Երևանում անցնող Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նիստում այսպիսի հայտարարություն արեց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսանդր Ցիբուլսկին՝ չնշելով, սակայն, թե միության անդամ որ երկիրը ինչ դիրքորոշում ունի:
Նա, միաժամանակ, ասաց, որ այսօր ԵՏՄ անդամ երկրների միջև առևտրի 34 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով, և շարունակվում են աշխատանքները այդ թիվը մեծացնելու ուղղությամբ:
«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի անցնելու հարցին, ապա այդ հարցը, իրոք, բարձրացվում է, տարբեր մակարդակներում այն քննարկվում է, սակայն դեռևս համաձայնեցված միասնական կարծիք չկա նման արժույթի նպատակահարամարության և այն շրջանառության մեջ մտցնելու ժամկետի շուրջ: Այս առումով տարբեր երկրներ տարբեր կարծիքներ ունեն», - հավելեց Ցիբուլսկին:
«Ազատության» հարցին, թե այսօր Ռուսաստանի կառավարությունն ի՞նչ դիրքորոշում ունի միասնական արժույթի վերաբերյալ, Ցիբուլսկին հրաժարվեց պատասխանել՝ հայտարարելով, թե իրավասու չէ ներկայացնել Ռուսաստանի կառավարության կարծիքը այս հարցում:
Եվրասիական տնտեսական միությունում փոխադարձ առևտրում դոլարից, եվրոյից հրաժարվելու շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, պաշտոնական քննարկումները վերջին շրջանում հաճախակի են դարձել: Սեպտեմբերին Բելառուսում կայացած միջկառավարական խորհրդի նիստին, օրինակ, այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ առաջարկելով նաև ռազմավարական նշանակության ապրանքների առևտուրն ԵՏՄ-ում իրականացնել ռուսական ռուբլով:
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով, ԵՏՄ-ում փոխադարձ առևտրի ժամանակ ազգային արժույթին անցնելը կամ, առավել ևս՝ ռազմավարական ապրանքների առևտուրը միայն ռուսական ռուբլով իրականացնելը իրականում ճանապարհ է հարթում ազգային արժույթներից հրաժարվելու և ԵՏՄ-ում միասնական արժույթի ստեղծման համար․ - «Ռուսաստանը փորձում է արագացնել գործընթացները՝ լավ հասկանալով, որ որպես տնտեսական միություն, այդ պրոյեկտները ձախողվել են, և պետք է արագացնել գործընթացը: Այսինքն այս երկրները իր տնտեսական, քաղաքական ազդեցության ուղեծրում պահելու համար պետք է արագացվեն այդ ամբողջ գործընթացները»: