Մատչելիության հղումներ

Արտադատարանական «հրավերներ» Ուզբեկստանում ծայրահեղականության մեջ մեղադրվող հայի գործով


Արամայիս Ավագյանի կինը՝ Շիրին Տուրսունովան
Արամայիս Ավագյանի կինը՝ Շիրին Տուրսունովան

Ուզբեկստանի քաղաքացի, իսլամիստական ծայրահեղականության ծանր մեղադրանքներով դատարանի առջև կանգնած 33-ամյա Արամայիս Ավագյանի կինը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Դիզակի վարչական շրջանի ղեկավարն իրեն զգուշացրել է դադարեցնել բողոքելը:

Ազգությամբ ուզբեկ Շիրին Տուրսունովան փոխանցեց, որ հանդիպմանը բացի վարչական շրջանի ղեկավար Գաֆուր Կարշիբաևից մասնակցել են նաև նրա օգնական Ֆաթիմա Ռասուլովան, մշակույթի և քարոզչության հարցերով վարչության պետ Քարիմ Թաթլիբաևը, նույն բաժնի երկու այլ աշխատակից: Ըստ Շիրին Տուրսունովայի, հանդիպման ժամանակ Կարշիբաևն ասել է. - «Ամեն ինչ լավ կլինի, մի մտահոգվեք, ամեն ինչ նորմալ է»։ Շիրինի խոսքով՝ հանդիպման հրավիրողները ավելացրել են, թե իբր իրենք Շիրինին նույնպես «օգնում են»: Թե ինչպես, Շիրին Տուրսունովայի փոխանցմամբ, չեն մանրամասնել: Բայց նշել են պայմանը՝ «Դուք հակառակ մի խոսեք»։

Հարցին, թե գործի վրա ճնշումների շարունակության դեպքում բողոքելն ինչի՞ կհանգեցնի, Շիրին Տուրսունովան փոխանցեց, իր պնդմամբ, Կարշիբաևի և մյուսների զգուշացումները՝ «Ձեզ համար ծանր կլինի», ցույց են տվել «Ազատության» ուզբեկական ծառայության հրապարակած նյութերը և պնդել, թե հետապնդումների մասին բարձրաձայնելը «ճիշտ չէ»։

Արամայիս Ավագյանի մոր պնդմամբ՝ որդու ձկնաբուծարանը փորձել է խլել վարչական շրջանի ղեկավար Կարշիբաևը, որի զանգերի և արտադատարանական «հրավերների» մասին վկայում է նաև Արամայիս Ավագյանի հետ ամբաստանյալի աթոռին նստած Ֆուրքատ Ջուրաևի եղբայրը: Նա պնդեց, որ Կարշիբաևը զանգահարել է իր ծնողներին ևս: Ռուսերենի չտիրապետող մայրը՝ Մախամոյ Ջուրաևան, որը հաստատում էր, որ գնացել է հանդիպման, փոխանցում էր հանդիպումների մանրամասները, որդին թարգմանում էր ռուսերեն:

«Երկու օր առաջ նույնպես կանչել են, խակիմի [վարչական շրջանի ղեկավարի] օգնականը՝ Թաթլիբաևը։ Կանչել է և ասում է՝ պետք չի այստեղ-այնտեղ բողոքել, ամեն ինչ լավ ձևով կլինի, նրանք այդպես են խոստացել»,- որդու թարգմանությամբ փոխանցեց ամբաստանյալի մայրը:

Վարչական շրջանի ղեկավարը, ըստ մեր զրուցակիցների, նաև հետաքրքրվել է ամբաստանյալ Ֆուրքատ Ջուրաևի և հայազգի Արամայիս Ավագյանի մասին։

«Հարցրել է, թե ձեր որդու համար Արամայիսն ո՞վ է»,- մոր պատմածը փոխանցելով՝ ամբաստանյալի եղբայրը նաև շարունակեց, թե ծնողները զարմացել են՝ ինչո՞ւ է Կարշիբաևն այդպես ասում, եթե չգիտի Արամայիսին:

Անցյալ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության հետ զրույցում Կարշիբաևն ասել էր, թե չի ճանաչում Արամայիսին:

Ամբաստանյալի եղբայրը մի քանի անգամ կրկնեց՝ «խակիմը՝ վարչական շրջանի ղեկավարը, չէ՞ որ չգիտի Արամայիսին, բոլորին ասում է այդ մասին, իրեն արդարացնում է, իսկ ինչո՞ւ է հարցնում՝ Արամայիսը ձեր որդու համար ո՞վ է»:

Արամայիս Ավագյանի մայրը՝ Հայաստանից 36 տարի առաջ հեռացած, Ուզբեկստանի քաղաքացի Ֆլորա Սաքունցն ուշադրություն է հրավիրում հարցին, որ որդու բիզնեսը խլելու անհաջող փորձերից հետո վարչական շրջանի ղեկավարը հասկացել է, որ աղմուկն անսպասելի է։

«Ասում է՝ ես չեմ իմացել, որ տենց կվրդովվեն ժողովուրդը, էդ աստիճանի կհասնի, ըտենց ոտի կկանգնի: Հարսիս էր ասել՝ Արամայիսի կնոջը»,- ասաց մայրը:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք, որ հայտնի դարձավ այսօր: Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ ստացել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նամակը՝ կապված Արամայիս Ավագյանի նկատմամբ բռնություններ գործադրելու հետ:

Նախքան Հայաստանի օմբուդսմենի պաշտոնից հրաժարական տալը Կարեն Անդրեասյանը Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպան Ուլուկբեկ Մուհամադիևին գրել էր, որ հունվարի 6-ին իրեն է դիմել «մեր հայրենակիցը»:

«Հիմնվելով մարդու իրավունքների ինստիտուտների կամավորական և փոխօգնության սկզբունքի վրա, խնդրում եմ, հնարավորությունների դեպքում, Ձեր համագործակցությունը Ա. Ավագյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու կապակցությամբ, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ վերջինիս նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու վերաբերյալ»,- գրել էր Կարեն Անդրեասյանը:

Ուզբեկստանի օմբուդսմենի ավագ օգնականը տեղեկացրեց՝ նամակը ստացվել է, վերցվել է լիազորված հսկողության, և ամբողջ ուսումնասիրությունից հետո հայկական լիազորված կողմը կծանուցվի հետաքննության արդյունքների մասին:

Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանի ավագ օգնականն ասաց, թե տեղյակ չեն, որ վարչական շրջանի ղեկավարը դատավարությանը զուգահեռ հանդիպումների է «հրավիրում» ամբաստանյալների հարազատներին, հորդորում դադարեցնել բողոքները: Նա խոստացավ, որ օմբուդսմենին կփոխանցի այդ տեղեկությունը, իսկ ձեռնարկած քայլերի մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ:

XS
SM
MD
LG