«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանի կարծիքով, «այո»-ի կողմնակիցների կողմից հանրաքվեի վերահաշվարկի դիմումներ ներկայացնելը ընդդիմության բարձրաձայնած կեղծիքները կոծկելու նպատակ ունի։ ԿԸՀ-ի փոխանցմամբ, հանրաքվեից հետո ստացվել են 78 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներից` բացառությամբ «Օրինաց երկիր»-ի:
«Վերահաշվարկի համար ընդամենը 4 օր ժամանակ կա, բնականաբար էդ 4 օրվա ընթացքում անսահման թվով տեղամասեր հանձանաժողովը չի կարող հաշվարկել: Այդ իսկ պատճառով, ինձ թվում է, Հանրապետականը էդ դիմումները ներկայացրել է, որպեսզի մեր կողմից ներկայացված ակնհայտ դեպքերը հնարավորինս քիչ քննվեն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:
Աբրահամյանի պնդմամբ, մեծ է հավանականությունը, որ իրենց դիմումներն անգամ չքննվեն: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անցկացրած վիճակահանությունների արդյունքներով, դրանք քննության են առնվելու ամենավերջում։ Իշխող ՀՀԿ-ն գոհ է հանրաքվեի արդյունքներից, բայց մի շարք տեղամասերում բողոքարկել է դրանք։ Այս որոշումն անգամ հանրապետականների շարքերում է տարակուսանք առաջացրել:
Խորհրդարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան, օրինակ, ասում է․ «Երբ դու արտահայտում ես գոհ կարծիք և չգիտեմ ինչու՝ պահանջում ես վերահաշվարկ, ինձ համար մի քիչ անհասկանալի է»:
Հանրապետականի «Այո»-ի շտաբի անդամ Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ, բացատրություն ունի՝ գոհ են, բայց անտարբեր չեն: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պետք է սահմանենք վերահսկողություն: Ու եթե հանկարծ մենք անտարբերություն ենք ցուցաբերում, ուրեմն դա նշանակում է, որ արդյունքից գոհ լինելով, էլ որևէ բան մեզ չի հետաքրքրում: Ընդհակառակը՝ մեզ հետաքրքրում է՝ եթե կան բողոքներ, որոնք են դրանց ծագումնաբանությունը, որոնք են դրանց աղբյուրները»,- պարզաբանում է Բաղդասարյանը և հավելում՝ իրենք ուզում են պարզել, թե ովքեր են ընտրախախտում թույլ տվողները, գուցե «արջի ծառայություն մատուցող Հանրապետականի համակիրները», կամ գուցե՝ հենց ընդդիմադիրները։
«Ընդդիմադիրները գիտեն իրենց արածները, իրենց պրովոկացիոն գործողությունները, նաև մենք այնտեղ ունենք ընտրատարածք, որտեղ ՀԱԿ-ի ներկայացուցիչը եղել է հանձնաժողովի նախագահ, և իրենք հաղթել են նաև: Բայց երբ որ հաճախումները մենք հաշվարկում ենք, թե 1 ժամվա ընթացքում ինչքան ընտրող կարող էր լինել, այնտեղ երկու-երեք անգամ գերազանցում է ընտրողների քանակը: Մենք չենք ուզում մեղադրանք առաջադրել, թե ով է դա արել, համենայն դեպս, հարկավոր է ճշտումները կատարել»,- շարունակում է Վահրամ Բաղդասարյանը:
Վերահաշվարկի դիմումներ նաև ԲՀԿ-ի անդամներն են ներկայացրել։ ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն ասում է, թե խոսքը երկու-երեք տեղամասի մասին է: «Մի քանի տեղամասերի առկայության դեպքում եթե նայում եք, ես կարծում եմ դա նորմալ է և ստվեր չի կարող գցել ընդհանուր հանրաքվեի գործընթացի և արդյունքների վրա, ինչպես պնդում են մի շարք գործիչներ, որոնք իրենց համար դա սարքել են ինքնանպատակ հայտարարություններ անել․․․»:
Ինչպես հանրապետական Վահրամ Բաղդասարյանը, ԲՀԿ-ական Վահան Բաբայանն էլ չի բացառում, որ ընտրախախտների մեջ նաև ընդդիմադիրներ լինեն։ ՀԱԿ-ից Սամվել Աբրահամյանը, արձագանքելով այս կարծիքներին, հեգնում է․ «Դե իհարկե, ընդդիմության կեղծիքների գործիքակազմն այնքան մեծ է, որ Հանրապետականն ի՞նչ անի դրա դեմ, չի կարող այդ մեքենայի դեմն առնել»: ՀԱԿ-ի ներկայացուցիչը նաև հավելում է՝ եթե Հայաստանում որևէ մեկը հավատում է նման պնդումներին, ուրեմն դրանց հեղինակները ճիշտ են: