Մատչելիության հղումներ

Հայաստանում քննադատում են Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարությունը


Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ, արխիվ
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ, արխիվ

Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարությունն այն մասին, թե անգամ Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաները չեն ոչնչացվել, վրդովմունք է առաջացրել Հայաստանում։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը օրերս ռուսական հեռուստաընկերությանը տված ծավալուն իր հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով այժմ Միջին Արևելքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, ասել էր.- « Քրիստոնյաների և մահմեդականների միջև հարաբերությունները անամպ չեն եղել պատմության մեջ, մենք գիտենք, որ եղել են և՛ բռնի հավատափոխության դեպքեր, և՛ Բյուզանդիայի քրիստոնեական տարածքների գրավումներ, բայց եթե փակագծերից այն կողմ թողնենք բուն ռազմական գործողությունները, որ ուղեկցվել են կորուստներով թե մեկ, թե մյուս կողմից, ապա երբևէ իսլամական աշխարհում տեղի չի ունեցել այն, ինչ հիմա է կատարվում»։

Այժմ 20-րդ դարի վերջի և 21-րդ դարասկզբի իրադարձությունները Մերձավոր Արևելքում պատրիարք Կիրիլը համարել է ցեղասպանություն՝ հակադրելով անցյալի հետ, իսկ որպես օրինակ՝ Համայն Ռուսիո պատրիարքը բերել է Օսմանյան Թուրքիան: «Այո՛, եղել են քրիստոնեական փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չի ոչնչացրել»,- հայտարարել է նա։

Այսօր երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայության ղեկավար տեր Վահրամ Մելիքյանը հայտնեց, որ ռուսական եկեղեցուց ստացել են պարզաբանում, որում նշված է, թե Ռուսաստանի եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ անփոփոխ է:

«Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում սրբագույն պատրիարք Կիրիլը խոսել է վերջին տարիներին Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների սարսափելի և աննախադեպ իրավիճակի մասին: Այդ կոնտեքստում սրբազանը բերել է Օսմանյան կայսրության պատմության օրինակը, որտեղ եղել են այնպիսի շրջաններ, երբ ներմուծվող կարգն ապահովում էր համեմատական անվտանգություն և կայունություն կրոնական փոքրամասնությունների կյանքում: Նման կարգի բացակայությունը միշտ, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, բերում է դեպքերի ողբերգական զարգացման: Ահա թե ինչու ենք մենք ժամանակակից իրադարձությունները կոչում ցեղասպանություն»,- ըստ տեր Վահրամ Մելիքյանի՝ ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը, սակայն, մինչ այս պահը տեղադրված չէ ո՛չ Ռուսաստանի ուղղափառ, ո՛չ Հայաստանի Առաքելական եկեղեցու կայքերում։

«Մեր եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցով բազմիցս պարզ հնչեցվել է պատրիարքի մեծաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում: Մեր դիրքորոշման վառ օրինակ է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու` ամենաբարձր մակարդակով մասնակցությունը Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր իրադարձություններին. Նորին Սրբության մասնակցությունը Մոսկվայում հայկական եկեղեցու օծմանը, նախորդ տարի Երևան ռուսական եկեղեցու պատվիրակության այցը` մասնակցելու հիշատակման միջոցառումներին, որոնք նվիրված են եղել ցեղասպանության 100-ամյակին: Ռուսական եկեղեցու դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք մշտապես բաց, հրապարակային ձևով պաշտպանել և շարունակելու ենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջկրոնական հարթակներում»,- նշված է մեկնաբանությունում, որը «Ֆեյսբուք»-ում տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունից Վահրամ Բաղդասարյանը հրաժարվեց մեկնաբանել Ռուսիո պատրիարքի հայտարարությունը։ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն անընդունելի է համարում այս հայտարարությունները:

«Նախ պատմական ճշմարտության խեղաթյուրում է իր ասածը, հասկանալի է, որ Օսմանյան կայսրության գոյության ողջ ընթացքում չէ, որ անընդհատ քրիստոնյաներին նույն ձևով կոտորել են, բայց որ եղել են ջարդեր և նույնիսկ ցեղասպանություն հայերի, նաև ուրիշների՝ Պոնտոսի հույների կամ ասորիների նկատմամբ, այդ բոլորը չտեսնելը պատմության խեղաթյուրում է»,- ասաց Մանոյանը։

«Ռուսաստանում բավականին մեծ թվով մահմեդականներ կան, ճիշտ է՝ փոքրամասնություն են, բայց արդեն մի քանի տասնամյակից կեսը կդառնան բնակչության, կարծում եմ, դա էլ կա, բայց այն ճիգը, որ ինքը անում է, չի կարելի անել իրականությունը խեղաթյուրելով»,- հավելեց ՀՅԴ-ի ներկայացուցիչը։

Մանոյանը կարծում է՝ պետք է արձագանքեն թե՛ Սուրբ Էջմիածինը, թե՛ պաշտոնական Երևանը.- «Հույս ունեմ նաև, որ մեր պետության կողմից դժգոհությունը կփոխանցվի իրեն, եթե ոչ հրապարակավ, ուղղակի խորհրդավորաբար անպայման։ Հրապարակավ էլ այդ դժգոհությունը բարձրաձայնելը, կարծում եմ, ճիշտ կլինի և՛ եկեղեցու, և՛ պետության կողմից»։

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը, որ Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ բանաձևերի և օրինագծերի նախաձեռնողն է, քաղաքական է համարում Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարությունը՝ որակելով որպես պատվեր, որի հասցեատերն են ինչպես Անկարան, այնպես էլ Ռուսաստանի մահմեդականները։

«Իհարկե, սա կողմնակալ, ուղղորդված և պատվիրված հարցազրույց է, որը իրականության հետ կապ չունի։ Ես կարծում, որ պատրիարքը շատ լավ գիտե, թե ինչ է տեղի 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում։ Օսմանյան կայսրության վայրագ իրադարձությունները գնահատել որպես ցեղասպանություն՝ իր պարտականությունն է, այլ ոչ թե քողարկելը կամ անտեսելը»,- ասաց պատգամավորը։

Փոստանջյանը կարծում է, որ պետք է անպայման այս հայտարարության պատասխանը տրվի.- «Եվ այստեղ մենք պետք է շատ զգայուն լինենք, ուշադիր լինենք և նաև պատասխան պետք է տրվի։ Իսկ պատասխանը պետք է տրվի հենց մեր կաթողիկոսի միջոցով, և մեր հոգևոր առաջնորդը պետք է սրան արձագանքի։ Եվ արձագանքը պետք է լինի հստակ ու պահանջի նաև ներողություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG