Մատչելիության հղումներ

Երևան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը


Ռուսաստանի և Հայաստան արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը բանակցում են Երևանում: 9-ը նոյեմբերի 2015թ․
Ռուսաստանի և Հայաստան արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը բանակցում են Երևանում: 9-ը նոյեմբերի 2015թ․

Երևանում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունելու են նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Երևանում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունելու են նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ծրագրված է նաև նախարարների համատեղ ասուլիս:

Թե ինչ հարցերի շուրջ է Հայաստանում բանակցություններ վարելու Լավրովը, այս պահին հստակ տեղեկություն չկա: Պաշտոնական տեղեկատվությունը համեստ է՝ Ռուսաստանի արտգործնախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում կարդում ենք․ - «Այցի շրջանակներում նա բանակցություններ կվարի Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր»։

Նշենք, որ Ռուսաստանը վերջին շրջանում բավական մեծ ակտիվություն է ցուցաբերում ղարաբաղյան բանակցություններում: Մասնավորապես, Սերգեյ Լավրովը սեպտեմբերի վերջին Նյու Յորքում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Ես շատ ուրախ եմ, որ ստեղծվեց այս հնարավորությունը՝ ստուգելու ժամացույցները և համոզվելու, որ մենք ավելին կարող ենք անել՝ ի լրումն արդեն ընդունված քայլերի, առաջ շարժվելու համար ղարաբաղյան կարգավորման գործընթացում», - նյույորքյան այդ հանդիպումից հետո, ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության, ասել էր Լավրովը:

Ավելի վաղ՝ հուլիսին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Լավրովը, մասնավորապես, նշել էր․ - «Հիմքեր կան ենթադրելու, որ ժամանակն է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու ջանքերը, կարծում եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք առաջընթաց ապահովել արդյունքների հասնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG