Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Րաֆֆի Հովհաննիսյանը հովհարային անջատումով քաղաքական գործիչ է»


Հանրապետականի խոսնակը վստահ է՝ իշխանափոխություն չի լինի։

Իշխող Հանրապետականին չի մտահոգում ո'չ այսօրվանից հրապարակում սկսվող իշխանափոխության ակցիան, ո'չ էլ այն հանգամանքը, որ հարթակ է վերադարձել վերջին նախագահական ընտրություններում կես միլիոնից ավելի ձայներ հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Խորհուրդ կտամ լուրջ ուշադրություն չդարձնել։ Րաֆֆի Հովհաննիսյանը հովհարային անջատումով գործիչ է։ Այսինքն՝ 2013 թվականին մարդը հավաքեց 37 տոկոս ձայն, հետո կորավ, ամիսներ, տարիներ շարունակ չկար, հիմա նոր հայտնվել է։ Ո՞ւր էր ինքը, հովհարային անջատումներով գործիչներին ես չեմ ընկալում», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Շարմազանովը կրկին ընդգծեց, որ տեսանելի ապագայում Հայաստանի քաղաքական դաշտում ամենահզոր կուսակցությունը Հանրապետականն է, ընդդիմադիրներին էլ խորհուրդ տվեց` զուր իշխանափոխության խոստումներ չտալ։

«Իշխանափոխության բոլոր հարցերը՝ կլինի իշխանափոխություն, չի լինի, դա կորոշի մեր քաղաքացին 2017 թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ։ Մեր երկրում, ինչպես ցանկացած նորմալ, ժողովրդավարական երկրում, իշխանափոխությունը, կամ իշխանության ձևավորումը, կամ վերաձևավորումը պետք է լինի բացառապես հերթական ընտրությունների միջոցով», - ասաց Շարմազանովը։

Իշխող կուսակցության խոսնակը շեշտեց, որ չի կարծում, թե «Նոր Հայաստան» շարժման համակիրները շատ են, բայց գիտի, թե ինչու է հասարակության մի մասը իշխանությունից դժգոհ։ Ընդ որում, Հայաստանում առկա խնդիրները թվարկելիս հանրապետական Շարմազանովը ընդդիմադիր գործիչներին չզիջեց։

«Պետք չի զարմանալ, որ իշխանություններին չեն սիրում, իհարկե պետք է չսիրեն մի մասը։ Մի երկրում, որտեղ կա կոռուպցիա, մի երկրում, որտեղ կա աղքատության մակարդակ, մի երկրում, որտեղ մարդը սոցիալական խնդիրներ ունի... Պրոբլեմ կա, կներեք, ես, մի քիչ փիլիսոփայական խնդիր է, առանձին կխոսենք, բայց, ըստ իս, պրոբլեմը սոցիալական չէ, ոչ էլ տնտեսական է, խնդիրը արժեքային համակարգի հետ կապված է», - ասաց Շարմազանովը։

Հանրաքվեից օրեր առաջ ՀՀԿ խոսնակը հիշեցրեց՝ Հայաստանի թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է, «Իսլամական պետություն»-ը, Թուրքիան, և պնդեց, որ այսօր առավել քան երբևէ ներքին ցնցումներ չպետք է լինեն։ «Մեզ բարություն է անհրաժեշտ, մեզ փոխադարձ հարգանք է անհրաժեշտ, մեզ անհրաժեշտ է՝ բոլորիս՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը, թե՛ հանրությանը, իրավիճակի ավելի իրատեսական գնահատական», - ասաց Շարմազանովը։

Օրվա ընթացքում նաև ահազանգեր էին ստացվում, որ մարզային քաղաքներից դեպի Երևան տրանսպորտը չի աշխատում։ Շարմազանովն ասաց, որ պատճառն ինքը չգիտի, բայց չի կարծում, որ դա միտումնավոր է արվում։

Շարմազանովը, ընդհանուր առմամբ, քարոզարշավը գնահատեց նորմալ։ Հակադարձելով ընդդիմության պնդումներին, թե բոլորը «ոչ» են ասում, ՀՀԿ խոսնակն ասաց, որ հայրենի Լոռիում ոչ միայն «այո»-ի կողմնակիցներ է տեսել, այլև լսել է նրանց հիմնավորումները։ «Որ նախագահական ընտրություններ չլինեն, որ չլինի առճակատում, որ պառլամենտի դերը մեծանա, որ լինի կայուն կառավարում, որ մեծամասնականների տեղը պակասի և կուսակցությունների տեղերն ավելանան», - ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG