ես ինձ չեմ պատկերացնում»։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ բացի զինված ուժերից, մյուս բոլոր գերատեսչություններից դժգոհություններ առկա են, կան ոլորտներ, որտեղ Դաշնակցությունը իրեն կարող է դրսևորել, բայց չհստակեցրեց, թե որտեղ։ Պնդեց, որ Դաշնակցության ներկայացրած հայտնի 7 կետերը մամուլն է պահանջ դարձրել, իրենք դա օրակարգի կետեր են համարում, որոնք այժմ էլ քննարկում են հանրապետականների հետ։ Խնդիրներ չկան նաև հայ-թուրքական արձանագրությունների մասով. դաշնակցականի խոսքով՝ փաստաթուղթը խորհրդարանի օրակարգից հանված է, իսկ դրա տակ դրված ստորագրությունը խնդիր չէ։

«Ստորագրությունը, որ այս պահին կա, միջազգային իրավիճակին համապատասխան՝ մի օր էլ դա չի լինի», - նշեց նա։

Սպասվում է, որ արդեն այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Դաշնակցության հետ կոալիցիայի հարցում հանրապետականները հստակություն կմտցնեն։ Երեկ «Ազատության» հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցել կառուցողական տրամադրված բոլոր ուժերի հետ։

«Ե՛վ մենք, և՛ Դաշնակցության մեր գործընկերները տրամադրված ենք, որպեսզի համագործակցություն լինի», - նշեց նա։

Վաղն արդեն Գերագույն մարմնի նիստ կանցկացնեն դաշնակցականները։ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իրենք սկզբունքորեն համաձայն են Հանրապետականի հետ համագործակցությանը, ներքին տարաձայնություններ այս հարցում չկան։ Չի կարծում, թե այս քայլը իրենց վարկանիշին կհարվածի, քանի որ հենքը հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը իրականություն դարձնելն է։

«Ի տարբերություն այն ուժերի, որոնք ամեն օր կարող են իրենց տեսակետները փոխել, Դաշնակցությունը այդպիսին չի, որովհետև մեզ համար կենտրոնական, կենսական շահը հայ ժողովրդի և հայոց պետականության շահն է», - հավելեց Մինասյանը։

Դաշնակցության հետ բանակցությունները վարում է Սերժ Սարգսյանը։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը այսօր ասաց, որ ինքն էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ է այս թեմայով զրուցել։

«Բնականաբար, խոսք ու զրույց լինում է նաև խորհրդարանում «Բարգավաճ Հայաստանի» հետ, բայց դա ոչ թե առաջարկությունների միտումով պիտի գնա, այլ պարզապես պիտի նաև մյուս կողմից էլ արձագանքներ լինեն, որպեսզի հնարավոր լինի բանակցել», - այս առնչությամբ ասաց Գալուստ Սահակյանը։

«Բարգավաճ Հայաստանը» Հանրապետականի հետ հնարավոր կոալիցիա կազմելու հարցում սակավախոս է։ Պատգամավոր Միքայել Մելքումյանը Գալուստ Սահակյանի հետ հանդիպման լուրը հրաժարվեց մեկնաբանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG