Մեկ շաբաթ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած 26-ամյա Արաքսյա Դանիելյանի հարազատները բժիշկներին են մեղադրում հղի կնոջ մահվան համար։
Ամուսինը՝ Արցախ Քոչարյանն օրեր առաջ դիմել է Ոստիկանություն։ «Պահանջում եմ՝ բերեն, էդ մարդուն պատասխանատվության ենթարկեն, այս երկու երեխաները հենց այնպես որբ չպետք է մեծանան։ Ինչ-որ մեկը պետք է պատասխան տա՞, թե՞՝ չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարյանը։
Բժշկական փաստաթղթերում որպես մահվան պատճառ է նշվում երկկողմանի թոքաբորբը։ Արմավիրի մարզում բնակվող Արաքսյայի ընտանիքը պնդում է՝ եթե բժիշկները ժամանակին ախտորոշեին թոքաբորբը, մինչ այդ առողջական խնդիրներ չունեցող Արաքսյային հնարավոր կլիներ փրկել։
«Մեղադրում եմ Պապոյանին, որ երեք օր ես հարցնում էի` «վիճակը ո՞նց է», ասում էր՝ «թոքերը մաքուր են», բայց կինս ինձ առանձին կանչում ու ասում էր՝ «երկու թիակիս արանքը ծակում է, ցավում է, սաղ գիշեր չեմ քնում»։ Գնում էի հիվանդանոց իրեն տեսնելու, նստում էր, ասում էր՝ «կամաց խփի, էլի, ցավում է», - ասաց Քոչարյանը։
Ամուսինը պատմեց, որ հղիության վեց ամիսների ընթացքում կինը որևէ բողոք չի ունեցել, մահվանից օրեր առաջ է միայն սկսել գանգատվել թոքերի շրջանում ցավից ու բարձր ջերմությունից։ Հարազատներն անմիջապես կնոջը հիվանդանոց են տեղափոխել, սակայն ծննդաբերական բաժանմունքում մերժել են ռենտգեն անելու պահանջը՝ պնդելով, թե նոր սկսվող գրիպ է ու դրա կարիքը չկա։
Քույրը՝ Քրիստինեն հիշում է Արմավիրի հիվանդանոցում երեք օր պառկած Արաքսյայի դժգոհությունները։ «Երեք օր հետո ասում է՝ «խնդրում եմ, ուզում եք՝ վճարեմ, թոքերս ռենտգեն արեք, լավ չեմ զգում ինձ»։ Հեռախոսով հաճախակի խոսել ենք, ասում էր՝ «ամբողջ մարմինս ցավում է, իրենք անգամ ջերմությունս չեն կարողանում իջեցնել, բարձր ջերմություն ունեմ, լավ չեմ զգում»։ Նոր իրա խնդրանքով, պահանջով ռենգտեն են անում ու ասում են՝ «երկկողմանի սուր թոքաբորբ, ուղեգրով տեղափոխեք Հանրապետական հիվանդանոց»։ Անալգին-դիմեդրոլով թոքաբորբ են բուժո՞ւմ, եթե օգնեին, հիմա ինքը կլիներ», - ասաց Քրիստինե Դանիելյանը։
Թերապևտ Անդրանիկ Պապոյանը պնդում է, որ ինքը երկու անգամ ցուցում է տվել ռենտգեն հետազոտություն կատարել՝ նաև հաշվի առնելով շնչառական վարակների տարածվածությունը։ «Հիվանդություն առաջին օրն է եղել, իսկ առաջին օրը կարող է նաև թոքաբորբը չլսես, ոչ ոք չի կարող թոքերը լսելով ասի թոքաբորբ։ Դրա համար, իմ խորհուրդներից բացի, դեղերից, որ նշանակել եմ առաջին պահի համար, հենց առաջինը գրել եմ՝ կատարել թոքերի ռենտգեն», - «Ազատության»-ը փոխանցեց Պապոյանը։
Թերապևտը սլաքներն ուղղում է ծննդատան բժիշկների ուղղությամբ՝ պնդելով, թե հենց նրանք են անտեսել ռենտգեն հետազոտություն անցկացնելու իր ցուցումները։
Ծննդատան բժիշկ Բելլա Կարապետյանն էլ հակադարձում է՝ գրիպի դեմ է բուժել, քանի որ շնչառական խնդիր թերապևտը չի հայտնաբերել։
«Հա, բայց այդ կինը հղի է, մենք ամեն մեկին ռենտգեն չենք նշանակում, դա ոչ ցանկալի հետազոտություն է հղիի համար։ Եթե առաջին օրը դա արվեր՝ ռենտգենը, ցույց կտա՞ր, ինձ թվում է, ցույց չէր տա։ Բժիշկը եթե դիագնոզում դներ թոքաբորբ՝ հարցականի տակ, առանց որևէ խոսքի կգնար։ Ես չեմ կարող իրեն երկու ժամվա մեջ ամեն ինչ անեմ՝ ես պետք է իրեն դուրս բերեմ բարձր ջերմությունից, նշանակումները տամ... ես չեմ կարող ասեղը թևի մեջ տանեմ ռենտգեն անեմ», - ասաց Կարապետյանը։
Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեում դեռ քննություն է տարվում։ Մինչ իրավապահները կորոշեն՝ հարուցել քրեական գործ, թե՝ ոչ, բժիշկները պայքարում են Արաքսյայի որդու՝ կեսարյան հատումով լույս աշխարհ եկած Ռուբենի համար։ Ամուսինների 4-ամյա դուստրը՝ Սուսաննան էլ դեռ սպասում է մոր վերադարձին։
Նախորդ 6 տարիների ընթացքում, ըստ «Հետք»-ի ուսումնասիրությունների, բժշկական սխալի համար դատարանի առջև է կանգնել 32 բժիշկ, որոնցից միայն մեկն է հայտնվել ճաղերի հետևում, 19-ը համաներմամբ պատժի կրումից ազատվել է, 8-ի նկատմամբ դատարանը որոշել է պայմանականորեն չկիրառել պատիժը, մեկ բժիշկ արդարացվել է, երկուսի նկատմամբ էլ նշանակվել է տուգանք՝ 100 հազար դրամի չափով: