Մատչելիության հղումներ

Բնակբաշխման ապօրինության դեմ բողոքող ընտանիքը հաստատվել է Արագածոտնի մարզպետի ընդունարանում


Սարդարյանների ընտանիքը Արագածոտնի մարզպետի ընդունարանում, 28-ը հունվարի, 2015թ.
Սարդարյանների ընտանիքը Արագածոտնի մարզպետի ընդունարանում, 28-ը հունվարի, 2015թ.

Արայիկ Սարդարյանը սեփական հետաքննությունն է անցկացրել և պարզել, որ Ծաղկահովիտ գյուղում բնակարան են ստացել արդեն իսկ տուն ունեցողները։

43-ամյա Արայիկ Սարդարյանը երկու երեխաների հետ արդեն քանի օր է՝ բողոքի ակցիա է անցկացնում Արագածոտնի մարզպետի ընդունարանում։ Սպառնում է՝ չի հեռանա, քանի դեռ իշխանությունները հստակ պատասխան չեն տվել՝ ինչո՞ւ է իր ընտանիքը մինչ օրս անտուն, այն դեպքում, երբ գյուղի նորակառույց բնակարանները տրամադրվել են արդեն իսկ տուն ունեցողներին։

Հաշմանդամություն ունեցող երեխային գրկած՝ Արայիկը քանի օր է փորձում է հանդիպել մարզպետ Սարգիս Սահակյանին ու նրան ներկայացնել սեփական հետաքննության արդյունքում կազմած սեփականատերերի ցուցակը։ Մարզպետարանում ժամեր անցկացնող ընտանիքին, սակայն, չի հաջողվում ընդունարանից այն կողմ անցնել. մարզպետը բողոքը լսելու փոխարեն մատնացույց է անում դիմացի մայթին գտնվող դատախազության շենքը։

«Ես դատախազության տեղը գիտեմ, բայց մարզպետը նրա համար է, որ իր մարզի խնդիրները լուծի։ Ինքը ինձ չի կանչում, չի հետաքրքվում՝ խի՞ եմ եկել, դուռը բացում, միանգամից ուղարկում է դատախազություն՝ փոխանակ կանչի։ Կարող է՝ ինքը տեղյակ չի, որ էս մարդկանց գյուղապետն է մտցրել ցուցակի մեջ»,- «Ազատությանն» ասաց Սարդարյանը։

1988-ի երկրաշարժից տուժած Ծաղկահովիտ գյուղում անցած տարեվերջին բնակարան է ստացել 40 ընտանիք։ Արայիկը թվարկում է առնվազն 10 կասկածելի անուն.- «Խնդրեմ՝ Խաչատրյան Նվեր Մուշեղի, ինքը մինչև երկրաշարժն էլ, երկրաշարժից հետո էլ գյուղում մի երկու տարի է բնակվել, ինքը Ծաղկահովիտի փեսա է ուղղակի, հիմա տուն է ստացել, բայց ինքը Աշտարակի բնակիչ է»։

«Կարապետյան Արթուր Ասատուրի»,- շարունակում է թվարկել Արայիկը.- «Իրան ո՞ր կատեգորիայով է հասնում բնակարան, որ ինքը մեր МЧС-ի պետն է։ Վարդանյան Բախշիկը երկհարկանի սեփական տուն ունի, իմ տեղեկություններով՝ իրա տունը հետին թվով անվանափոխել է իրա աշխատողի անունով ու ստացել է բնակարան»։

Արայիկը հաշվառված է հոր հետ նույն բնակարանում։ Երկրաշարժից հետո հայրը կորցրած երեք սենյականոցի փոխարեն ստացել է երկու սենյականոց բնակարան՝ պետությունն այդպիսով լուծված է համարել նաև Արայիկի եղբոր ու քրոջ խնդիրը, որոնք անցած 27 տարիներին արդեն առանձին ընտանիքներ են կազմել։ Բնակարան են ստացել միայն նրանք, որոնք տուն են կորցրել երկրաշարժից հետո, «Ազատությանն» ասաց Արագածոտնի մարզպետը։

«Ուղիղ մեկուկես տարի մենք քաղաքաշինության նախարարության հետ ճշտում էինք էդ ցուցակները՝ ովքեր ունեն սեփականություն, ում չպետք է հատկացվի... այնպես չի, որ հապշտապ ինչ-որ մարդկանց է տրվել։ Ստացել են նրանք, ովքեր բնակմակերես են կորցրել երկրաշարժի ժամանակ և չեն ստացել փոխհատուցում»,- ասաց Սարգիս Սահակյանը։

Մինչդեռ մարզպետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված որոշումների համաձայն՝ անցած տարեվերջին բնակարան են ստացել ոչ միայն աղետից բնակարան կորցրածներն, այլև բնակարանի կարիք ունեցող անապահով ընտանիքները։ Նույնը հաստատեց Ծաղկահովիտի գյուղապետ Երվանդ Խաչատրյանը՝ նշելով, Արայիկը ևս բնակարանի կարիք ունի, ներառված է եղել ցուցակում, բայց 2013-ից հետո դուրս է մնացել՝ իրեն անհայտ պատճառներով։

Ծաղկահովիտի գյուղապետը հաստատեց, որ Արայիկի կազմած կասկածելի ցուցակի ընտանիքներից մեկը, օրինակ, Նվեր Խաչատրյանը, գլխավերևում ծածկ ունի, բնակվում է նախկին հյուրանոցի շենքի բնակարաններից մեկում, որը ցանկացած պահի իրավունք ունի սեփականաշնորհել։

Գյուղապետը հաստատեց, որ բնակարան է ստացել նաև համագյուղացիներից մեկն, ով մինչ այդ ունեցել, սակայն, ըստ փաստաթղթերի, վաճառել է բնակարանը. ընդ որում, չնայած վաճառքին, շարունակում է ապրել այդ տարածքում։

«Ֆիկտիվնի է վաճառել»,- պնդում է ցուցակներից դուրս մնացած Արայիկը։

Գյուղապետը հաստատեց նաև Արայիկի պնդումները, թե վարչապետի որոշմամբ բնակարան է տրվել երկու ընտանիքների, որոնք իրականում չէին համապատասխանում պայմաններին։

«Զինայի աղջկանը 3 րոպեում որոշվեց, Զինան՝ իրա աղջկա, երեխեքի հետ մոտեցավ, խնդրեց վարչապետին, վարչապետը 3 րոպեի մեջ որոշեց, տվեցին, բայց իրեն չէր հասնում։ Իսկ Սարիբեկյան Աշոտը երկրաշարժի ժամանակ տուն չի կորցրել, ապրում է վարձով դոմիկում, դիմում է գրել ու ստացել»,- ասաց Երվանդ Խաչատրյանը։

Նպաստառու, հաշմանդամ երեխա ունեցող, մշտական բնակության վայր չունեցող Արայիկի ընտանիքը որոշել է դիմել Գլխավոր դատախազություն՝ հաղորդում ներկայացնելով բնակարանների հատկացման ժամանակ տեղի ունեցած կոռուպցիայի մասին։

XS
SM
MD
LG