Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն «փորձառու դիվանագետ» է համարում ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպանին


Գրիգոր Հովհաննիսյան, ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան
Գրիգոր Հովհաննիսյան, ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթեր»-ի իր էջում «փորձառու դիվանագետ» է համարել Գրիգոր Հովհաննիսյանին, ով երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան։

45-ամյա դիվանագետը 90-ականների սկզբում աշխատել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում, այնուհետև, ՄԱԿ-ի առաքելությունների կազմում, աշխատել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։ 2009 թվականից Հայաստանի գլխավոր հյուպատոսն էր հայաշատ Լոս Անջելեսում, ապա՝ Հայաստանի դեսպանը Մեքսիկայում, համատեղության կարգով՝ նաև մի շարք այլ լատինամերիկյան երկրներում։

Լոս Անջելեսում հյուպատոս նշանակվելուց հետո տեղի լրագրողներից մեկին տված հարցազրույցում դեսպան Հովհաննիսյանն ասել է՝ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է բարձրացնել Հայաստանի վարկանիշը, զարգացնել հայ-ամերիկյան հարաբերությունները և ծառայել համայնքի կարիքներին։

Մինչ Հովհաննիսյանի նշանակումը, 2014 թվականի հունիսից ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով առաջիկայում 4 տարով զբաղեցնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Հայաստանյան որոշ ընդդիմադիրներ ամիսներ առաջ քննադատում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար Տիգրան Սարգսյանի թեկնածությունը։ Մասնավորապես, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ այդ նշանակմամբ Սարգսյանին Հայաստանի ներքաղաքական կյանք վերադարձնելու համար հող է նախապատրաստվում։ «Սա տրամպլին է՝ Տիգրան Սարգսյան գործչին ներմուծելու, ներդնելու հայաստանյան ապագա քաղաքական գործընթացների մեջ»,- ասել էր Զոհրաբյանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերազգային կառույց է, որը մշակում է միության քաղաքականությունը, ընդունում և բաշխում է ներմուծման մաքսատուրքերը, կանոնակարգում՝ գնումներն ու աշխատանքային միգրացիան։ Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունը Հայաստանին կանցնի փետրվարի 1-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG