Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ճակատում «տարաձայնություններ չկան»


«Նոր Հայաստան»-ի հանրահավաքի հարթակը: 1-ը դեկտեմբերի, 2015 թ․
«Նոր Հայաստան»-ի հանրահավաքի հարթակը: 1-ը դեկտեմբերի, 2015 թ․

«Ոչ»-ի ճակատը, թե՛ ՀԱԿ-ի Լևոն Զուրաբյանի, թե՛ «Չե՛ք անցկացնի»-ի Արշակ Մուսախանյանի պնդմամբ՝ միասնական է:

Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ՝ «Նոր Հայաստան»-ի գործողությունները Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ծրագրերում փոփոխություններ չեն մտցրել․ հանրաքվեին ընդառաջ իրենց հրավիրած հանրահավաքն ուժի մեջ է, իսկ «Նոր Հայաստան»-ի հայտարարած անհնազանդության գործողություններին միանալ-չմիանալու խնդիր «ընդհանրապես գոյություն չունի»:

«Մենք էն գլխից ունենք մեր մոտեցումները, մեր ռազմավարությունը: Դրա մասին բացահայտ խոսել ենք, այդ թվում՝ նաև մեր գործընկերների հետ: Եվ մենք համաձայնվել ենք, որ գլխավոր հարցում՝ սահմանադրական այս փոփոխությունների մերժման, ինչպես նաև այս ռեժիմի հեռացման հարցում տրամադրված ենք նույնքան վճռական, որքան հետևողական: Իսկ թե ինչպես ենք այդ նպատակներին հասնում, ամեն մեկը կիրառում է իր մարտավարությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Շարադրելով իրենց մարտավարությունը՝ նա ասաց․ - «Մենք դեկտեմբերի 3-ին մեր ուժի ցուցադրման հանրահավաքն ենք կազմակերպելու Ազատության հրապարակում, որի իմաստը լինելու է այն, որ ժողովրդի բազմամարդ ֆիզիկական ներկայությամբ Ազատության հրապարակում կաշկանդել ռեժիմին ընտրակեղծարարության գործում: Վստահ ենք, որ եթե ժողովուրդը գնա և զանգվածաբար «ոչ» ասի, ուրեմն շանս կա հասնելու արդյունքի»:

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանի խոսքով՝ «Նոր Հայաստան» շարժման հետ տարաձայնություններ չունեն, այդուհանդերձ շուրջօրյա նստացույցերին չեն մասնակցի․ - «Մենք չենք կարող նստել, որովհետև մենք զբաղված ենք հանրաքվեի վերահսկողության աշխատանքներով: Բայց եթե իրենք նստեն, կրկին ողջունելի է: Դրանք շատ ակտիվ կպահեն քաղաքացիական ընդվզման մեխանիզմը, Ազատության հրապարակը, և ամեն ինչ կանեն, որպեսզի իշխանությունները արդեն սարսափած լինեն ընտրակեղծարարության դեպքում»:

«Ոչ»-ի ճակատը, թե՛ ՀԱԿ-ի Լևոն Զուրաբյանի, թե՛ «Չե՛ք անցկացնի»-ի Արշակ Մուսախանյանի պնդմամբ՝ միասնական է:

«Մենք իրար հետ փոխանակում ենք ինֆորմացիա, մենք տեղյակ ենք պահում փոխադարձ քայլերի մասին: Այնպես որ, այո, մենք անում ենք մեր ծրագիրը, որը ուղղված է նույն նպատակին, իրենք անում են իրենց ծրագիրը, որը նույնպես ուղղված է այդ նույն նպատակին: Եվ քանի որ գլխավոր հարցում մենք միասնական ենք, ուրեմն կարող ենք արձանագրել, որ ընդդիմությունը սահմանադրական փոփոխության մերժման և ռեժիմից Հայաստանը ազատելու անհրաժեշտության հարցում միասնական է», - ասաց Զուրաբյանը:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես համարում է, որ «Ոչ»-ի ճակատում տարաձայնություններ չկան․ - «Խնդիրը «Նոր Հայաստան»-ի և ՀԱԿ-ի մեջ չէ, խնդիրը մեր քաղաքացիների մասնակցության մեջ է: Մեր քաղաքացիներն են, որ թելադրելու են քաղաքական ուժերին իրենց քայլերը»:

Ի դեպ, «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրահավաքին այսօր մասնակցեցին և՛ ՀԱԿ-ի, և՛ «Չե՛ք անցկացնի»-ի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG