Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ի հատուկ գործողությունը Րաֆֆի Հովհաննիսյանին «վստահություն չի ներշնչում»


Օրերս Միացյալ Նահանգներից վերադարձած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի պնդմամբ՝ իշխանությունները վախեցել են իրենց ծրագրերից, այդ պատճառով էլ հատուկ գործողությունը ցուցադրական արվեց։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ չորեքշաբթի անցկացրած գործողությունը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին վստահություն չի ներշնչում:

Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանությունները փորձում են ձերբակալված խումբը, որոշակի ԶԼՄ-ների միջոցով, կապել քաղաքական ուժերի հետ՝ հընթացս խախտելով անմեղության կանխավարկածը․ - «Ոչ մի քաղաքացու կամ քաղաքական ուժի հետ առանց հիմքի ուղղակի կամ անուղղակի չկապեն: Որովհետև գլխավոր ահաբեկիչները, իրավունքի ահաբեկիչները, քաղաքացու արժանապատվության և Սահմանադրության ահաբեկիչները հենց նրանք են [իշխանությունները]»:

Դեկտեմբերի 1-ից անհնազանդության գործողությունների և շուրջօրյա հանրահավաքների պատրաստվող Հովհաննիսյանի պնդմամբ՝ իշխանությունները վախեցել են իրենց ծրագրերից, այդ պատճառով էլ հատուկ գործողությունը ցուցադրական արվեց։

«Ժառանգության» առաջնորդը վստահություն հայտնեց, թե ժողովուրդը չի վախենա․ - «Այդ կոչն ենք անում մեր ժողովրդին՝ չվախենալ, չահաբեկվել, գալ միասին, ներել միմյանց սխալները անցյալում և ստեղծել այդ միացյալ հրապարակը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք պայքարելու են վախի և ահաբեկված լինելու դեմ, թույլ չեն տալու, որ Հայաստանը դառնա կուսակցապետություն, իսկ պետական մարմինները ծառայեն կուսակցական շահին, ինչպես հիմա է։

Նա այսօր համազգային միասնական պայքարի կոչ արեց: Հիշեց նաև վերջին նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքները՝ ասելով, թե այն ժամանակ սեփական հաղթանակին կազմակերպական առումով պատրաստ չէին, իսկ հիմա պատրաստ են։

«Մեզ պետք է միասնական պայքար: Եվ ժողովուրդը ինքը պիտի որոշի՝ ինքը պիտի դո՞ւրս գա, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, 30 օրվա ընթացքում իր ճակատագրապաշտությունից և մասնակից դառնա, թե՞ պիտի տանը նստի և անիծի խավարը: Ես կարծում եմ, որ մենք պիտի դուրս գանք և պիտի ներկայացնենք մեր պահանջները հերթական անգամ», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր գործիչն ընդգծեց, որ իրենք մերժում են բռնությունը, նաև վստահ են, որ ժողովուրդը կմիանա պայքարին՝ եթե հասկանա, որ շարժումը իրենն է և ինքն էլ է որոշում կայացնում:

«Ժառանգության» առաջնորդի խոսքով՝ դեկտեմբերի 1-ի անելիքը քննարկումների արդյունքում է որոշվելու, և չի լինելու նախագահական ընտրություններին հաջորդած բողոքների նման, երբ բոլորը մեկ մարդուց էին քայլեր ակնկալում․ - «Ավելի հեշտ է, իհարկե, պահանջել կարճաժամկետ լուծում՝ գրավեք այս շենքը, ոնց որ ինձ էին ասում: Գրավեք, պրծեք, ժողովուրդը ուրախանա: Այդպես չէ: Տևական պայքար․ եթե ժողովուրդը պատրաստ է տևական պայքարի, ուրեմն մենք կհասնենք հաղթանակի: Եվ մենք պատրաստ ենք դրան: Իսկ եթե ոչ՝ ոչ մի քաղաքական ուժ, առանձին վերցրած, դա չի անելու»:

Ըստ Հովհաննիսյանի, եթե Սերժ Սարգսյանը պետական մտածողություն ունի, ապա ինքնակամ հրաժարական կտա, կամ էլ իրենք դա կպարտադրեն տևական պայքարի միջոցով։ Դրանից հետո «Նոր Հայաստան» նախաձեռնությունը ընդլայնված կազմով ժամանակավոր իշխանություն կձևավորի և ազատ, արդար ընտրություններ կանցկացնի։

«Ժառանգության» առաջնորդը անկեղծացավ՝ պատրաստ է նաև ինքը դառնալ նախագահի թեկնածու․ - «Ես պատրաստ եմ որպես շարքային զինվոր անել ինչ որ պետք է, նորից թեկնածություն դնել՝ եթե պետք լինի: Բայց ես նախընտրում եմ կանգնել երիտասարդ սերնդի և հատկապես կին թեկնածուի կողքին»:

Րաֆֆի Հովհաննիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած շարժումը վաղը կլինի Գյումրիում և Վանաձորում, իսկ արդեն դեկտեմբերի 1-ին Երևանի Ազատության հրապարակում «կսկսեն կերտել նոր Հայաստանը»։

XS
SM
MD
LG