Մատչելիության հղումներ

Պուտին. «Թուրքիան հարվածեց մեզ թիկունքից»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

«Սա թիկունքից հարված էր, որ միանշանակորեն ազդելու է ռուս-թուրքական հարաբերությունների վրա»,- մեկնաբանելով ռուսական Су-24 օդանավի կործանումը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդի հետ Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում Պուտինն աննախադեպ կոշտ քննադատություն հնչեցրեց Թուրքիայի հասցեին:

«Այսօրվա կորուստը առնչվում է մի հարվածի, որ մեզ թիկունքից հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները»,- հայտարարեց Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքից պարզ էր դառնում, որ այսօր առավոտյան թուրք-սիրիական սահմանի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին նրան զեկուցել են ամենայն մանրամասնությամբ: Նա Հորդանանի թագավորին պատմում էր, թե քանի կիլոմետր բարձրության վրա էր թռչում խոցված Су-24-ը, ինչ տեսակի հրթիռով է թուրքական F-16 կործանիչը գնդակոծել ռուսական օդանավը:

Պուտինի պնդմամբ՝ հարվածի պահին ռուսական օդանավը գտնվել է թուրքական սահմանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա` Սիրիայի օդային տարածքում:

«Ամեն դեպքում մեր օդանավն ու մեր օդաչուները որևէ կերպ չէին սպառնում Թուրքական Հանրապետությանը: Դա ակնհայտ է»,- ասաց Պուտինը՝ նշելով, որ այսօրվա օդային հարվածների թիրախը «Իսլամական պետություն» խմբավորման` Լաթաքիա նահանգի հյուսիսում կենտրոնացած զինյալներն էին, որոնց հիմնական մասը Սիրիա է ժամանել Ռուսաստանի Դաշնությունից: Պուտինը նաև ակնարկեց, որ Թուրքիան, ռուսական օդուժի դեմ գործողությունների դիմելով, տնտեսական շահ է հետապնդում:

«Մենք վաղուց էինք արձանագրել, որ Թուրքիայի տարածք մեծ քանակությամբ նավթ և նավթամթերք է արտահանվում «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» կողմից գրավված տարածքներից: Այստեղից էլ այդ կազմակերպության ֆինանսական սնուցումն էր, այժմ էլ ահա հարվածներ մեր թիկունքին, հարվածներ օդանավերին, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ»,- հայտարարեց Պուտինը՝ հստակ արձանագրելով` տեղի ունեցածը չի կարող չազդել Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վրա:

«Այսօրվա ողբերգական իրադարձությունը լուրջ հետևանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար: Մենք միշտ Թուրքիան ընկալում էինք ոչ թե որպես մերձավոր հարևան, այլև որպես բարեկամ պետություն: Տեղի ունեցածից անմիջապես հետո, սակայն, Թուրքիան, մեզ հետ ուղղակի կապ հաստատելու փոխարեն, մեր ունեցած տեղեկություններով, դիմել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին՝ առաջարկելով քննարկել ստեղծված կացությունը: Կարծես թե մենք ենք թուրքական օդանավ խփել, այլ ոչ թե իրենք՝ մերը: Ի՞նչ է, նրանք ուզում են ՆԱՏՕ-ն ծառայեցնել «Իսլամական պետության» շահերի՞ն»,- ասաց Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG