Մատչելիության հղումներ

«Քաղաքացի դիտորդ»-ը պատրանքներ չունի


Նախաձեռնության անդամները, սակայն, անելու են հնարավորը՝ հանրաքվեի ժամանակ «կեղծիքների ծավալը նվազեցնելու համար»:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը մտադիր է հնարավորինս շատ ներկայացուցիչներով վերահսկել առաջիկա հանրաքվեն: «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը վստահ է՝ իշխանությունները կարող են գործի դնել բոլոր միջոցները՝ ճնշումներ, «կարուսել», ընտրակաշառք, բայց, ըստ նրա, առավոտից տեղամասում հերթապահելը մթնոլորտ կփոխի:

«Երբ մարդը հսկում է, թե ինչպես է քաղաքացին գալիս ու անձնագրով ստանում քվեաթերթիկը, կարելի է իսկապես ստուգել՝ սա այս մա՞րդն է, թե՞ ոչ, իր անվան դիմա՞ց ստորագրեց, թե՞ ոչ, մի հա՞տ գցեց, թե՞ երկու հատ գցեց ծրարով, արդյոք նույն մարդը նորի՞ց եկավ՝ մեկ ուրիշի փոխարեն ստորագրելու: Մուկուչյանը անձամբ հո չի՞ նկարելու, տեղամասային հանձնաժողովների նախագահներն են անելու»,- ասում է Բարսեղյանը:

Բայց քանի դեռ չունեն ռեսուրս հայաստանյան բոլոր՝ շուրջ երկու հազար տեղամասեր դիտորդներ գործուղելու համար, արդյունքների մասին «Ասպարեզ» ակումբի ղեկավարը չի շտապում խոսել: «Ամեն տեղամասում երկուական ուժեղ քաղաքացի ունենալու դեպքում կարելի կլինի շոշափելիորեն նվազեցնել այդ տեղում այդ օրվա կեղծիքների ծավալը, ուրեմն՝ լրջորեն ստվերվում է այդ ամբողջ մասխարան, որը սարքում է հիմա իշխանությունը»:

Մի քանի հասարակական կազմակերպություններ միավորող այս դաշինքը փորձելու է «Ոչ»-ի ճակատի հետ համատեղել ուժերը: Վերջին տարիների գրեթե բոլոր ընտրությունները տեղամասերում վերահսկած Դանիել Իոաննիսյանն ասում է՝ կարևոր է ճիշտ կանխատեսել, թե ընտրակեղծիքների զինանոցի հատկապես որ գործիքն է իշխանությունն օգտագործելու:

«Ես, օրինակ, հանձնաժողովի նախագահ էի, ինձ առաջարկեցին՝ Դանիել, 15 րոպեով դուրս ես գալիս, վաղը գնում նոր ավտո ես առնում»,- պատմում է Իոնիսյանը: Փոխարենը, նա կարողացել է հասնել այն բանին, որ ընտրակեղծարարը քրեական պատասխանատվության ենթարկվի․ - «Վերահսկում էի, ես տեսա այլ հասցե, հետո ուշադրություն դարձրեցի՝ տեսա, որ ուրիշ ազգանուն է, ու հասկացա, որ տեղի է ունենում այլ անձի փոխարեն քվեարկություն: Նախ կանխեցի կրկնաքվեարկությունը, երկրորդը՝ այդ մարդիկ հետո կանգնեցին դատարանի առջև»,- շարունակում է Դանիել Իոնիսյանը:

Աննա Շահնազարյանն էլ դիտորդական մեծ փորձ ունի, բայց ոչ պատրանքներ, թե անգամ լիարժեք վերահսկողության դեպքում չեն կեղծի, կամ ասենք՝ ավելի կոշտ միջոցների չեն դիմի: «Ոչ ոք չի կարող բացառել, որ ասենք՝ դիտորդին, ով իսկապես միգուցե կարողանում է վերահսկել հանձնաժողովի կողմից ընտրակեղծիքների փորձերը չանելը, բայց խուժանի կողմից կարող է ենթարկվել բռնության, սպառնալիքի և նույնիսկ՝ մենք ունեցել ենք առևանգման դեպքեր»,- վերհիշում է Աննա Շահնազարյանը:

Սեփական փորձով զգալով ճնշումները, դեկտեմբերի վեցին, միևնույն է՝ որպես դիտորդ, նա գնալու է տեղամաս: «Մասնակցելով դիտորդական գործունեությանը, ամեն մեկն իր կաշվի վրա արդեն զգում է այն անարդարությունը, որը կեղծիքն է ստեղծում: Այսինքն՝ ինքն արդեն բարկությունից ու զայրույթից դրդված կարող է դիմել պայքարի, կանգնել ու ասել՝ չեմ ընդունում ես այս սահմանադրական կեղծված հանրաքվեի արդյունքները»:

«Քաղաքացի դիտորդ»-ը նախաձեռնած «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանն առայժմ չի հրապարակում, թե քանի դիտորդ կունենան առաջիկա քվեարկությանը, բայց կարծում է՝ արդյունքները շոշափելի կլինեն․

«Էն տեղամասերում, որտեղ մենք կունենանք դիտորդներ, առնվազն այդ տեղամասերի արդյունքները կստացվեն տարբեր, որովհետև դրանք, ըստ էության, կարտացոլեն էն արդյունքները, որոնք որ իրական են»,- ասում է Սոնա Այվազյանը:

XS
SM
MD
LG