Մատչելիության հղումներ

Հունիսի 23-ի բռնություններից կես տարի է անցել, սակայն որևէ ոստիկան դեռ չի պատժվել


Ոստիկանները ցրում են Բաղրամյանի ցույցը, 23-ը հունիսի, 2015թ.
Ոստիկանները ցրում են Բաղրամյանի ցույցը, 23-ը հունիսի, 2015թ.

Ակտիվիստները գործում առաջընթաց չեն ակնկալում։

Ուղիղ վեց ամիս առաջ այս օրը ոստիկանությունը բռնի ուժի գործադրմամբ և ջրցանի օգնությամբ ցրեց Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիները պահանջում էին չեղարկել թանկացման որոշումը և այդ պահանջով փակել էին պողոտան։ Մի քանի ժամից, սակայն, մահակներով և վահաններով զինված հարյուրավոր ոստիկաններ գործի անցան՝ Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկից մինչև Ազատության հրապարակ ընկած հատվածում բռնություն կիրառելով և բերման ենթարկելով ցուցարարներին։

Իրավապահների կոշտ արձագանքը, սակայն, ցուցարարներին չընկճեց, շատերը հենց ոստիկանության բաժանմունքից պողոտա եկան, որտեղ նրանց միացան հազարավոր քաղաքացիներ։ Պահանջներին ավելացավ ևս մեկը՝ պատասխանատվության ենթարկել բռնություն կիրառած ոստիկաններին։

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը արձանագրում է, որ չնայած բազմաթիվ տեսանյութերին՝ ոչ ոք առայսօր չի պատժվել։

«Կարծում եմ, առաջընթացը չենք տեսնելու։ Հերթական անգամ, ինչպես միշտ, կտեսնենք մի քանի ցածր կոչում ունեցող ոստիկանների կոչման իջեցում, նկատողություններ, բայց ոչ ավելին։ Գործը կփակվի», - ասաց Սարգսյանը։

Բաղրամյանի դեպքերի ընթացքում բռնության ենթարկվեցին նաև տասնյակ լրագրողներ, սակայն այս մասով էլ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, փորձը ցույց է տալիս, որ օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար, բայց իրենք պատրաստ են հարցը հասցնել միջազգային դատարան։

«Շատ դժվար է պատկերացնել, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ կհարուցի բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ և կասի՝ դուք ձեր լիազորությունները անցել եք, խոչընդոտել եք լրագրողի աշխատանքը, ֆիզիկական բռնություն եք կիրառել, ապօրինի գործողություններ», - մեկնաբանում է Մելիքյանը:

Բաղրամյանի ցույցերի կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանի խոսքով, առայսօր չեն կատարվել նաև սակագնի հետ կապված իրենց պահանջները։ «Իշխանությունները հերթական անգամ խաբեցին», - պնդում է ակտիվիստը։

«Իբր լուծումները, որոնք առաջարկվեցին՝ աուդիտ, սուբսիդավորում և այլն, դրանք էլ այսօր կատարված չեն. աուդիտ չեղավ այդպես էլ, սուբսիդավորում սահմանեցին իբրև, որն, այսպես ասենք, կեղծ բնույթ էր կրում։ Բոլորս էլ տեսանք, որ շատ քիչ՝ մի ամսվա չափ որոշակի մասի իբր սուբսիդավորվեց, կամ չէ, դա էլ որևէ մեկը չհասկացավ, քանի որ մեխանիզմը բավականին խառն էր», - ասաց Սարգսյանը։

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը այսօր հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին հորդորելով ուշադիր լինել հոսանքի հաշվիչների նկատմամբ, քանի որ ահազանգեր են ստացել, թե ավել գումարներ են գրվում, որպեսզի արդյունքը սուբսիդիայի համար սահմանված 250 կիլովատտ/ժամից ավելի լինի։ ՀԷՑ-ում, սակայն, հերքում են այս մասին պնդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG