«Ցանկացած դեպքում անհավասարության սկզբունքը և ռուսական ավիաընկերությունների գերիշխումը Հայաստանում․․․ այդ քաղաքականությունը 1992 թվից փորձում է Հայաստանում պահպանվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Էյր Արմենիա»-ի մարկետինգի պատասխանատու Սիրական Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ 2013-ին, երբ «Էյր Արմենիա»-ն մտավ շուկա՝ շաբաթական մի քանի անգամ չվերթներ իրականացնելով դեպի Ռուսաստան, ռուսական ընկերությունները կտրուկ իջեցրեցին տոմսերի գները՝ հարված հասցնելով հայկական մրցակցին․ - «Միանգամից իջան էդ գները, ու մենք արդեն շուկա մտանք, վաճառքը սկսեցինք դեմպինգային գների մեջ»:
Հայաստանյան ընկերությունն անհավասար պայմաններում է հայտնվել նաև մոսկովյան օդանավակայաններում, որտեղ «ռուսական ընկերությունները ավիացիոն ծառայությունների դիմաց շատ ավելի քիչ են վճարել, այն դեպքում, երբ Հայաստանում գործել են նույն սակագները բոլորի համար»․ - «Նավիգացիոն ծախսերը հայկական փոխադրողների համար՝ Երևան - Մոսկվա - Երևան չվերթի մասին եմ խոսում, 2000 հազար դոլար ա, ռուսական ավիափոխադրողի համար՝ 200 դոլար»:
Շուկայում մի կերպ գոյատևող հայկական ընկերության դժվարություններին 2014-ի սեպտեմբերին ավելացավ ևս մեկը. «Ռոսաերոնավիգացիա»-ն արգելեց «Էյր Արմենիա»-ին թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվա․ - «Իր սեփական կայքում դնում է հայտարարություն, որ սեպտեմբերի 21-ից հայկական ավիափոխադրողին արգելելու է մուտք գործել Ռուսաստանի տարածք՝ պատճառաբանելով, որ մենք իրենց չմարած պարտավորություններ ունենք»:
Արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանյան բանկային համակարգի խնդիրների պատճառով վճարումը օրեր անց կատարվեց: Սակայն, ռուսական կողմի հայտարարությունը, ըստ «Էյր Արմենիա»-ի, իրենց լուրջ վնաս էր պատճառել․ «Էյր Արմենիա»-ին վարձով օդանավեր տված Aercap ընկերությունը հետ պահանջեց իր երկու ինքնաթիռները, բազմաթիվ ուղևորներ վերադարձրին տոմսերը։
2014-ի աշնանը «Էյր Արմենիա»-ն դադարեցրեց թռիչքները, անգամ ուկրաինական ընկերության նոր խոշոր ներդրումը չօգնեց ոտքի կանգնել։ Բանկի պահանջով տարեվերջին հայկական ավիափոխադրողը սնանկ ճանաչվեց և հիմա պարտատերերին առողջացման ծրագիր է ներկայացրել։
Ավիացիայի ոլորտի փորձագետ, մասնավոր ավիափոխադրող ընկերության հիմնադիր Հակոբ Ճաղարյանը, սակայն, թերահավատ է, թե «Էյր Արմենիա»-ն կամ որևէ այլ տեղական ընկերություն կարող է հաջողության հասնել մրցակիցների ագրեսիվ քաղաքականության պայմաններում։
Այդպիսի օրինակներ, նրա խոսքով, շատ կան․ - «Եվ ամենավերջին վառ օրինակը, երբ Վրաստանը, օրենսդիր կարգով, ազգային շահերը պաշտպանելով, ռուսական վեց ավիաընկերություններից թողեց երեքը, որ թռիչքներ կատարեն Վրաստան՝ թռիչքների քանակը քչացնելով մինչև շաբաթական տասը թռիչքի: Իսկ ռուսական ընկերությունները օրական են Երևան տասը թռիչք անում: 9 ռուսական ընկերություն ունեն շաբաթական 147 թռիչքի լիցենզիա դեպի Երևանի օդանավակայան»:
Տեղական մեկ և ավելի ավիաընկերությունների գոյությունը ազգային անվտանգության հարց համարող Ճաղարյանի կարծիքով, անգամ «բաց երկնքի» պայմաններում քաղաքական կամքի դեպքում հնարավոր է լուծել այս խնդիրները: