Մատչելիության հղումներ

ԱԱԾ պետի նախկին տեղակալին Գորիկ Հակոբյանի հավաստիացումները չեն համոզում


Անվտանգության ուժերի ներկայացուցիչները ձերբակալում են կասկածյալին: 25-ը նոյեմբերի, 2015թ․
Անվտանգության ուժերի ներկայացուցիչները ձերբակալում են կասկածյալին: 25-ը նոյեմբերի, 2015թ․

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավարը այսօր պնդել է, թե երեկ իրականացված հատուկ գործողությամբ կանխվել են «Հայաստանի համար հրեշավոր վտանգներ»։

«Դժվար է պատկերացնել, թե երեկ վնասազերծված խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր և ինչ հետևանքներ կարող էին լինել», - «Արմենպրես»-ին ասել է գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:

Հակոբյանը նաև կտրականապես հերքել է հնչող պնդումները, թե իրականում երեկվա հատուկ գործողությունը բեմականացվել էր՝ ընդդիմադիրներին ճնշելու և ահաբեկելու համար:

«ԱԱԾ-ն ապաքաղաքական կառույց է: Հատուկ ջոկատայինները տեղյակ են եղել, որ հանցավոր խումբը զինված է, բայց չեն ընկրկել։ Գործողության ընթացքում ոչ մի զոհ չեղավ», - ընդգծել է նա՝ նշելով, թե «տարօրինակ մեկնաբանությունների փոխարեն հանրությունը պետք է շնորհակալություն հայտնի հատուկ գործողությունն իրականացնողներին»։

Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին այս հավաստիացումները չեն համոզմում։

«Ազատության» հետ զրույցում Եղիազարյանն ասաց․ - «Ցանկացած աղմուկ, որպես կանոն, աշխատում է հանցագործի օգտին: Իսկ ո՞վ էր ասել, որ․․․ Եթե դա ահաբեկիչների խումբ էր, եթե հանցավոր միտումներ ունեցող մի խումբ էր, իսկ ո՞վ էր ասել, որ ինը հոգի էին դրանք, իսկ միգուցե տասնի՞նը հոգի էին․ ինչո՞ւ էր հարկավոր այդ աղմուկով զգուշացնել մնացածներին»:

Եղիազարյանը չի հիշում որևէ դեպք, երբ հանցավոր խմբավորում բացահայտելուց հետո դեպքի վայրը մնա բաց, մուտքն էլ ազատ բոլորի համար։ Երեկ տեղում իրականացված հատուկ գործողություններից հետո առանձնատան դռներն այդպես էլ չկապարակնքվեցին՝ հնարավորություն տալով, որ անարգել ներս մտնեն հարևաներն ու լրագրողները:

«Ձեր տեսածը ես հանցավոր անփութություն եմ համարում: Այդպիսի ներխուժումը՝ բավականին գրագետ և բավականին արագընթաց ներխուժումը, և դրանից հետո չկապարակնքված դեպքի վայրը ուղղակի իրար չեն համապատասխանում», - նշեց Գուրգեն Եղիազարյանը:

ԱԱԾ-ն չի շտապում մանրամասնել, թե երեկվա հատուկ գործողության կադրերը ինչպես են հայտնվել համացանցում:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ տեսագրության հրապարակմամբ խախտվել է անմեղության կանխավարկածը, հրապարակվել է նախաքննական գաղտնիք, ինչը կարող էր արվել միայն քննիչի համաձայնության պարագայում․ - «Ովքեր թույլատրել են դա համացանցում հայտնվելու՝ առանց քննչական մարմինների համաձայնության, իրենք պետք է կրեն պատասխանատվություն»:

ԱԱԾ-ից «Ազատության»-ը փոխանցեցին, որ կալանավորման մասին որոշումներ դեռևս չեն կայացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG