Մատչելիության հղումներ

Հայաստանում «խոզի գրիպից» մահացել է 7-րդ հիվանդը


H1N1-ի պատվաստանյութը, արխիվ
H1N1-ի պատվաստանյութը, արխիվ

Այսօր արձանագրվեց Հայաստանում խոզի գրիպից մահացության արդեն 7-րդ դեպքը։ Կինը երկու օր առաջ էր Թալինից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվել։ Այնտեղից «Ազատությանը» փոխանցեցին, որ հիվանդը իրենց մոտ է բերվել ծայրահեղ ծանր վիճակում։ 30-ն անց կինը մահացել է այսօր առավոտյան, երբ մի քանի օրգան միաժամանակ սկսել են չգործել։ Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ախտորոշումը և այլ մանրամասներ կճշտվեն փորձաքննության արդյունքում։

Այսօր երեկոյան հայտնի դարձավ, որ արձանագրվել է նաև քաղցկեղով հիվանդ, վիրահատված երեխայի մահվան դեպք, որի մոտ միաժամանակ հաստատվել է գրիպի H1N1 ենթատեսակը:

Միաժամանակ Առողջապահության նախարարությունը տվյալներ է ներկայացվում հիվանդացության ցուցանիշների բարելավման մասին. ըստ այդմ, նվազել է թոքաբորբով հիվանդների, հղի հիվանդների և վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների թիվը։ Մարդկանց հոսքը հիվանդանոցներ, սակայն, չի դադարում, նաև խոզի գրիպով նոր վարակակիրներ են հայտնաբերվում։

«Երեկ մոտ 10 երեխաների մոտ H1N1-ի լաբորատոր արդյունքները եկել են դրական։ Կարելի է արդեն եզրակացություն անել, որ ավելի շատ մենք գործ ունենք H1N1 տիպի հետ»,- «Ազատությանը» փոխանցեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ալլա Հարությունյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին H1N1-ով վարակված և ծանր վիճակում գտնվող երեք հիվանդ կա։ Հիվանդ ծննդկանին կեսարյան հատում է արվել, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ Փոխտնօրենը պնդում է՝ բոլոր անհրաժեշտ միջոցներն ունեն, «Տամիֆլյու» դեղամիջոցն էլ անվճար են տրամադրում։

«Եթե հիվանդը ընդունվեց մեր մոտ, բացվեց հիվանդության նկարագիր, ինքը կարիք ունի «Տամիֆլյու»-ի, տալիս ենք, բայց եթե փողոցից մեկը գա, «Տամիֆլյու» ուզի, իհարկե, մենք չենք տա, որովհետև դեղամիջոցը գտնվում է հսկողության տակ, մենք պետք է ներկայացնենք «Տամիֆլյու»-ի ծախսը»,- ասաց Գագիկ Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով՝ «Շտապ օգնության» մեքենաները շարունակ նոր հիվանդներ են բերում.- «Էս վերջին օրերին «Շտապ օգնության» մեքենաներով բերվող հիվանդների թիվը հասնում է 70-ի, 65-ի, 62-ի»։

«Շտապ օգնությունն» այսօր աննախադեպ շատ՝ 877 կանչ է գրանցել։ Մեծ մասը գանգատվել են սուր շնչառական խնդիրներից։ «Շտապ բժշկական օգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ իրարանցումն անհիմն է, քանի որ արդյունքում հիվանդանոց տեղափոխվողների թիվն այդքան էլ մեծ չէ։

«Նախ ավելացումը կապված է տոն օրերի հետ, մարդիկ տանն են և ցանկություն չունեն տանից դուրս գալու, գնալու պոլիկլինիկա կամ դիմելու իրենց ընտանեկան բժշկին, գերադասում են կանչել «Շտապ օգնության» բժշկին, որ նա իրենց հետազոտի, բուժում նշանակի։ Նախորդ տարիների համեմատ մեծ է թիվը հիվանդների, ում մենք սպասարկել ենք տանը, բայց հոսպիտալիզացիայի՝ հիվանդանոց տեղափոխվող հիվանդների թիվը մեծ չէ։ Դա է կարևոր, դա է հիվանդության ծանրության ցուցանիշը»,- ասաց Ստեփանյանը։

Հիվանդանոցները, սակայն, այսօր էլ շարունակում են գերծանրաբեռնված աշխատել՝ հիվանդներից ոմանց բուժօգնություն տրամադրելով միջանցքներում։

«Տեղի խնդիր միշտ էլ լինում է, դրա համար, հաշվի առնելով վիճակը, մենք փորձում ենք հատկացնել նրանց, ովքեր անհրաժեշտությունը ունեն»,- հայտնեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG