Մատչելիության հղումներ

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններին ներկայացվել է օղի կեղծելու մեղադրանք


«Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչը դատարանի դահլիճում ցուցադրում է «Զելյոնայա մետկա» օղու շշերը:
«Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչը դատարանի դահլիճում ցուցադրում է «Զելյոնայա մետկա» օղու շշերը:

Հայցվոր կողմը պնդում է, որ «Ա և Գ» ՍՊ ընկերությունը «Զելյոնայա մետկա» անվան տակ կեղծում է իրենց «Զելյոնայա մարկա» ապրանքանիշով օղին։

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (ՀՀԿ խմբակցություն, անկուսակցական) ընտանիքին պատկանող ընկերությունները օղիներ կեղծելու մեղադրանքով այսօր դատարանում էին հայտնվել։

«Զելյոնայա մարկա» ապրանքանիշի սեփականատեր, Կիպրոսում գրանցված «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչը և փաստաբանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարան որպես ապացույց բերել էին Ալեքսանյանների և իրենց ընկերության օղիների օրինակները՝ պնդելով, որ «Զելյոնայա մետկա» օղու շշի ձևավորումը շփոթեցնելու աստիճան նման է իրենց արտադրած «Զելյոնայա մարկա» օղու շշին, և պահանջում էին արգելել ընկերությանը շարունակել նման ապրանքանիշով արտադրությունը։

Կիպրոսում գրանցված ընկերությունը պահանջ ունի նաև «Երևան Սիթի» սուպերմարկետները ներկայացնող «Ալեքս Գրիգ» ընկերությունից, քանի որ, ըստ փաստաբանի, «Ա և Գ» ընկերության արտադրած օղիները վաճառվում են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ուստի իրենք պահանջում են, արգելել այդ օղու վաճառքը «Երևան Սիթի»-ի ցանցում:

Որպես ապացույց փաստաբանը ներկայացրեց «Երևան Սիթի» ցանցի խանութներից մեկից գնված «Զելյոնայա մետկա» օղու կտրոնը:

Պատասխանող կողմերից «Ալեքս Գրիգ» ընկերությունը չէր ներկայացել։ Իսկ «Ա և Գ» ընկերությունը ներկայացնող փաստաբանը խնդրեց տարանջատել երկու ընկերությունների հանդեպ պահանջները։

Այդ նպատակով հայցվոր կողմը ժամանակ խնդրեց։

Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 3-ին։

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները առաջին անգամ չեն օղի կեղծելու մեղադրանքով հայտնվում դատարանում։ Դեռևս 2008-2009 թվականներին կրկին նույն «Զելյոնայա մարկա» օղու շուրջ դատական վեճ էր ծագել։ Այն ժամանակ արտադրողը «Ալեքս Գրիգ» ընկերությունն էր։ Հայցվորը դիմումը հետ էր վերցրել, գործը կարճվել էր։ Կողմերը թերևս համաձայնության էին եկել, քանի որ դրանից հետո «Ալեքս Գրիգ»-ը այս ապրանքանշով օղու արտադրությունը դադարեցրել էր: Հետագայում, սակայն, նույն արտադրությունը սկսել էր կրկին Ալեքսանյանների ընտանիքին պատկանող «Ա և Գ» ընկերությունը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տարբեր օղիներ կեղծելու հարցով մի քանի անգամ տուգանել է պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերություններին։ Հարկադիր ծառայությունը 2012 թվականին օղիներ և պիտակներ էր առգրավել «Ալեքս Գրիգ» ընկերությունից։

Օրվա ընթացքում մի քանի անգամ փորձեցինք կապվել Սամվել Ալեքսանյանի հետ, զանգին պատասխանեցին մեկ անգամ, պատգամավորի ձայնին շատ նման ձայն ունեցող անձնավորությունը պնդեց, որ դա նրա հեռախոսահամարը չէ։

Ալեքսանյանը, հիշեցնենք, բազմիցս պնդել է, որ ինքը բիզնես չունի, և դրա մասին խուսափում է խոսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG