Մատչելիության հղումներ

Վարչապետ. Հաջորդ շաբաթ պարզ կլինի, թե ով կգլխավորի հանրաքվեի քարոզչական շտաբը


Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հովիկ Աբրահամյան, արխիվ

Թեև արդեն մեկ շաբաթ է պաշտոնապես մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, մայր օրենքի փոփոխությանը կողմնակից կամ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը քարոզչության հիմնադրամ չի բացել։

Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնած Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունում առայժմ չեն որոշել, թե ով է գլխավորելու Հանրապետականի «այո»-ի քարորզարշավը։ Սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ բանում վստահ է՝ ձևավորվելիք շտաբն առանց իրեն չի գործելու։

«Մենք կքննարկենք առաջիկայում կուսակցության գործադիր մարմնի նիստում և որոշում կկայացնենք։ Բայց որ անպայման ես իմ մասնակցությունն եմ ունենալու այդ գործընթացում, քննարկելու հարց չէ»,- ասաց վարչապետը։

Հովիկ Աբրահամյանը նախընտրական շտաբ գլխավորելու փորձառություն ունի։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին Հանրապետականի ցուցակը գլխավորող նախագահ Սերժ Սարգսյանը հենց նրան վստահեց այդ պաշտոնը, ու Աբրահամյանը ստիպված թողեց ԱԺ-ի նախագահի աթոռը։ Հովիկ Աբրահամյանը չի բացառում՝ հիմա էլ կարող է գլխավորել հանրաքվեի շտաբը՝ այս անգամ, սակայն, չհրաժարվելով պաշտոնից։

«Օրենքի մեջ որևէ հակասություն չկա, մենք այդ հարցը կքննարկենք մանրակրկիտ, ամեն դեպքում դա չպետք է խանգարի կառավարության աշխատանքներին։ Այդ հարցը եկող շաբաթ կհստակեցվի։ Կարևոր է, որ դա կառավարության գործունեությանը չխանգարի»,- ասաց վարչապետը, իսկ հստակեցնող հարցին՝ գո՞ւցե ժամանակավոր հրաժարականի հարց դրվի,պատասխանեց.- «Եթե շեֆդ խնդրի, կարող ա»։

Թեև արդեն մեկ շաբաթ է պաշտոնապես մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, մայր օրենքի փոփոխությանը կողմնակից կամ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը քարոզչության հիմնադրամ չի բացել։

Խորհրդարանում թվով երկրորդ ամենամեծ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը» «այո-ի շտաբի և հիմնադրամի հարցերը կհստակեցնի քաղաքական խորհրդից հետո միայն։

«Այո»-ի մեկ այլ կողմնակից Դաշնակցությունն այսօր Գերագույն մարմնի նիստ է անցկացրել։ Սակայն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ազատությանը» փոխանցեց՝ հարցերին կպատասխանեն վաղը։

«Ոչ»-ի ճամբարում ևս առայժմ հստակություն չկա. Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է վաղը կայանալիք վարչության նիստի ընթացքում նախընտրական շտաբ ձևավավորել։ Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը չի պատրաստվում քարոզարշավի շտաբ հիմնել։ Ակտիվիստներն այդ հարցում նախապատվությունը տալիս են քաղաքական ուժերին։

«Մենք կարծում ենք՝ ավելի ճիշտ կլինի, որ «Ոչ»-ի դաշտից շտաբը ֆորմալ առումով ձևավորեն այն ֆրակցիաները, որոնք մտնում են «Ոչ»-ի շարժման մեջ։ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը Ֆորմալ առումով չի լինի շտաբի ստեղծող, և կարծում եմ, չի լինի հիմնադրամ բացող, բայց մենք կլինենք կարևոր դերակատար «Ոչ»-ի շտաբի համար»,- ասաց Արշակ Մուսախանյանը։

Սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող ուժերից առայժմ միասնական շտաբ են ձևավորել միայն Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունն» ու Ժիրայր Սեֆիլյանի «Հիմնադիր խորհրդարանը»։ «Նոր Հայաստան» անվանումը կրող այս շտաբում գործողություններ սկսելու օր դեռ չեն որոշել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG