Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները կարծում են՝ Սարգսյանը օրենք է խախտել և շտապողականություն դրսևորել


Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ի ղեկավար անդամները, 7-ը դեկտեմբերի, 2015թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ի ղեկավար անդամները, 7-ը դեկտեմբերի, 2015թ.

«Ոչ»-ի համատեղ շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանն, ով երեկ արձանագրել էր, թե կառավարման խորհրդարանական համակարգը արդեն Հայաստանի համար իրականություն է դարձել, իր հայտարարությամբ օրենք է խախտել։

«Դեռևս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում չի ընդունել, և հնարավոր բողոքարկման դեպքում չկա նաև Սահմանադրական դատարանի որոշումը, իսկ մինչև այդ որոշումները չլինեն, ոչ ոք իրավունք չունի ասելու, որ Հայաստանը անցել է խորհրդարանական համակարգի։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը, նման բան հայտարարելով, առաջինը՝ խախտում է օրենքը, և երկրորդ՝ ըստ էության, փորձում է թելադրել այդ գիծը ԿԸՀ-ին և ՍԴ-ին»,- ասաց Զուրաբյանը։

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը «շտապողականություն» է տեսնում Սերժ Սարգսյանի խոսքերում.- «Եթե մարդը իր վրա վստահ է և ինքն է 2018 թվականի ընտրությունների հետևանքով լեգիտիմ իշխանավորը, ապա դրա մասին կարիք չկա հայտարարելու։ Եթե հայտարարում ես, դա նշանակում է, որ խնդիր կա։ Դա ինքը արել է մինչև դեկտեմբերի 6-ը։ Դեկտեմբերի 6-ից հետո արդեն իսկ պաշտոնական տվյալները չունեցած՝ ևս մեկ անգամ հայտարարում է այդ մասին»։

Երեկ Բաղրամյան 26-ում հյուրընկալելով ԱԺ-ի պատգամավորներին, կառավարության ներկայացուցիչներին, բազմաթիվ պաշտոնյաների, նրանց թվում նաև ՍԴ-ի նախագահին, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայության ղեկավարին, ոստիկանապետին, Վճռաբեկ դատարանի նախագահին, հասարակական և քաղաքական գործիչների, նախագահը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս երկու տարիների ընթացքում իրենց ջանքերով և նվիրվածությամբ նպաստել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

«Ես շնորհակալություն եմ հայտնում մասնագիտական հանձնաժողովի նախագահին, անդամներին իրենց բարձր պրոֆեսիոնալիզմի և սկզբունքայնության համար: Շնորհակալություն բոլոր այն քաղաքական ուժերի ղեկավարներին և ներկայացուցիչներին, այն անհատ քաղաքացիներին, ովքեր հավատացին ու սատարեցին այս նախաձեռնությանը: Շնորհակալություն հանրաքվեի գործընթացի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը մասնակցած բոլոր անձանց: Սա մեծ ու ընդգրկուն աշխատանք էր, որը մենք անցանք ուս ուսի»,- ասաց նախագահը։

Զուրաբյանը պատահական չի համարում, որ Սարգսյանը հանրաքվեի վերջնական արդյունքների հրապարակումից առաջ՝ այդքան արագ հավաքել է իր թիմին.- «Կեղծման գործընթացը ավարտված չէ։ Երբ կես միլիոնից ավելի ձայն ես կեղծում, հասկանալի է, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվում։ Սերժ Սարգսյանը իր այս հայտարարությամբ և բոլորին հավաքելով հետապնդում է հենց այս գործընթացը կատարող մարդկանց ոգին բարձր պահելու նպատակ։ Նա ուզում է ասել՝ մի՛ անհանգստացեք, ամեն ինչ արդեն կատարված է, հանգիստ շարունակե՛ք կեղծել»։

Հայաստանի նախագահը նաև անդրադարձել էր հանրաքվեից հետո սպասվող օրենսդրական փոփոխություններին.- «Մենք պատրաստ ենք ամենաբաց և ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձևաչափերում, որպեսզի ի վերջո ընդունենք նոր՝ լավագույն Ընտրական օրենսգիրքը: Մենք պատրաստ ենք քննարկել թափանցիկություն ու վստահություն ապահովող ցանկացած մեխանիզմ: Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը և մեզ հետ հավասար կլծվեն այս կարևոր աշխատանքին»։

Զարուհի Փոստանջյանը բացառեց Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության հետ աշխատանքը.- «Հանցավոր ռեժիմի որևիցե իջեցրած օրակարգի հետ մենք գործ չունենք, ուղղակի պետք է մեր գործողությունները միտված լինեն ռեժիմի տապալմանը։ Դրա համար կան բոլոր հիմքերը»։

Լևոն Զուրաբյանը «անիմաստ» համարեց հարցին անդրադառնալը։ «Մենք հիմա զբաղված ենք բողոքների նախապատրաստումով, հանցագործներին պատժել տալու դիմումներով, այդ ընտրակեղծարար մեքենան ցնցված է, և հիմա ճիշտ ժամանակն է, որ մենք շարունակենք հարվածներ հասցնել այս ընտրակեղծարար մեքենային։ Սա նաև նախապատրաստում է մեր ժողովրդի հաջողությունը ապագա ընտրական գործընթացներում»,- ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG