Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան․ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետությանը»


Հունաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Պանայոտիս Կամմենոսը (ձ) և Սեյրան Օհանյանը համատեղ մամուլի ասուլիսում:
Հունաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Պանայոտիս Կամմենոսը (ձ) և Սեյրան Օհանյանը համատեղ մամուլի ասուլիսում:

Հայաստանի պաշտպանության նախարարը նաև ողջունում է ԱՄՆ պետքարտուղարության դրական դիրքորոշումը կոնգրեսականներ Էդ Ռոյսի ու Էլիոթ Ինգըլի նախաձեռնության առնչությամբ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վստահության մեխանիզմի ստեղծմանը․ - «Հարցի լուծման ճանապարհներից մեկը վստահության մեխանիզմների ձևավորումն է, որոնց հիմքում, անկասկած, մեծ դերակատարություն ունեն նաև միջազգային հետաքննության անցկացման մեխանիզմները: Ցանկացած տիպի վերահսկման մեխանիզմների տեղակայումը մեր սահմանին կաջակցի այդ գործունեության իրականացմանը»:

ԱՄՆ կոնգրեսականները առաջարկել են, մասնավորապես, հայ-ադրբեջանական նոր պատերազմը բացառելու համար ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ:

Արձագանքելով այդ նախաձեռնությանը՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ «սատարում է ԵԱՀԿ-ի հետաքննությունների մեխանիզմների ընդլայնումը և շփման գծում ու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին կրակոցները տեղորոշող զգայուն սարքերի տեղադրումը»:

«Շփման գիծը անընդհատ գտնվում է խախտումների, շարժի, ստորաբաժանումների, դիվերսիոն խմբերի և կրակի ազդեցության տակ: Եվ այդ իրավիճակում չափազանց դժվար է այդ խնդիրները իրականացնելը, բայց միջազգային հանրությունը և պատասխանատու կառույցները պետք է այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք տանեն, որի համար մենք մեր պատրաստակամությունը հայտնում ենք և ողջունում ենք», - հավելեց Օհանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարն այսօր լրագրողների հետ հանդիպել էր Հունաստանի իր գործընկերոջ՝ պաշտոնական այցով այսօր Երևան ժամանած Պանայոտիս Կամմենոսի հետ միասին: Նախարարները քննարկել են անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցեր:

Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Սիրիայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին:

«Տարածաշրջանում կան պետություններ՝ հանձինս Թուրքիայի, որոնք աջակցում են «Իսլամական պետությանը»՝ համապատասխան խնդիրներ իրականացնելու համար: Այդ ամենը մենք դատապարտում ենք: Դատապարտում ենք նաև այն առումով, որ այն ուղղված է մեր ռազմավարական գործընկերների նկատմամբ», - հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Հունաստանի պաշտպանության նախարարը, փաստորեն, մեղադրեց ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիային՝ միջազգային հանրությանը կեղծ տեղեկություն ներկայացնելու համար․ - «Մի քանի օր առաջ Սիրիայի օդային տարածքում խոցվեց ռուսական ռմբակոծիչը: Թուրքիան չկարողացավ ապացուցել, որ խախտվել է իր օդային սահմանը, և ռուսական ինքնաթիռը փաստացի խոցվեց Սիրիայի օդային տարածքում: Թուրքիան շարունակում է տարածաշրջանում զբաղվել սադրանքներով, չի հարգում միջազգային իրավունքը, խախտում է Հունաստանի օդային սահմանները: Համաձայն եմ Հաայստանի պաշտպանության նախարարի հետ, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետությանը»: Ակնհայտ է, որ Թուրքիայում տեղի է ունենում ապօրինի նավթի, զենքերի, թմրամիջոցների ու մարդկանց տեղաշարժ, ու այդ ողջ գումարը հոսում է ահաբեկիչներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG