Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար այսօր մեղադրանք առաջադրվեց ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, նա երկու ամսով կալանավորվեց:
Այս մասին Ազատությանը տեղեկացրեց ակտիվիստի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ու հավելեց, որ Սաֆարյանը դատարանի դահլիճում հացադուլ է հայտարարել. - «Գևորգ Սաֆարյանը իր բոլոր ցուցմունքներում հայտարարել էր, որ իր նկատմամբ «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում նախկինում բռնություններ ու ահաբեկչություններ են եղել: Հիմա ինքը հացադուլ հայտարարեց այս պահից, որ քանի դեռ իրեն առանձին մենախուց չեն տրամադրի «Նուբարաշենի» մեկուսարանում և եթե տրամադրեն խուց, որտեղ այդ քրեական տարրերը նորից ահաբեկչություններ, բռնություններ գործեն, ինքը շարունակելու է հացադուլը»:
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքի հաստատման դեպքում Սաֆարյանին սպառնում է մինչև հինգ տարի ազատազրկում: Կալանավորելու հիմքն, ըստ Հայրապետյանի՝ դատարանը համարել է այն, որ Սաֆարյանը նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստման գործով մեղադրյալ է և կարող է խոչընդոտել այս գործի քննությանը. - «Առանց հիմնավորումների, առանց բացատրությունների, որ դա բավարար է, որ դատարանը գտնի, որ կարող է խոչընդոտի քննությանը և դա այն դեպքում, որ այդ փաստաթուղթը ճիշտ հակառակն էր հիմնավորում, որ արդեն մայիս ամսից Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին` ավելի խիստ հանցագործության հետ կապված, և յոթ ամիս որևիցե օրինազանցություն թույլ չի տվել»:
«Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամները Ամանորի գիշերը Ազատության հրապարակում փորձել էին տոնական եղևնի տեղադրել, սակայն դա ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Հինգ քաղաքացիներ բերման էին ենթարկվել և ավելի ուշ բաց թողնվել, իսկ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել էր։ Սաֆարյանի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանության հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանը: Սաֆարյանի շահերի ներկայացուցչի պնդմամբ՝ Խաչատրյանի կողմից իր նկատմամբ կիրառված բռնության մասին առաջինը հաղորդագրություն է ներկայացրել Գևորգ Սաֆարյանը, սակայն դրան դեռ ընթացք չի տրվել:
«Նրա դեմքի վրա կար հետք` դա ֆիքսվել է: Բացի այդ մարմնի վրա բազմաթիվ կապտուկների հետքեր կային` Գևորգ Սաֆարյանի վրա: Այս պարագայում, երբ մի անձի վրա բազմաթիվ հետքեր ու վնասվածքներ կան, փոխանակ քրեական գործ հարուցվի այն անձի նկատմամբ, ով դա կատարել է, հակառակը` քրեական գործ հարուցվել է Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, իբրև թե նա եկել ու միանգամից հարվածել է Գեղամ Խաչատրյանին», - նշեց Տիգրան Հայրապետյանը:
Ակտիվիստի կողմնակիցներն այսօր ի նշան բողոքի հավաքվել էին ոստիկանության դիմաց: Ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից Գագիկ Եղիազարյանն ասում է, որ իրենց վրա ոստիկանական հարձակում է եղել, երբ իրենք պատրաստվում էին այլընտրանքային խաղաղ տոնական ակցիա իրականացնել. - «Այդ ամենը կադրերի մեջ երևում է` ուղիղ հարվածում են մարդու դեմքին, ուղիղ խփում են ոտքերի տակ, գցում գետնին ու ոստիկաններով սկսում են հարվածել մարդուն: Շրթունքս էր ճղված, ասացի` սա ձեր ոստիկանների արածն է և պահանջում եմ դատաբժշկական փորձաքննություն: Ինձ ասացին` դու ինքդ ես կծել քո շրթունքը ու ոչ մի փորձաքննություն քեզ ոչ մեկ չի նշանակելու»:
«Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ միջադեպի ժամանակ ամենաակտիվներից մեկը հենց ոստիկան Գեղամ Խաչատրյանն է եղել:
«Իրեն պահում էր ինչպես ռինգում, մարտական դիրքով ուղղակի հարվածներ էր հասցնում մարդկանց», - պատմեց Ավետիսյանը:
Միջադեպի մասին ակնարկով իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ոստիկան Գեղամ Խաչատրյանը` նշելով, որ իրենք «պահպանում են կարգն ու կանոնը հրապարակում զվռնող կապիկներից»:
Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիայով շարժվել էին ոստիկանի տան մոտ՝ նրան հանրային պարսավանքի ենթարկելու համար: Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Խաչատրյանի տան մոտից հինգ հոգի, այդ թվում և Գևորգ Սաֆարյանի եղբայրն ու եղբոր կինը, բերման են ենթարկվել՝ ոստիկանի հասցեին սպանության սպառնալիքի ու ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, ավելի ուշ նրանք բաց են թողնվել:
Ոստիկան Գեղամ Խաչատրյանը շուրջ երկու տարի առաջ, որպես տուժող էր ճանաչվել նաև մեկ այլ ակտիվիստի՝ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով: