Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ-ի կյանքը «կարելի է երկարացնել ընդհուպ մինչև 30 տարի»


Նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանն այսօր հայտարարեց, թե Հայկական ատոմակայանի կյանքը կարելի է երկարացնել շատ ավելի, քան նախատեսված տասը տարին:

Պետրոսյանը, ով միաժամանակ Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն է, վկայակոչելով միջազգային փորձը, ընդգծեց, որ Հայկական ԱԷԿ-ի նման կայանների կյանքը հնարավոր է երկարացնել ընդհուպ մինչև 30 տարի:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ՀԱԷԿ-ի կյանքը կերկարաձգվի նաև 2027 թվականից հետո, ասենք, ևս քսան տարով՝ եթե մինչև այդ նորի կառուցման համար միջոցներ չհայթայթվեն, Վահրամ Պետրոսյանը պատասխանեց․ - «Ես չեմ կարծում, որ քսան տարով․․․ Ես կարծում եմ, որ հինգ տարին վստահ կարող եմ ասել: Անձամբ իմ կարծիքն է սա»:

Պաշտոնամուտից կարճ ժամանակ անց՝ 2008-ի հոկտեմբերին, Ազգային ժողովին հղած ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց․ - «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»:

Սակայն յոթ տարի անց՝ 2015-ին, սկսվեցին Մեծամորի ԱԷԿ-ի միայն վերանորոգման աշխատանքները, որոնց արդյունքում նախատեսվում է ատոմակայանի կյանքը երկարաձգել ևս տասը տարով՝ մինչև 2027 թվականը:

Հայաստանի իշխանությունների ներկայացմամբ, այդ ժամանակահատվածը պետք է օգտագործվի նոր ԱԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ միջոցներ հայթայթելու համար:

Այսօր Երևանում Հայաստանի նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական նիստն էր, որի ընթացքում Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերանորոգման աշխատանքները արվելու են երկու փուլով՝ նախ հետազոտվելու են ատոմակայանի համակարգերը, սարքավորումները, երկրորդ փուլում փոխարինվելու են հնացածները. - «Առաջին փուլի մասով արդեն ավարտվել են 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների հետազոտությունները: Առաջին փուլի զեկույցը կավարտվի 2016 թվականի մարտին: Զուգահեռաբար սկսվել է երկրորդ փուլի աշխատանքը: Հուսով ենք, որ չնայած սեղմ ժամկետներին, ռուս փորձագետները, ավելի ակտիվորեն ներգրավելով հայ փորձագետների, պահանջվող ժամկետներում որակով կիրականացնեն աշխատանքի ամբողջ ծավալը»:

Նոյեմբերի 5-ին կլրանա հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերագործարկման 20 տարին: Ընդ որում, այն ժամանակ ատոմակայանը շարք մտավ վեց տարվա ընդմիջումից հետո:

Գերմանացի աշխարհահռչակ պրոֆեսոր, Հայաստանի նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին այսօր խնդրեցին գնահատել Հայկական ատոմակայանի անվտանգության աստիճանը:

«Հայկական ԱԷԿ-ը բացարձակապես անվտանգ է: Այն անվտանգ է՝ համեմատած նույն տիպի այլ կայանների անվտանգության մակարդակի հետ: Հայաստանում տևական ժամանակ իրականացվել են ԱԷԿ-ի անվտանգության բարելավման աշխատանքներ», - վստահեցրեց Բիրկհոֆերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG