Ամփոփելով 2015 թվականը, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պնդում է, որ չկա գոնե մի ոլորտ, մի ուղղություն, որտեղ իշխող Հանրապետականը հաջողած լինի, կամ գոնե դրական տեղաշարժ նկատելի լինի:
«Խնդրում եմ դուք ինձ օգնեք, ասեք մի ոլորտ, որտեղ չեն թերացել, կամ փոքրիկ առաջընթաց է եղել, իր էությամբ այս համակարգը չի կարող լավ բան անել որևէ ոլորտում: Չի կարող, դա բացառվում է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության նախընտրական ծրագիրը և իշխանությունների հռչակած նպատակները:
«Դրանցից որևէ մեկը ոչ միայն չի իրականացել, այլ ակնհայտ հետընթաց է: Արտաքին քաղաքական ոլորտը վերցրեք, կա՞ որևէ առաջընթաց կամ որևէ ռեալ հաջողություն: Տնտեսական կյանքը․․․ չկա նույնիսկ հեռանկարի զգացողություն: Քաղաքական կյանքում՝ հանրաքվեն, իշխանությունը վերադարձավ իր հին մեթոդներին՝ բռնություններ, լցոնումներ, այս ամենը ո՞նց կարող ենք համարել առաջընթաց»,- շարունակեց Կոնգրեսի խոսնակը:
«Ժառանգություն» կուսակցությունում ճիգեր են գործադրում Սերժ Սարգսյանի պաշտոնավարմամբ ավարտվող տարում բարեփոխում գտնելու համար: «Իսկապես կցանկանայի, որ ինչ-որ տենց ակնառու բան գտնեի, ասեի, որ այս մի բանը լավ են կատարել, բայց ցավոք սրտի չեմ կարող: Նույնիսկ եթե ուղղակի վատ բան չանեին, էլի մի կերպ կարելի էր տանել»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա հիշեցրեց Պերմյակովի գործը՝ որպես ապացույց այն իրողության, որ Հայաստանն ինքնիշխան չէ, «կոռուպցիայի մեջ թաղված տնտեսությունն ու կեղծված հանրաքվեն էլ՝ վրադիր»: «Խայտառակ իրավիճակ է, ունենք իշխանություն, որն անընդհատ սուտ է խոսում, բառիս բուն իմաստով: Անընդհատ ինչ-որ խոստումներ է տալիս, բայց ակնհայտ է ամբողջ աշխարհին, որ արդեն համակարգային կոռուպցիա կա Հայաստանում, և ընտրական գործընթացներն այդ համակարգային կոռուպցիայի մի մասն են: 2008 թվականից, երբ, թեկուզև կեղծված ընտրություններով, նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, ինքը հնարավորություն ուներ քայլեր կատարելու, որոնք ցույց կտային քաղաքական կամքի առկայությունը․․․»,- շարունակեց Արմեն Մարտիրոսյանը:
Հայ ազգային կոնգրեսի ոչ վաղեմի դաշնակից «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ), որը դեռ տարեսկզբին իշխանափոխության ծրագիր ուներ ու իշխանություններին անխնա քննադատում էր բոլոր ոլորտներում, իր տարեվերջյան գնահատականներում արդեն գոհունակություն է հնչեցնում: «Կարելի է ինքնանպատակ ասել՝ երկրում ամեն ինչ վատ է, մեղավոր են այս այս մարդիկ: Մենք հավատացած ենք, որ պատճառները հիմնականում մեր կառավարման մոդելի, համակարգային պրոբլեմների մեջ են, որը պետք է փոխել, և առաջին քայլը արվեց՝ դա սահմանադրական փոփոխություններն են»,- ասաց ԲՀԿ-ի խոսնակ Վահան Բաբայանը:
Թեև կառավարությունը չապահովեց խոստացած տնտեսական աճը, «Բարգավաճ Հայաստան»-ի խոսնակն, այդուհանդերձ, չի շտապում քննադատել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: «Քանի որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է արտաքին մարտահրավերների ներքո, ես վստահ եմ, որ կառավարությունը կարողացավ ուղիղ այնքան, ինչքան հնարավոր էր և կարող է՝ մի բան էլ ավել»: