Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը մտավախություն ունի, որ աղմկահարույց տեղամասերի վերահաշվարկին հերթ չի հասնի


Քվեաթերթիկների հաշվարկ Երևանի տեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ.
Քվեաթերթիկների հաշվարկ Երևանի տեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ.

Ընդդիմությունը պնդում է, որ ընտրատարածքային հանձնաժողովները խոչընդոտներ են ստեղծում և արհեստական ժամանակ ձգում, որպեսզի վերահաշվարկի համար նախատեսված հինգ օրերի ընթացքում աղմկահարույց տեղամասերին այդպես էլ հերթ չհասնի։

Դրանցից մեկը Արաբկիրի 4/20 ընտրատեղամասն է, որի հանձնաժողովի նախագահ Կոլյա Մոսինյանը, ըստ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների, ավելի քան 800 ձայն է կեղծել՝ 161 «այո»-ն հասցնելով 977-ի։ Դիմում են ներկայացրել, սակայն, պարզվել է՝ հանրաքվեի արդյունքից դժգոհ են նաև «Այո»-ի ներկայացուցիչները, և ընդդիմության այս բողոքը քննվելու է ամենավերջում։

«Ես սրա մեջ տեսնում եմ միտում, որ Հանրապետական կուսակցության կամ իշխող կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք ընդգրկված են հանձնաժողովներում, ստացել են ցուցում՝ գալ և գրել վերահաշվարկի դիմումներ, որպեսզի լուրջ խախտումներով տեղամասերը, որոնցից մեկը 4/20-նն էր ու որտեղ ընտրություններն ուղղակի խայտառակ բնույթ են կրել, ունենք բազմաթիվ ապացույցներ, որ բավարար են քրեական գործ հարուցելու համար հանձնաժողովի նախագահի նկատմամբ, ընկել է ամենավերջում իրենց այսպես ասած ժիրիբյովկայի [վիճակահանություն] արդյունքում, որին մեր անդամը եկել է 15 րոպե ուշացումով»,- պատմեց ՀԱԿ ներկայացուցիչ Կարեն Թովմասյանը։

Վերահաշվարկի դիմում ներկայացրած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Խաչատուր Պետրոսյանը պնդեց՝ համաձայն չէ ընդդիմության մեղադրանքներին։

«Իմ դիմումը արհեստական չի, իմը նրա հետ ա կապված, որ իմ իրավունքները ոտնահարվել են։ Կոպիտ ասած՝ ես բոլորին եմ դեմ, ո՛չ նրա կողմն եմ, ո՛չ նրա կողմն եմ, կուսակցություններին կակ տակավո չեմ ընդունում, սաղս հայ ենք, սաղս պետք ա իրար հետ լինենք, ու մենք ենք որոշում, ապագան մերն ա։ Դրա համար ըտենց բանի հետ համաձայն չեմ, ուղղակի ես ուզեցել եմ հաշվեմ, չեն թողացել հաշվեմ, ասել եմ՝ տվեք տեսնեմ, չեն թողացել և այլն և այլն։ Դրա համար սենց պետք ա անեի»,- բացատրեց Պետրոսյանը։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ հանձնաժողովի անդամի բողոքը պետք է քննվի ու վերահաշվարկ անցկացվի միայն այն դեպքում, երբ վերջինս ընտրության ամփոփումից հետո հատուկ կարծիքով նշել է, որ համաձայն չէ արդյունքին։ Մինչդեռ «Ժառանգության» վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը պնդում է՝ վերահաշվարկի սպասող առաջին 10 ընտրատեղամասերում հանրաքվեի ավարտին առարկություններ չեն եղել։

«Հիմա փաստորեն հայտնվել են այդ հատուկ կարծիքները չգիտես որտեղից ու հիմնականում գրված են Հանրապետական կուսակցության անդամների կողմից։ Ես այստեղ մի նպատակ եմ տեսնում, որպեսզի այն տեղամասերում, որտեղ ռեալ կեղծիքներ են եղել ու որտեղ «Ժառանգություն»-ը վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել, այդ տեղամասերը չբացվեն»,- ասաց Ղազարյանը։

4/04 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Արման Երանոսյանի խոսքով ևս՝ քվեների հաշվարկից հետո արձանագրության վրա հատուկ կարծիքի մասին նշում չի եղել։ Այսօր պարկից հանված արձանագրության մեջ նույնպես այդպիսի գրառում չկար, մինչդեռ տարածքային հանձնաժողովի օրինակում կար, թեև թանաքների տարբերությունն ակնհայտ էր։

Վերահաշվարկի դիմում ներկայացրած Հանրապետականի ներկայացուցիչը չցանկացավ պատասխանել մեր հարցերին։ Փաստաթղթերը կեղծելու և հատուկ կարծիքները հետագայում ավելացնելու մեղադրանքով «ոչ»-ի կողմնակիցները ոստիկանություն են դիմել։ Տեղում քննչական աշխատանքներ կատարելուց հետո կպարզվի, թե ինչ է տեղի ունեցել, «Ազատության» հարցին ի պատասխան նշեց ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Անդրանիկ Մելիքյանը։

XS
SM
MD
LG