Մատչելիության հղումներ

Ոստիկանները կրկին արգելեցին վրան տեղադրել Ազատության հրապարակում


Ոստիկանները արգելեցին վրանի տեղադրումը
Ոստիկանները արգելեցին վրանի տեղադրումը

Կշարունակվի, թե՝ ոչ «Նոր Հայաստան»-ի նստացույցը, հայտնի կդառնա ուրբաթ հրավիրված հանրահավաքին։

Նստացույցի ութերորդ օրը ընդդիմադիրների բացած հերթական վրանը վայրկյաններ մնաց Ազատության հրապարակի ասֆալտին: Մինչ «Նոր Հայաստան» շարժման առաջնորդները հարթակից ելույթ էին ունենում, ցուցարարները ոստիկաններից աննկատ արագ տեղադրեցին վրանը: Լուրը ստանալով, սակայն, իրավապահներն անմիջապես մոտեցան։

Քաշքշուկից, ֆիզիկական ուժի գործադրումից հետո ի վերջո ոստիկաններին հաջողվեց խլել վրանն ու հեռացնել հրապարակից։ Այս գիշեր էլ կտորե ծածկի տակ անցկացրած Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ ցրտին դիմակայելու համար վրան, այնուամենայնիվ, տեղադրվելու է։

«Հերթական անգամ աշխարհին ցույց տվեցինք, թե Հայաստանում ինչպիսի անմարդկային կառավարող համակարգ է իշխում։ Այս փաստը միայն բավարար պետք է լինի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին՝ հասկանալու համար, որ պետք է օր առաջ ձերբազատվեն այս ռեժիմից, եթե՝ ոչ, մեր ժողովուրդը ապստամբելու է»,- ասաց նա։

Հակադարձելով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, թե կառավարման խորհրդարանական համակարգն արդեն իրականություն է, ընդդիմադիր առաջնորդը համոզմունք հայտնեց, որ նոր Սահմանադրությունն այդպես էլ թղթի վրա է մնալու։

«Այս փաստաթուղթը, որ նրանք սվինների ուժով, զոռով փորձել են ընդունել, շատ նման է լինելու այս ռեժիմի մահախոսականին»,- ասաց Սեֆիլյանը։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գնահատականին, թե քվեարկության արդյունքները բոլորիս համար ընդունելի են՝ լավ, թե վատ, Աբրահամյանը հավաստիացրել էր, որ որպես «Այո»-ի շտաբի պետ՝ կազմակերպել է թափանցիկ և արդար ընտրություններ։ «Ըստ էության, «Այո»-ի շտաբը լայնամասշտաբ հանցագործությունների է գնացել և 95 տոկոս «ոչ»-ը, որքան էլ նկարեն, պարզ է՝ այնքան ավելի ճչացող է լինելու», - ասաց ընդդիմադիր գործիչը։

Կշարունակվի, թե՝ ոչ «Նոր Հայաստան»-ի նստացույցը, հայտնի կդառնա ուրբաթ հրավիրված հանրահավաքին։

«Հեղափոխությունը սկսել է, մենք շարունակելու ենք այս պայքարը մինչև վերջ, սակայն վերջնական հաջողության ժամկետ նշելը ոչ ոքի հնարավոր չէ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG