«Մենք հույս ունենք, լավատես ենք այնուամենայնիվ, որ ԵԽԽՎ-ն իր մեջ ուժ, բարոյականություն և, այսպես ասած, տղամարդկություն կգտնի և այդ աննորմալ, խայտառակ բանաձևերը չի ընդունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Որովհետև սա ոչ թե միայն հարված է հայոց պետականությանը՝ Արցախին և Հայաստանին, որովհետև ոչ օբյեկտիվ է, խավիարաթաթախ է և այլն, այլ նաև մեծ հարված է ժողովրդավարական սկզբունքներին», - ընդգծեց Բաբայանը։
Լոբբիստական գործունեությունը համարելով ժողովրդավարության կարևոր ինստիտուտներից մեկը, Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն ընդգծեց, որ սա հեռու է լոբբիստական գործունեություն լինելուց՝ նշելով. - «Ուղղակի մի քանի պատգամավոր Ադրբեջանի կողմից գնվել են, և, փաստորեն, մենք արդեն դա որակել ենք որպես քաղաքական շաբաշ՝ տվել են իրենց, և իրենք այս խայտառակ զեկույցները պատրաստել են»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն օրերս հանդես եկան հայտարարությամբ, որով ԵԽԽՎ-ին հորդորեցին չանել քայլեր, որոնք կարող են վնասել ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցությունները։ Միաժամանակ, համանախագահները հիշեցրեցին, որ «Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների միակ ընդունելի ձևաչափը»։
Հարցին, թե այդ բանաձևերի ընդունումը ի՞նչ ազդեցություն կունենա հակամարտության խաղաղ կարգավորման վրա, Բաբայանը պատասխանեց. - «Մենք հույս ունենք, որ չի ընդունվի, բայց եթե նույնիսկ ընդունվի, իհարկե, նրանք որևէ քաղաքական կամ իրավական ազդեցություն կամ ուժ չեն ունենա։ Պարզապես ԵԽԽՎ-ի վարկանիշը զրոյացնելու են, բացի դրանից՝ ԵԽԽՎ-ն, որը կոչված է լինել ժողովրդավարության կարևոր ատյաններից մեկը համաշխարհային նույնիսկ մասշտաբով, պարզապես կարժեզրկվի, և այդ կառույցը դրանից հետո ես չեմ պատկերացնում՝ ոնց պետք է իր առաքելությունն իրականացնի, ոնց պետք է նույնիսկ խորհուրդ տա տարբեր պետություններին, այդ թվում նաև՝ նույն Ադրբեջանին, որպեսզի ժողովրդավարական նորմերը և մարդու իրավունքները պահպանի։ Մենք այդ տեսանկյունից ենք դիտարկում և տեսնում ենք, որ սա լուրջ մարտահրավեր է հենց ժողովրդավարական սկզբունքներին և արժեքներին»։
Հիշեցնենք, սպասվում է, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երկրորդ օրը քվեարկության կդրվեն Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», ինչպես նաև Միլիցիա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցները, որոնցում հայկական կողմի համար անընդունելի մի շարք կետերի թվում, մասնավորապես, կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։
Երեկ, սակայն, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բեդո Դեմիրճյանը տեղեկացրեց՝ հնարավոր է, որ հակահայկական բանաձևերի քվեարկությունը հետաձգվի։