Մատչելիության հղումներ

Բրեդլի Բուզետո. Հայաստանից արտագաղթում են, քանի որ «ապագայի հեռանկարներ չեն տեսնում»


Արտագաղթը լուրջ խնդիր է, և կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները լուծեն այդ հարցը, «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում այսօր հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետոն։

«Արտագաղթը իրական խնդիր է Հայաստանում: Հայաստանը միակ երկիրը չէ, որ նման խնդրի առաջ է կանգնած: Այս տարածաշրջանի այլ երկրներ նույնպես այս խնդիրն ունեն: Եվ անկեղծ ասած, այս խնդիրը միայն տնտեսությամբ չի պայմանավորված: Այդ մարդիկ իրենց հասարակության մաս չեն զգում, նրանք իրենց ապագայի հեռանկարներ չեն տեսնում: Դա, ինչ-որ առումով, ավելի խորը խնդիր է», - նշեց Բուզետոն՝ հավելելով. - «Սա բարդ խնդիր է, և կարծում եմ` մենք պետք է հարցի լուծմանը մոտենանք տարբեր կողմերից, պետք է պայմաններ ստեղծվեն ոչ միայն տնտեսության զարգացման, այլ նաև սոցիալական զարգացման համար»:

Միգրացիայի հետ կապված խնդիրների համատեքստում Բրեդլի Բուզետոն կարևոր համարեց հիշատակել ներգաղթողներին, նշելով, որ բացի հայաստանցիներից, ովքեր ժամանակին հեռացել են և այժմ վերադառնում են, կան նաև շուրջ 17 հազար սիրիահայեր, ովքեր եկել են Հայաստան։

«ՄԱԿ-ը մեծ աջակցություն է ցուցաբերել նրանց, իհարկե՝ Հայաստանի իշխանություններին տրվող աջակցության տեսքով: Այդ աջակցությունը ներառում է ծածկ՝ բնակարանային վարձի փոխհատուցումներ, մասնագիտական վերապատրաստում և այլն: Թեև հետազոտություններ չեն արվել, սակայն կարող եմ ասել, որ ինչ-որ առումով սիրիահայերի ներգաղթը խթանել է տնտեսությունը և ձեռնարկատիրական ոգին», - նշեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։

«Ես համաձայն եմ, որ արտագաղթը լուրջ խնդիր է և կարևոր է, որ իշխանությունները լուծեն այդ հարցը: Եվ նրանք այս առումով համագործակցում են ՄԱԿ-ի և այլ գործընկերների հետ: ՄԱԿ-ը՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության միջոցով, ինչպես նաև այլ կազմակերպություններ օգնում են ներգաղթը խրախուսելու հարցում՝ փորձելով հեշտացնել այդ մարդկանց վերադարձը», - հավելեց նա։

Բրեդլի Բուզետոն անդրադարձավ նաև կոռուպցիայի խնդրին, նշելով, որ Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումներում հայտնում են իրենց մտահոգությունները։

«Որպեսզի հարցը ենթատեքստի մեջ դիտարկենք, պետք է նշենք, որ ցանկացած երկիր ունի կոռուպցիայի հետ կապված խնդիր, և այնպես չէ, որ Հայաստանը միակն է», - նշեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը, - «Հայաստանի դեպքում կոռուպցիայի խնդիրը ավելի ցավոտ է, քանի որ սա դեռ զարգացող տնտեսություն է, փոքր երկիր է և սահմանափակ հնարավորություններ ունի իր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով»:

Պատրաստակամություն հայտնելով անել հնարավորը՝ աջակցելու համար կառավարության հակակոռուպցիոն ջանքերին, Բրեդլի Բուզետոն կարծիք հայտնեց, որ որոշակի դրական քայլեր արվում են:

«Տեսնում ենք, որ կառավարությունը հայտարարել է շատ տեսանելի Հակակոռուպցիոն խորհրդի և հակակոռուպցիոն ռազմավարության ստեղծման մասին: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում այս ջանքերին և հույս ունենք, որ սա կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ քայլ կհանդիսանա», - նշեց նա։

Ստորև տեղադրված տեսանյութում կարող եք դիտել ամբողջական հարցազրույցը Բրեդլի Բուզետոյի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG