Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը հեռացավ. Իրավապաշտպանները խոսում են ճնշումների և սպառնալիքների մասին


Կարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյան

Այսօրվանից դադարում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, քանի որ Կարեն Անդրեասյանն այսօր կրկնեց իր հրաժարականը՝ այդ մասին համապատասխան գրությունն ուղարկելով Ազգային ժողով:

Պաշտպանը այսօր ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր հրաժարականի պատճառներին՝ այդպես է չհստակեցնելով՝ ո՞վ կամ ինչը՞ ստիպեց նրան գնալ այդ քայլին:

«Հրաժարականի պատճառը բազմաշերտ է և շատ բարդ է այն ներկայացնել մեկ կամ մի քանի բառով: Բայց ամենակարճն ու հիմնականը հետևյալն է. եթե 2016-ին էլ հենց ես մնայի օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այդքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ»,- գրել է Կարեն Անդրեասյանը՝ չպարզաբանելով, թե ինչու պաշտպանի կառույցը իր ղեկավարման դեպքում կդառնար ոչ արդյունավետ:

Մինչդեռ իրավապաշտպանները խոսում են իշխանական ճնշումների մասին: Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ՝ Անդրեասյանին պարտադրվել է հրաժարական: «Սա միանշանակ պարտադրված հրաժարական է, և վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի իմացությամբ և գիտությամբ։ Շատ հնարավոր է՝ դա [հրաժարականի պահանջը] նաև սպառնալիք է՝ կախված նրա գլխին»։

Իրավապաշտպանն ափսոսում է, որ Անդրեասյանը հրաժարական տվեց, քանի որ գնահատում է նրա աշխատանքը՝ «այնքանով, որքանով հնարավոր է Հայաստանում տիրող թողտվության և անպատժելիության մթնոլորտում աշխատել»: Ալեքսանյանը չի բացառում, որ իշխանությունը, նրան հրաժարական պարտադրելով, նաև կանխել է Սահմանադրական հանրաքվեի մասին արտահերթ զեկույցի հրապարակումը:

«Հանրությանը հասկանալի էր, որ միանշանակ կեղծված է այս հանրաքվեն, և թե ինչպես են կեղծել ու ինչ որակի կեղծիքներ են՝ սա պետք է տեղ գտներ այդ զեկույցում։ Իշխող կուսակցությունը ուղղակի կանխում է բոլոր ոլորտներում Հայաստանի առաջընթացը, որևէ զարգացում Հայաստանում չպետք է լինի, պետք է մարդու իրավունքները լինեն էս վիճակում, պետք է ոստիկանությունը ծեծի, ջարդի, ոչ մեկը ոչինչ չասի, պետք է այս անպատժելի մթնոլորտը ամենուր և ամեն տեղ շարունակվի։ Սա իշխող կուսակցության ցանկությունն է։ Եթե որևէ մեկը ցանկանում է մի քայլ անել դեպի առաջ, սա անմիջապես կանխվում է»,- ասաց իրավապաշտպանը։

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նույնպես կարծում է, որ Անդրեասյանը հրաժարական է տվել իշխանական ճնշումների պատճառով, ինչը հստակ արտացոլվում էր պաշտպանի հանդեպ իշխող Հանրապետականի վերաբերմունքում։

«Դա խոսում էր այն մասին, որ կա հոգեբանական ճնշում։ Եվ ամեն մեկը ընտրում է՝ դիմանալ այդ հոգեբանական ճնշմանը, թե հրաժարական տալ։ Ես դեմ եմ հրաժարականներին»,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը հիշում է՝ ինքն էլ 2004-ից մինչև 2006-ը քաղաքական լուրջ ճնշումների էր ենթարկվում, զրկված էր հեռուստաեթերից, խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը արգելել էր ներկայացնել տարեկան երկրորդ զեկույցը, ավելին՝ իրեն աշխատանքից ազատելու՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրից հետո պաշտպանի գրասենյակը կողպել էին, և նա քաղաքացիներին ստիպված դռան առջև էր ընդունում:

Առաջին պաշտպանը չի թաքցնում, որ իրեն շատ վերևներից ասում էին՝ պետք է հրաժարական տա.- «Այո, առաջարկությունը շատ բարձր մակարդակից՝ հրաժարական տալու, եղել է։ Քոչարյանը չի զանգահարել, Քոչարյանը խռով էր ինձ հետ, ես կարծում եմ՝ մինչև հիմա էլ խռով է։ Անձամբ չի զանգահարել, բայց դա կապ չունի, կապ ունի, որ դա բարձր մակարդակի էր, և ասել եմ՝ ոչ, ես հրաժարական չեմ տա։ Ես ասել եմ՝ հրաժարական պիտի տա նա, ով սխալ է»։

Լարիսա Ալավերդյանը ցավում է, որ 2004 թվականից առ այսօր իշխանության վերաբերմունքը չի փոխվել օմբուդսմենի ինստիտուտի վերաբերյալ, 12 տարի անց այսօր էլ նույն գործելաոճն է: Եթե Ալավերդյանին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրից հետո թույլ չէին տալիս պաշտպանի գրասենյակ մտնել և նրա առջև դուռը կողպել էին, ապա տասը մարդու կյանք խլած 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանը նույն Քոչարյանի կողմից արժանացավ «անհաջող կադր» որակմանը: Ժամկետից շուտ հրաժարական ներկայացրած երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանին էլ չխնայեցին իշխող Հանրապետականի ներկայացուցիչները՝ տարբեր վիրավորական արտահայտություններ հնչեցնելով նրա հասցեին։

«Եվ վերջապես իշխանությունը պիտի հասկանա՝ երբ ինքը գնում է այդ ճանապարհով՝ երեք մարդու իրավունքների պաշտպանների դեմ ամենակոպիտ, գռեհիկ ձևով արտահայտվելով, դա խոսում է իշխանության մասին։ Երեք դեպքերում էլ պաշտպաններին առաջադրել է իշխանությունը, վերջապես մենք պետք է հասկանանք, որ ժողովուրդը չի ընտրում, ընդդիմությունը չի բերում, և հենց իշխանությունն էլ սկսում է ոչ համարժեք վերաբերմունք դրսևորել պաշտպանների հանդեպ։ Ես խղճում եմ իշխանությանը»,- ասաց Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG