Հալեպահայերն ահազանգում են՝ չորս օր է ինչ քաղաքը գտնվում է պաշարման մեջ։ Տեղում տպագրվող «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջում նշվում է՝ «քաղաքը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Խանասերը շարունակում է փակ մնալ»։
Իշխանությունները հայտարարում են, թե կառավարական բանակն այս օրերին զբաղված է զինյալների կողմից ականապատված ճանապարհը մաքրելով։
Հալեպցիներն, այդ թվում և հայերը, շունչները պահած սպասում են ճանապարհի բացմանը, «Ազատության» հետ հեռախոսազրույցում այսօր ասաց պատերազմի թոհուբոհի մեջ մնացած Մայդա Բակկալյանը։
«Ճամփաները գոց են, գիշերը ճամփայի երկու կողմերը պայթեցուցիչներ դրեր են, անոնք կմաքրեն։ Ահագին գեշ կռիվներու մեջ են, բայց գրել են այսօր թերթերը, որ վաղը պիտի բանան ճամփան։ Բեյրութի ճամփան, Դամասկոսին ճամփան, որ Հալեպը դուրս կհանե, արդեն երեք օր է գոց է»,- փոխանցեց Բակկալյանը։
Ավելի քան 4 տարի շարունակվող պատերազմից քարուքանդ Հալեպում պաշարումից հետո, ըստ տեղաբնակների, ոչ ջուր կա, ոչ էլ էլեկտրաէներգիա։ Թե մեկը, թե մյուսը մատակարարող համակարգերը, ըստ սիրիահայ կնոջ, ընդդիմադիրների հսկողության տակ են։
«Վառելանյութ չկա, գազ չկա, բանջարեղենը շատ սուղ է, լոլիկի կիլոն 800 եղավ, վարունգի կիլոն հազար եղավ, բայց գնողը ո՞վ է։ Չորս օր է հոսանք չկա, քանի որ զարնված է կայանը»,- ասաց հալեպահայ կինը։
Սիրիահայ համայնքը դեռ հույսեր է կապում, որ երկրում ռուսական զորքերի սկսած գործողություններից հետո իրավիճակը կկայունանա։ Հայոց առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանն ասում է, որ խաղաղության հույս ունեն։
«Մենք կտեսնենք, որ խաղաղության դրվածքը ավելի մարմին առած է։ Մեզի համար դա արդեն հուսադրիչ է։ Հետևաբար, այն, ինչ կխոսվի, մանավանդ լրատվական կողմերեն կներկայացվի այս կամ այն կողմերու հաջողությունները, մեզի հույս կներշնչեն առաջիկա հանգրվանի»,- ասաց Ռեիսյանը։
Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված Հրայր Ակվիլյանը հեռվից հեռու հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին, կարծում է, որ հայկական համայնքը չեզոք դիրք պետք է գրավի։
«Ոչ ոքի վրա մենք չենք կարող հույսեր կառուցել։ Երազով չապրինք, ավելի իրապաշտ ըլլանք, արդեն չորրորդ տարին է, որ մենք Հալեպեն դուրս ենք և դեռ հույսեր կդնենք երազային լուծումներու։ Եթե լուծումը ըլլա, բոլորս ալ, բացի ինծմե, հավանաբար ետ կգնան Հալեպ, բայց չեմ կարծե, որ այդ լուծումը շատ մոտ ատենեն պիտի ըլլա»,- ասաց Ակվիլյանը։
Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 16 հազար սիրիահայ։