Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հրապարակել է հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմումի իրավական հիմքերը: Ծավալուն փաստաթղթում, որն ընդդիմադիր կուսակցությունը փոխանցել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Սահմանադրական դատարան, վկայակոչված են ընտրակեղծիքների բազմաթիվ օրինակներ՝ սկսած քարոզչության շրջանում վարչական ռեսուրսի չարաշահումից մինչև ուրիշի փոխարեն համատարած քվեարկություններ, լցոնումներ։
«Նրանք, ովքեր ասում են, որ մենք փաստեր չունենք կամ չենք հավաքել, չենք բերել, ներկայացրել, նրանք անխտիր ստում են, որովհետև իրականում հավաքված փաստերը, նրանց համադրությունը և վերլուծությունը ապացուցում են մաթեմատիկական ճշգրտությամբ, որ հանրաքվեն կեղծվել է, որ ժողովուրդը իրականում ասել է «ոչ», բայց ժողովրդին ներկայացրել են լրիվ գլխիվայր շուռ տված արդյունքներ»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Միաժամանակ ՀԱԿ-ը հանցագործության մասին շուրջ ութ տասնյակ հաղորդում է ներկայացրել իրավապահներին, առաջիկայում ևս 70-ը կուղարկեն, բայց Դատախազությունն առայժմ չի շտապում արձագանքել։
«Անհերքելի ապացույցներ ենք ներկայացնում կատարված հանցագործության մասին, սա շատ ծանր ու կեղտոտ հանցագործություն է ժողովրդի դեմ կատարված։ Մենք ոչ մի բարի կամք չենք սպասում իշխանություններից, բայց մենք գիտենք, որ հասարակական աղմուկը, հանրային այս պարսավանքի մթնոլորտը, միջազգային ճնշումները, նաև որոշ հայտարարություններ եղան էս ուղղությամբ, ամբողջը միասին, եթե մենք կռվենք, պահանջենք, սեղմենք, ինչ-որ արդյունքի կհասնենք»,- ասաց Զուրաբյանը։
Չընդունելով հանրաքվեի պաշտոնական արդյունքները՝ ընդդիմադիր Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը, սակայն, չի պատրաստվում մերժել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները: Լևոն Զուրաբյանի խոսքով, վերջին քվեարկությունը ցույց տվեց, որ տեղամասերում դիմադրելով կեղծիքներին՝ հնարավոր է իրավիճակ փոխել։
«Մենք պետք է կարողանանք մատյանները բացել տալ, որովհետև հիմնական կեղծարարության ապացույցները հենց էդ մատյանների մեջ են։ Ատամներով պահում են, մենակ թե մատյանները չբացեն, որովհետև իրենց իշխանության հիմքը այդ կեղծված մատյաններում է դրված։ Մենք այդ առաջարկը արել ենք, որ կարողանանք ազդել Ընտրական օրենսգրքում կարևորագույն փոփոխություններ մտցնելու ուղղությամբ՝ մատների թանաքոտում, տեսախցիկների տեղադրում»,- ասաց Զուրաբյանը։
Իշխող Հանրապետականը, սակայն, նախապայմաններ է որակում արդեն այսօր մատների թանաքոտման կամ քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակման պահանջ դնելը։
«Առանց ծանոթ լինելու, թե ինչ առաջարկություններ պետք է լինեին, ինչ սկզբունքով պետք է անցկացվեն ընտրությունները, արդեն ինչ-որ նախապայմաններ են դնում քաղաքական ուժեր։ Ինձ թվում է՝ դա ճիշտ չէ»,- ասաց խորհրդարանում իշխանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նա համոզված պնդում է, որ նոր Ընտրական օրենսգիրքը կլինի բոլորի, այդ թվում և ընդդիմադիրների սրտով.- «Ամեն ինչը կլինի այնպես, որ բոլոր քաղաքական ուժերի համար ձեռնտու պայմաններ կլինեն, բոլորը գոհ կմնան»։
«Ժառանգություն» խմբակցությունը հայտարարել է, որ ոչ լեգիտիմ հանրաքվեին հաջորդող Ընտրական օրենսգրքի ընդունման չի մասնակցելու: