Մատչելիության հղումներ

Հայաստանի հիվանդանոցներում գրանցվել է գրիպից մահացության արդեն 6-րդ դեպքը


Մահվան պատճառը H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդության բարդացումն է եղել։

Դեկտեմբերի վերջից ի վեր Հայաստանի հիվանդանոցներում գրանցվել է «խոզի գրիպից» մահացության արդեն 6-րդ դեպքը․ մահվան պատճառը H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդության բարդացումն է եղել։

Այսօրվա դրությամբ հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով բուժվում է 855 հիվանդ, որոնցից 331-ը ախտորոշված են թոքաբորբով: Տասից ավելի հիվանդներ վերակենդանացման բաժիններում են, նրանցից 4-ի մոտ հաստատված է H1N1 վիրուսը։

Այնուամենայնիվ, երկրում համաճարակ չկա. պնդում են Առողջապահության նախարարությունում։

«Սուր շնչառական հիվանդությունների, թոքաբորբերի, H1N1-ի համաճարակ չկա: Կա սեզոնային գրիպի բարձրացում: H1N1-ի դեպքեր կան, որոնք լաբորատոր հետազոտությունով արձանագրվել, հաստատվել են: Կան նաև սովորական թոքաբորբեր․․․ Երկրում համաճարակ չկա, խուճապի մատնվելու կարիք չկա: Բայց զգոնության կոչ ենք անում», - հայտարարեց Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանի խոսքով ևս, չնայած շնչառական վարակների նման տարածմանը, համաճարակ չկա․ - «Շեմ գոյություն ունի: 10 տարվա հիվանդացությամբ մենք ունենք համապատասխան շեմ․․․ Անցած տարվա մարտ ամսին մենք ունեցանք 2.5 անգամ շեմից բարձրացում՝ ավելի շատ, քան այսօր: Հիմա մեր շեմը ներկա պահին մեկ անգամ բարձր է, որը շատ քիչ է: Բայց մենք էլ ենք մտահոգված, որովհետև ամեն օրը թվերի փոփոխություն է տալիս»:

Հոսպիտալացվածներից ավելի քան 100-ը հղիներ են, 672-ը՝ երեխաներ։

Ըստ բժիշկների, վիրուսը վտանգավոր է հատկապես ռիսկային խմբերի և մանկահասակ երեխաների համար։ Երևանում մանկական բժշկական կենտրոնները ծանրաբեռնված են։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից «Ազատության» թղթակիցը փոխանցեց, որ հիվանդները երբեմն ստիպված են սպասել միջանցքներում՝ մինչև տեղ ազատվի:

«Ազատության» հետ զրույցներում շատերը, այդուհանդերձ, նշեցին, որ, չնայած ծանրաբեռնվածությանը, հիվանդանոցում իրենց պատշաճ կերպով ընդունել են․ - «Մարդիկ շատ էին, բայց ընդունեցին»:

Երևանի «Շտապ բուժօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքով, վերջին օրերին գրանցվել է կանչերի աննախադեպ թիվ՝ մեկ օրում ունեցել են ավելի քան 900 կանչ, թեև, ըստ Ստեփանյանի, հիվանդանոց տեղափոխվող հիվանդների թիվը չի ավելացել։

«Ամսի 7-ին, օրինակ, ունեցել ենք 956 կանչ, որը որ աննախադեպ է մեր ծառայության համար։ Մաքսիմալ կանչերը, որը որ մենք ունեցել ենք միայն մեկ օր անցյալ տարի, դա եղել է 831 կանչ ամսի 5-ին հունվարի: Ոչ թե միայն անցյալ տարի, այլ ընդհանրապես տարիներ շարունակ մենք նման կանչերի թիվ չենք ունեցել», - ասաց Ստեփանյանը։

Հանրապետության բժշկական կենտրոններում, ըստ պաշտոնական հաղորդման, բոլոր վիրուսակիրները, անկախ տարիքից, բուժվում են պետպատվերով։

XS
SM
MD
LG