Մատչելիության հղումներ

Բոլոր տեղամասերի նախնական արդյունքներով՝ սահմանադրական փոփոխություններն ընդունված են


Ամենաակտիվը եղել են Արարատի մարզի ընտրողները, ամենացածր ակտիվությունն արձանագրվել է Շիրակի մարզում։

Հայաստանում գործող բոլոր 1997 ընտրատեղամասերում կիրակի օրը անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներով՝ սահմանադրական փոփոխություններն ընդունված են։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված արդյունքներով՝ «այո» է քվեարկել 825 հազար 622 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 63.35 տոկոսը, «ոչ»՝ 421 հազար 593 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 32.35 տոկոսը։

Հիշեցնենք՝ Սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն՝ «հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը»։ Ըստ այդմ՝ «այո» է քվեարկել ընտրողների 32.17, «ոչ»՝ 16.42 տոկոսը։

Անվավեր է ճանաչվել 53 հազար 323 քվեաթերթիկ, անճշտությունների թիվը 824 է։

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ամենաակտիվը եղել են Արարատի մարզի ընտրողները, որոնց 66.5 տոկոսը մասնակցել են քվեարկությանը, ամենացածր ակտիվությունն արձանագրվել է Շիրակի մարզում՝ 41.27 տոկոս, Երևանում մասնակցությունը 46.36 տոկոս է։

ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր ժամը 10-ին հանձնաժողովը նիստում կամփոփի հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները, և կկազմվի համապատասխան արձանագրություն:

XS
SM
MD
LG