Մատչելիության հղումներ

Շարմազանով. Հինգ օրինակով անհնար է խոսել համատարած ընտրակեղծիքների մասին


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

ՀՀԿ խոսնակը՝ դատախազություն ՀԱԿ-ի դիմումի մասին։

Իշխող հանրապետականների կարծիքով՝ 5 ընտրատեղամասերում խախտումների հարցով Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը չի նշանակում, թե սահմանադրական հանրաքվեի արդյունքները համատարած կեղծվել են։

Գլխավոր դատախազություն փաստաթղթեր էր ներկայացրել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, որի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պնդում է, թե համակարգված ընտրակեղծարարություն է տեղի ունեցել։ Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ոչ միայն հերքում է դա, այլև խորհուրդ տալիս ՀԱԿ-ի ասածներին «լուրջ չվերաբերվել»։

«Իհարկե, ես էլ ասել եմ՝ ընտրակեղծիքներ եղել են, խնդիրներ եղել են։ Եվ դրա համար մենք գնում են Ընտրական օրենսգրքի փոփոխության։ Նոր օրենսգիրք պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը, և այնտեղ կտեսնեք, որ մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկել հնարավորինս այն մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս կրկնաքվեարկության, տարբեր ոչ իրավական գործողությունների, դրանք սահմանափակենք և դրանց, խախտումների հնարավորությունը գործնականում հասցնենք զրոյի կամ մոտեցնենք զրոյի։ Խնդիրը սրա մեջ է, խոսելով չի», - ասաց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակի պնդմամբ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների հարցում կասկած չկա: Նա շեշտեց, որ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 300 հազարից ավելի ընտրող, և հինգ ընտրատեղամասերի արդյունքը վերջնականի վրա չի կարող ազդել:

Մեր հարցին, թե ի՞նչն են հանրապետականները պատրաստվում փոխել Ընտրական օրենսգրքում, որ խախտումները հասցվեն զրոյի, Շարմազանովը պատասխանեց` դրա մասին խոսելու համար երկար ժամանակ է պետք․ - «Մեխանիզմը շատ լայն է, մեխանիզմը, կարծում եմ, բոլորիդ կբավարարի: Միջազգային փորձն էլ է հաշվի առնված, և այնպես չէ, որ Հանրապետականը արդեն որոշել է: Հանրապետականը պատրաստ է լսել բոլոր քաղաքական ուժերին, և քաղաքական ուժերի հետ քննարկման արդյունքում, միջազգային փորձագետների հետ քննարկման արդյունքում, ես կարծում եմ, մենք մինչև հունիսի 1 կունենանք ավելի ժողովրդավարական, ավելի նորմալ Ընտրական օրենսգիրք»:

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի՝ երեկ ուշ երեկոյան ավարտված նիստից հետո Շարմազանովը, ամփոփելով տարին, որպես ձեռքբերում նշեց հենց Սահմանադրության փոփոխությունը։ Հանրապետականները տարվա ձեռքբերում են համարում նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, Եվրասիական միությանը դե յուրե անդամագրվելը, Եվրոպական միության հետ նոր բանակցությունների սկիզբը։ Իշխող կուսակցության խոսնակը կարևորեց նաև քաղաքական բազմակարծությունն ու մամուլի ազատությունը․ - «Միգուցե հարց հնչեցնեք՝ դա ի՞նչ ձեռքբերում է: Բայց սա շատ կարևոր է, որ այլևս մեզ համար սա դարձել է սովորական: Բայց եթե հետ նայենք հայաստանյան հանրության պատվերը, պահանջները՝ 5-10 տարի առաջ, էլ չեմ ասում՝ 15 տարի առաջ, լրատվամիջոցներ էին փակվում, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանը»:

Տարվա կորուստների թվում նա նշեց սահմանին զոհված զինվորներին և քաղաքացիներին։ Հանրապետականի խոսնակը նաև կուսակցության անունից ներողություն խնդրեց՝ «եթե ինչ-որ մի բան սխալ եմ արել, սխալ ենք արել, թերի ենք եղել, եթե մեկին նեղացրել ենք»:

Հանրապետականի այս տարվա վերջին նիստից հետո Շարմազանովը ցանկացավ, որ 2016-ը միասնականության տարի լինի, քանի որ, իր համոզմամբ, հայերը Աստծո ընտրյալ ժողովուրդ են։

«Հաջորդ տարվա թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է», - ամփոփեց նա։

XS
SM
MD
LG