Երեկ երեկոյան Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական կողմը բեռնատար մեքենա էր գնդակոծել։ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում այսօր նշեց, որ ազգությամբ օս վարորդը չի տուժել։
«Անվադողերն են ծակել, շարժիչն ա շարքից դուրս եկել, վարորդն էլ ազգությամբ օսեթ ա, մեր մոտի ժողովուրդը գնացել են բերել։ Միջպետական ճանապարհ ա, մինչև Բաղանիս մտնելը իրանց հենակետերից գնդակոծել են, բարեբախտաբար չի տուժել ու ոչ մի բան իրա հետ չի եղել»,- պատմեց գյուղապետը։
Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցները շարունակվել են նաև գիշերը։ Գյուղապետարանի աշխատողները պատմում են, որ գնդակոծումները սովորաբար 1.5-2 ժամ են տևում, այդ ընթացքում իրենք փորձում են ապահով տեղ գտնել։ «Իջնում ենք ներքև, մտածելով, որ հանդիման չի, ապահով ա: Համարյա մի շաբաթ կլինի, իրիկվա կողմերը մինչև մութն ընկնելը կրակոցներ ա լսվում»:
«Հայփոստ»-ի Բաղանիսի բաժանմունքի աշխատող Թամարա Եդիգարյանն էլ պատմում է, որ գյուղացիների մի մասն այսօր վախեցել է անգամ գալ՝ թոշակ ստանալու։ «Թոշակի շրջան ա, գումար ենք ստանում, ժողովուրդը վախենում են էս պահին արագ-արագ մոտենան իրանց գումարը վերցնեն: Թե ես ինչ պետք ա անեմ մինչև օրվա վերջ, կրակոցի տակին շատ դժվար ա․․․»:
Երեկ գիշեր Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ևս անհանգիստ է եղել։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ։ Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ուսանողական ունիվերսիադայի ժամանակ պատասխանելով սահմանային միջադեպերի մասին «Ազատության» հարցին, նշեց, որ վերջին շրջանում լարվածությունն իջել է և իրավիճակը վերահսկելի է։
«Մերթընդմերթ կրակոցների թիվն ավելանում է, և իրականության մեջ այս գիշեր հենց Բաղանիսի հատվածում կրակոցների թիվն ավելացել է, կրակել էին մեքենաների վրա, բայց հայ դիրքապահների խելամիտ գործողությունների շնորհիվ այդ կրակոցները դադարեցվել են»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարություններին, որոնցում գրեթե միշտ ուժի գործադրումից զերծ մնալու ընդհանրական կոչեր են հնչում, Օհանյանն ասաց՝ մի օր հայտարարությունները թիրախավորված կլինեն։
«Գտնում եմ, որ կգա մի օր այն պահը, որ իհարկե հենց Մինսկի խմբի համանախագահների կողմից թիրախավորված գնահատական կլինի: Այն կողմի նկատմամբ, ով խախտում է: Մենք ձգտում ենք խաղաղության պայմանները պահպանել, բազմիցս նույնիսկ միակողմանի վստահության մթնոլորտի մեխանիզմների մշակման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տարել: Չկրակել, չպատասխանել, միակողմանի հետաքննություններ ենք անցկացնում, բայց տա Աստված՝ գա այն պահը, երբ վստահության մեխանիզմները ձևավորվեն երկխոսության և փոխադարձ պայմանավորվածության շնորհիվ»։