Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները վախեցնելու փորձ են որակում ոստիկանական շտաբի ստեղծումը


Իրավապաշտպանները և ընդդիմադիրները վախեցնելու փորձ են որակում հանրաքվեից ավելի քան մեկ ամիս առաջ ոստիկանական շտաբի ստեղծումը:

Քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքն ապահովող օպերատիվ խումբը ղեկավարելու է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների պետերից բացի, շտաբում ներգրավված է նաև աղմկահարույց պատմություններով հայտնի մյուս փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզված է՝ այսպիսով իրավապահները ուղերձ են հղում փոփոխությունների դեմ դուրս եկած շարժումներին.- «Ցույց տալու համար, որ մենք այստեղ ենք, և այդ «հսկողությունը», այսինքն բռնի հսկողություն շտաբի տեսքով է այս անգամ լինելու։ Սա ահաբեկման ինչ-որ մի բան է, նույնիսկ այդ շտաբի՝ այսքան վաղ ստեղծելը։ Եվ պարզ է՝ ոստիկանությունը պատրաստվում է հերթական ջարդերին»։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը, իր հանրահավաքի նախօրեին ծանոթանալով շտաբի բարձրաստիճան կազմին, կռահել է՝ քաղաքական որոշում է՝ կանխել, որ ցույցերը բազմահազարանոց չդառնան։

«Իշխանությունները մեզնից ավելի լավ են տիրապետում հանրային կարծիքին, և նրանք հասկանում են, որ «այո»-ն որևէ աջակցություն չունի։ Այդ առումով նրանք, ինչպես միշտ, հույսը դնում են ուժային ռեսուրսների վրա»,- այսպես է բացատրում Արշակ Մուսախանյանը ոստիկանական այս շտաբի կազմը. քրեական հետախուզության մարմինների պաշտոնյաներ, բողոքի ակցիաները չհանդուրժող ոստիկաններ, իրենց են հասկացնում, թե ուժեղ պատասխանի սպասեք, բայց հակադարձում է՝ «Չե՛ք անցկացնի»-ի ակցիաները օրենքի շրջանակում են։

«Նման կազմով որևէ մեկին այլևս Հայաստանում չես վախեցնի, չես անհանգստացնի։ Դա միայն մատնում է այն, որ իշխանությունները բավականին անհանգստացած են հրապարակում տեղի ունեցող գործընթացներից և լուրջ վտանգ են տեսնում հրապարակում»,- հավելեց Մուսախանյանը։

«Ո՛չ թալանին» շարժումը բարձրաստիճան այս ոստիկանների վարքին ծանոթ է Բաղրամյանի ցույցերի օրերից։

«Ոչ մի տոկոս երաշխիք չկա, որ սահմանադրականի հետ կապված Երանոսյան Լյովան օրենքի շրջանակներում ինչ-որ բան կանի, քանի որ բազմիցս բոլորս էլ տեսել ենք թե իր լեքսիկոնը, թե իր շփվելը որպես պաշտոնյա՝ քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների հետ։ Այդ մակարդակի, այդ կատեգորիայի մարդը չի կարող ապահովել նման պաշտոնում ինչ-որ գործի իրավաչափություն»,- կարծում է նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդը հիշեցնում է՝ ոստիկանական բռնությունների հեղինակները ոչ միայն անպատիժ մնացին, այլև կոչումների, պարգևների, պաշտոնների բարձրացումների արժանացան.- «Ուզում են ցույց տալ, որ իրենց մոտ անպատժելիություն է։ Դրանով նաև ցույց են տալիս՝ այն պրոցես, որ եղավ «Ո՛չ թալանին»-ի դեպքում, շարունակվելու է նաև այս դեպքում։ Դրան է տանում նաև ցուցարարների դեմ քրեական գործի վերաբացումը, այսինքն այս պահին բոլոր գործողությունները տանում են նրան, որ պայքարող մարդիկ ավելի քիչ դուրս գան փողոց կամ դուրս չգան»։

Ժաննա Ալեքսանյանի գործադրած ջանքերը արդյունք չտվեցին, ոչ ազատամարտիկներին ոչ էլ լրագրողներին ծեծելու, մասնագիտական սարքերը կոտրելու գործերով Լևոն Երանոսյանը պատասխանատվության չենթարկվեց։

«Կադրերը կան, որտեղ նա ասում է՝ ջարդեք։ Լյովա Երանոսյանը պետք է հեռացվեր պաշտոնից, ոչ թե գլխավորեր ինչ-որ շտաբ։ Ակնհայտ է, որ այս անձինք իրենց ամբողջ ներուժը դնելու են, որպեսզի մարդկանց բռնի ձևով թույլ չտան իրենց իրավունքները իրացնել։ «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքն է գործում այստեղ»,- ասաց իրավապաշտպանը։

Հակադարձելով այս դժգոհություններին՝ իշխող Հանրապետականի պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասում է՝ հակառակը, շտաբը ստեղծվել է օրինախախտումները կանխելու համար․ - «Որպեսզի էլ ավելի մեծ վերահսկողություն լինի, որպեսզի խախտումներ չլինեն, կարծում եմ՝ սա նորմալ է, նաև դրական է, պետք չէ այլ բան փնտրել, պետք է ողջունել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG