Բողոք ներկայացնողներից մեկը՝ Նազելի Բաղդասարյանը քվեարկության օրը գնացել է ընտրատեղամաս ու պարզել, որ իր փոխարեն ինչ-որ մեկն արդեն ստորագրել ու քվեարկել էր:
«35/37 տեղամասային կենտրոնում պարզվեց, որ ցուցակում իմ անվան դիմաց ստորագրված է, կա նաև հանձնաժողովի անդամի կնիքը: Ու նշագրում կա, որ քվեարկությունը եղել է նույնականացման քարտով», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Բաղդասարյանը: - «Հանձնաժողովի նախագահը խուճապի մեջ էր, հանձնաժողովի անդամների հետ փորձում էին պարզաբանել, որ «հոգնած են եղել, թյուրիմացություն է եղել»․․․ Ես ասացի՝ պարզաբանում տվեք, զանգեք ընտրատարածքային հանձնաժողով, ես ուզում եմ ընդամենը վերականգնել իմ ընտրական իրավունքը: Նաև արձանագրեք այն փաստը, որ եղել է կոնկրետ խախտում»:
Նազելին դիմում էր գրել հանձնաժողովի նախագահի անունով, նշելով, որ իր ընտրական իրավունքը խախտված է՝ «կազմեք համապատասխան արձանագրություն»:
Այլ անձի փոխարեն քվեարկելու այս փաստով հարուցվել է քրեական գործ:
Մյուս գործը հարուցվել է երկրից բացակայողի փոխարեն քվեարկելու փաստով: Հայկ Հարությունյանը դեկտեմբերի 6-ին նկատել է, որ Հայաստանից արդեն վեց ամիս բացակայող իր հորեղբոր անվան դիմաց ստորագրված է:
«Հորաքրոջս հետ գնացինք, համոզվեցինք, որ հորեղբորս տեղը քվեարկած է: Խնդրեցինք, որ արձանագրեն», - «Ազատությանը» պատմեց Հարությունյանը:
Մասնագիտությամբ իրավաբան Հայկը հարց է բարձրացնում․ - «Արձանագրելու դեպքում, ենթադրենք, հորեղբորս լրացուցիչ ցուցակում կընդգրկեին, քվեաթերթիկ կտային․․․ Իսկ իր տեղը քվեարկված քվեաթերթիկի հարցը ո՞նց էին լուծելու, որ արդեն դա գտնվում է արկղում․․․ Չգիտես «այո» է քվեարկած, թե «ոչ»: Այսինքն՝ այդ հարցին փաստացի լուծում չես կարող տալ»:
Հարուցված քրեական գործերով ընթանում է քննություն: