Մատչելիության հղումներ

Հայաստանը ևս 300 մլն դոլար վարկ կվերցնի


Հաշվի առնելով անցած շաբաթ Ասիական զագացման բանկից ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից վերցրած գրեթե 153 միլիոն ԱՄՆ դոլար կազմող երկու վարկերը՝ ստացվում է, որ միայն մեկ շաբաթվա ընթացքում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան 450 միլիոն դոլարով:

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Եվրասիական զարգացման բանկի հետ համաձայնագրի կնքմանը, որով Հայաստանը 300 միլիոն դոլար վարկ կստանա:

Հաշվի առնելով անցած հինգշաբթի Ասիական զագացման բանկից ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից Հայաստանի վերցրած գրեթե 153 միլիոն ԱՄՆ դոլար կազմող երկու վարկերը՝ ստացվում է, որ միայն մեկ շաբաթվա ընթացքում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան 450 միլիոն դոլարով:

Կառավարության անդամներին սա, թերևս, չմտահոգեց, համենայնդեպս` բարձրաձայն որևէ կարծիք չհնչեց նոր՝ 300 միլիոնանոց վարկի կապակցությամբ: Երբ այս առնչությամբ դիմեցինք էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին, ասաց, որ ավելի կարևոր է, թե այդ միջոցները ինչպես են ծախսվում․ - «Արտաքին պարտքի ծավալները հաշվարկված են, և այդ բեռը ընդհանուր տնտեսագիտական իմաստով մեծ է, թե փոքր է՝ ավելի շատ կախված է տնտեսության արդյունավետությունից»:

«Ազատության» հարցին, թե արդյոք Հայաստանը Հունաստանի ճանապարհով չի գնում, նախարարն արձագանքեց․ - «Չէ, չէ»:

Իսկ ի՞նչ է անելու կառավարությունը այդ 300 միլիոն դոլարով: Պաշտոնական հիմնավորման մեջ նշված է՝ «էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության բարձրացում, պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում և բիզնես պայմանների բարելավում»:

Վերջին կետը մի փոքր տարօրինակ է, որովհետև, օրինակ, Doing Business 2016 զեկույցի համաձայն՝ ԱՊՀ երկրների շարքում հենց Հայաստանում են բիզնեսի վարման ամենալավ պայմանները, և հարց է առաջանում՝ որքանո՞վ է նպատակահարամար 300 միլիոն դոլար վարկ վերցել այդ պայմանները է՛լ ավելի բարելավելու համար:

Առավել ուշագրավ է այն հիմնավորումը, թե այդ գումարները տրամադրվելու են «էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության բարձրացմանը»: Արդյո՞ք վարկային այս միջոցներից է մարվելու, օրինակ, էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը:

Այս հարցերի պատասխանը այսօր չկարողացանաք ստանալ․ կառավարությունից խոստացան ավելի ուշ պատասխանել:

Ֆինանսների նախարարության տվյալներով, սեպտեմբերի վերջին միայն կառավարության արտաքին պարտքը կազմում էր 3 միլիարդ 593 միլիոն դոլար: Սակայն Կենտրոնական բանկը նույնպես արտաքին տպավորիչ պարտք ունի՝ սեպտեմբերի 30-ի տվյալներով այն կազմում էր ավելի քան 477 միլիոն դոլար: Եթե գումարենք, կստացվի Հայաստանի արտաքին պարտքն այժմ կազմում է 4 միլիարդ 523 միլիոն դոլար՝ մոտ երեք անգամ գերազանցելով նախաճգնաժամային՝ 2008-ի ցուցանիշը:

«Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, բազմապատկելով արտաքին պարտքը՝ իշխանությունները որևէ քայլ չեն արել զարգացող տնտեսություն ձևավորելու համար․ - «Եթե մենք որակապես ունենայինք լավ տնտեսություն, ապա ոչ թե արտաքին պարտք վերցնելու կարիք կառաջանար, այլ կշատանային ներդրումները տնտեսության մեջ, ու պարտքերի դիմելու կարիք չէր լինի: Առաջին հերթին դա շուկաների կենտրոնացվածությունն է, ինչպես մենք ենք ասում՝ մոնոպոլիաները, և պետական պաշտոնյաների կողմից բիզնեսի մեջ ներգրավված լինելը․ եթե մենք կարողանանք այս երկու հարցերը լուծել, Հայաստանը ուղղակի պարտքերի կարիք չի ունենա»:

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, Հայաստանի տնտեսությունը՝ արտահայտված ԱՄՆ դոլարով, դեռ չի հասել նախաճգնաժամային՝ 2008 թվականի մակարդակին, և այդ մակարդակին կհասնի միայն 2019-ին:

Հարևան Ադրբեջանը դա արեց 2009 թվականի տնտեսական ճգնաժամի հաջորդ տարում՝ 2010-ին, իսկ Վրաստանը՝ 2011-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG