Մատչելիության հղումներ

Վարչապետ․ «Արցախն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Հայաստան-Նախիջևան սահմանագծում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Հայաստան-Նախիջևան սահմանագծում

Հայաստան-Նախիջևան սահման այցելած Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարեց, թե կողմ է դիվանագիտական քննարկումների և շփումների շարունակմանը, բայց «դա չի նշանակում, որ մենք պետք է լինենք զիջող»:

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համոզված է՝ Ղարաբաղը պետք է անկախ և ինքնուրույն լինի և հանրաքվեի միջոցով որոշի իր ապագան: Այսօր Հայաստան-Նախիջևան սահմանի առաջնագծում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մոտ 10 օր առաջ Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ առաջընթաց չի արձանագրվել: Այսօր վարչապետից հետաքրքրվեցինք՝ սահմանին լարվածության աճի և ապարդյուն բանակցությունների ֆոնին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ի՞նչ է մտածում ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ:

«Մեզ համար կարևոր է, որ Արցախը լինի անկախ, Արցախի ժողովուրդը կարողանա անցկացնել հանրաքվե... Կարծում եմ՝ ամենագլխավոր պայմանը դա է, այդ բանակցությունների մեխը դա է, որ պետք է տալ հնարավորություն, որպեսզի Արցախի ժողովուրդը անցկացնի հանրաքվե և ինքը որոշի իր ճակատագիրը: Կարծում եմ՝ պետք է շարունակել դիվանագիտական այս քննարկումները, շփումները, փորձել համոզել, փորձել քննարկումների արդյունքում ունենալ խաղաղ իրավիճակ»,- ասաց վարչապետը:

Նա ընդգծեց՝ ղարաբաղյան հիմնախնդրին լուծում պետք է գտնել փոխզիջումների միջոցով, պատերազմը կորուստներ կբերի բոլոր կողմերին: «Մենք մեր հույսը չենք կորցնում, որ կկարողանանք խաղաղ բանակցությունների արդյունքում այդ խնդրին շուծում տալ: Բայց դա չի նշանակում, որ պետք է լինենք զիջող, մենք յուրաքանչյուր ոտնձգության ադեկվատ պատասխան ենք տալիս և նույնիսկ՝ մի քանի անգամ ավելի: Մենք ունենք մարտունակ բանակ, մեր զինվորները շատ քաջ են, ու պատրաստ ենք յուրաքանչյուր ոտնձգության հակահարված տալ»,- շարունակեց Աբրահամյանը:

Բանակցային գործընթացի նկատելի պասիվացման ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում նախորդ երկու տարիներին կտրուկ սրվել է իրավիճակը: Կողմերը ոչ միայն կիրառում են ծանր սպառազինություն, այլև անգամներով աճել է հակառակորդի կրակից զոհված զինծառայողների թիվը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության համաձայն, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով այս տարի հայկական կողմն ունի 41 զոհ, ինչն աննախադեպ մեծ թիվ է՝ նախորդ հինգ տարիների համեմատ: Հայաստանի ռազմական գերատեսչության պնդմամբ, ադրբեջանական կողմն ավելի շատ զոհեր ունի, ինչը, սակայն, պաշտոնական Բաքուն թաքցնում է:

Զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Սերոբյանը հավաստիացնում է՝ հայկական զինված ուժերը լիարժեք տիրապետում են սահմանին տիրող իրավիճակին: «Հակառակորդը երբեմն կրակում է, սակայն մեր պատասխան գործողություններից հետո ստիպված է լինում լռել», - «Ազատության» հետ զրույցում ասացին զինվորները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG