Հնարավոր է, որ հակահայկական բանաձևերի քվեարկությունը հետաձգվի, անգամ դրանք հետ ուղարկվեն համապատասխան հանձնաժողովներ։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բեդո Դեմիրճյանը։
Նրա խոսքով, բանաձևերի քննարկումների հետաձգումը պայմանավորված է տասնյակ պատգամավորների՝ ԵԽԽՎ ղեկավարությանն ուղղված առաջարկով՝ բանաձևերի քննարկումները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Հնգօրյա նստաշրջանի երկրորդ օրվա օրակարգը աչքի է ընկնում հակահայկական բանաձևերի առատությամբ։ Ավելի վաղ համապատասխան հանձնաժողովների հավանությանն արժանացած աղմկահարույց փաստաթղթերը նախատեսված էր քվեարկության դնել վաղը։
Հիշեցնենք, խոսքը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերտառությամբ զեկույցն է, իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցը, որը հեղինակը ներկայացնում է որպես բնապահպանական խնդիր, նույնպես ուղեկցվում է քաղաքական՝ հայկական կողմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համար անընդունելի ձևակերպումներով։
Հիշեցնենք, ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող երկու փաստաթղթերի հեղինակներն էլ իրենց զեկույցները պատրաստելիս շրջանցել են Լեռնային Ղարաբաղը, և երկու նախագծերն էլ կազմվել են բացառապես ադրբեջանական կողմի հետ համագործակցության արդյունքում։
Ուոլթերի հեղինակած զեկույցը կոչ է անում՝ դուրս բերել հայկական զինուժը «Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից» և այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն։
«Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցում էլ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբար չայցելած Մարկովիչը պնդում է, որ ջրամբարը ոչ բարենպաստ վիճակում է, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային խոշոր աղետի, որի հետևանքով կարող են մարդկային մեծ կորուստներ լինել։
Եվրոպացի պատգամավորների քվեարկությանը սպասող այս նախագիծը ևս պահանջում է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել հայկական զինված ուժերը։
Ամիսներ շարունակ Հայաստանում և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից քննադատվող այս նախագծերի ճակատագիրը հայտնի կդառնա վաղը կեսօրին։
Մինչ այդ, հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները։ «Նման բանաձևերի ընդունմամբ ԵԽԽՎ-ն կթուլացնի ԵԱՀԿ-ի կողմից Մինսկի խմբի ընդունած մանդատը, կամ կբարդացնի ընթացող բանակցությունները», - հերթական անգամ հայտարարում են միջնորդները՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համար միակ ընդունված ձևաչափը շարունակում է մնալ Մինսկի խումբը։